Հա

Մշակոյթ

14/08/2019 - 13:40

Օձաբերդում հնագէտները ուրարտական շրջանի եզակի կառոյց են գտել

Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Արծւանիստ գիւղերի միջեւ գտնւող Օձաբերդ ամրոցի պեղումների արդիւնքում յայտնաբերւել է թեքահարթակ, իլիկի գլուխներ, սափոր, ախոռ, գարու ածխացած հատիկներ, կենդանական ոսկորներ եւ կարասային թաղումներ։

«alikonline.ir» - Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Արծւանիստ գիւղերի միջեւ գտնւող Օձաբերդ ամրոցի պեղումների արդիւնքում յայտնաբերւել է թեքահարթակ, իլիկի գլուխներ, սափոր, ախոռ, գարու ածխացած հատիկներ, կենդանական ոսկորներ եւ կարասային թաղումներ։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում պատմեց Օձաբերդի հնագիտական արշաւախմբի ղեկավար Միքայէլ Բադալեանը։

Օձաբերդը հնագէտների ուշադրութեան կենտրոնում է հիմնականում այն պատճառով, որ այդ ամրոցում է գտնւում Ուրարտուի արքայ Ռուսա Ա-ի սեպագիր արձանագրութիւնը.

«Մեզ համար շատ կարեւոր է հասկանալ, թէ Ռուսա Ա-ից յետոյ ի՞նչ եղաւ Մեծ Սեւանի աւազանում, ուրարտացիները մնացի՞ն։ Կարեւոր է հասկանալ, թէ Ուրարտական տէրութեան անկումից յետոյ ի՞նչ եղաւ Օձաբերդի հետ»,- ասաց նա։

Արշաւախմբի ղեկավարն ասաց, որ ամրոցի պեղումները սկսւել են դեռեւս 2014 թւականից, արդիւնքները ոգեւորիչ են եղել. «Մենք այստեղ ֆիքսեցինք ուշուրարտական եւ յետուրարտական ժամանակաշրջանի մի շարք կառոյցներ։ Գտանք արտաքին բնակավայրը, ֆիքսեցինք առաջին կառոյցները։ Անցած տարի մենք բացեցինք 2 մետրանոց պատերով կանոնաւոր ճարտարապետութեամբ կառոյցներ, որոնք եզակի են Սեւանի աւազանում»։

Նրա խօսքով՝ Օձաբերդում հնագէտների ամենակարեւոր ձեռքբերումներից է միջնաբերդի պատերին կից թեքահարթակի յայտնաբերումը. «Նման թեքահարթակները յատկապէս բնորոշ են  խեթական ճարտարապետութեանը։ 30 աստիճան թեքահարթակը զգալիօրէն բարձրացնում է միջնաբերդի պաշտպանւածութիւնը եւ տալիս էսթետիկ տեսք»։

Հնագէտները միջնաբերդի թեքահարթակի վերնամասում դրել են ստուգողական փոսորակ, որպէսզի փորձեն հասկանալ թեքահարթակի եւ պարսպաշարի շերտագրական եւ ժամանակագրական յարաբերակցութիւնը, որովհետեւ ամրոցում կայ պատ, որը կառուցւած է աւելի վաղ փուլի աղիւսաշարի վրայ:

«Տնտեսական նշանակութեան կառոյցներից յայտնաբերել ենք իլիկի գլուխներ, սափոր, ենթադրում ենք, որ ամրոցի կառոյցներից մէկը որպէս ախոռ է ծառայել, որովհետեւ այն իր կառուցւածքով շատ նման է այժմ էլ շատ գիւղերում առկայ ախոռներին: Բացի այդ, այնտեղից գտանք գարու բազմաթիւ ածխացած հատիկներ եւ կենդանական ոսկորներ։ Արտաքին բնակավայրում յետուրարտական ժամանակաշարջանի պարսպաշարին կից բացւել են խմբային եւ կարասային թաղումներ»,- ասաց Միքայէլ Բադալեանը։

Նա յաւելեց, որ հնավայրում աշխատում է 3 հնագէտ, որոնք առայժմ կենտրոնացած են ամրոցի մի հատւածում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։