Print this page
22/08/2019 - 09:30

ԻՒՆԵՍԿՕ-ն հասաւ Գիւմրի. կառոյցի մասնագէտները հայրաքաղաքում են

ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութիւնները վաւերացնող մասնագէտները Գիւմրիում տեխնիկական ուսումնասիրութիւններ կանցկացնեն։ Սա Գիւմրին ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան ցանկում ընդգրկելու առաջին քայլերից է։

«alikonline.ir» - ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութիւնները վաւերացնող մասնագէտները Գիւմրիում տեխնիկական ուսումնասիրութիւններ կանցկացնեն։ Սա Գիւմրին ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան ցանկում ընդգրկելու առաջին քայլերից է։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Առաջին անգամ Գիւմրիում գտնւող ԻՒՆԵՍԿՕ-ի Մշակոյթի տնօրինութեան արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հակազդման ստորաբաժանման ներկայացուցիչները տպաւորւած են 19-րդ դարի կառոյցներով։ Այդ մասին լրագրողների հետ զրոյցում յայտնեց ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին:

«Մենք տպաւորւած ենք 19-րդ դարի կառոյցներով, որոնք իրենց մէջ կրում են աւելի վաղ շրջանի տարրեր: Այդ խառնուրդն է շատ հետաքրքիր»,- ասաց նա:

Տեխնիկական ուսումնասիրութիւն իրականացնող մասնագէտները նշեցին, որ քաղաքի պատմական միջուկի շինութիւնները լուրջ վնասւածքներ ունեն, մի քանիսն անգամ փլւած են, բայց յորդորեցին չանհանգստանալ:

«Գիւմրու պատմական միջուկն ընդհանուր կառուցւածքով լաւ վիճակում է: Դա առաջին տպաւորութիւնս է: Բայց կան նաեւ կառուցւածքային թոյլ կողմեր: Խնդիրը հիմնականում այդ կառուցւածքային էլեմենտների կապի մէջ է: Իմ տպաւորութիւնն այն է, որ երբ ժամանակը գայ կարողանալու ենք հեշտութեամբ կարգաւորել խնդիրը»,- ասաց Բոկկարդին:

Նրանք երէկ հանդիպեցին Գիւմրու քաղաքապետ Սամուէլ Բալասանեանի հետ, եւ նշեցին, որ որպէսզի քաղաքն ընդգրկւի ԻՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգութեան ցանկում այն պէտք է ունենայ բացառիկ արժէքներ, որոնք հայկական կողմը պէտք է հիմնաւորի եւ առաջինը Գիւմրին ընդգրկի Հայաստանի պատմական ժառանգութեան նախնական ցանկում, որից յետոյ կը կատարւի գնահատում:

«Համաշխարհային այս կառոյցի ցանկում ընդգրկւելը երկարատեւ գործընթաց է։ Ընդհանուր առմամբ, ԻՒՆԵՍԿՕ-ի անւանական փաթեթը հաստատելը մօտ 4 տարի կը տեւի»,- նշեցին նրանք:

Sputnik Արմենիայի հարցին, թէ ինչ կը տայ Գիւմրիին համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկւելը, պատասխանատուն նշեց` ճանաչելիութիւն, որն էլ իր հերթին զբօսաշրջիկների թիւը կաւելացնի, որոշակի տնտեսական աճ կարձանագրի, բայց դա նաեւ մեծ պարտաւորութիւն կը լինի երկրի ու քաղաքի համար:

«Այդ պարտաւորութիւններից են օրինակ` քաղաքային կառուցապատումների մասին սահմանափակումները, յաջորդ պարտաւորութիւնը վերաբերում է մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներին: Այսինքն` թէ որքան մարդ եւ որքան ֆինանս է անհրաժեշտ տւեալ պատմամշակութային ժառանգութիւնը պահպանելու համար»,-բացատրեց ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը:

Իսկ որքանո՞վ է հաւանական, որ Գիւմրին կը դառնայ ԻՒՆԵՍԿՕ-ի անդամ, պատասխանատուն դժւարացաւ պատասխանել: «Այս պահին կը խուսափեմ որեւէ բան ասել, որովհետեւ դեռ մէկ օր եմ այստեղ, բայց պէտք է նշեմ, որ Գիւմրին հարուստ է պատմամշակութային ժառանգութեամբ եւ առանձնայատկութիւններով»,- ասաց նա։

Նշենք, որ պատմամշակութային ժառանգութեան ցանկում որեւէ քաղաք ընդգրկելու որոշում միջկառավարական կոմիտէն է, որտեղ ներկայացւում է անւանակարգային փաթեթը։ Կոմիտէն ունի 21 անդամ:

Յիշեցնենք` արդէն երկրորդ օրն է ինչ ԻՒՆԵՍԿՕ-ի Մշակոյթի տնօրինութեան արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հակազդման ստորաբաժանման ներկայացուցիչները Գիւմրիում են: Նրանք հանրապետութեան երկրորդ քաղաքում են պատմական կառոյցների անվտանգութեան ու սէյսմոկայունութեան աստիճանը բացայայտելու ու անվտանգութեան քայլերը մշակելու նպատակով: Նրանք այստեղ կը մնան եւս երկու օր, տեղի մասնագէտների հետ կը մշակւի ուղեցոյց՝ քայլ առ քայլ ներկայացնելով տւեալ կառոյցների պահպանման տեխնիկական նկարագիրն ու անվտանգութեան նորմերի փաթեթը:

Յարակից լուրեր