Հա

Մշակոյթ

31/08/2019 - 14:10

Տեղի ունեցաւ թեհրանահայ ռաքերների հերթական փառատօնը՝ «Չհարմահալ»-ում

Թեհրանահայ ռաք խմբերի մասնակցութեամբ տեղի ունեցաւ հերթական ռաք փառատօնը՝ «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան»-ի բեմից:

«ԱԼԻՔ» - Թեհրանահայ ռաք խմբերի մասնակցութեամբ տեղի ունեցաւ հերթական ռաք փառատօնը՝ «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան»-ի բեմից:

«Ռաք-ֆեստ» փառատօնին մասնակցած՝ «Էքոյինաքս», «Անդորր» եւ «Scions of selardi» խմբերի կատարմամբ հնչեցին ինչպէս՝ համաշխարհային համբաւ վայելող խմբերի, նոյնպէս էլ ինքնուրոյն ստեղծագործութիւններ:

Խմբերից՝ «Անդորր»-ի անունից Անի Արզումանեանն ու Գէորգ Խաչատրեանը յայտարարեցին, որ սա խմբի վերջին համերգն էր Թեհրանում, քանի որ խմբի հիմնադիրները պատրաստւում են մեկնել Հայաստան: Խումբ, որն իրանահայ ռաքի ասպարէզում եղել է առաջիններից, որը միախառնելով ռաքի ու դասականի տարրերը, ինչպէս նաեւ սեփական երգերի կատարումներով ստեղծել է իր ուրոյն ոճը սիմֆոնիկ-ռաք ժանրում:

Իր ինքնատիպութեամբ «Scions of selardi» (Սելարդիի (Ուրարտական աստւածուհի) որդիներ) խումբը հէնց այն էր, որով հնարաւոր է ձեռնոց նետել (լաւ իմաստով) Իրանի մակարդակով տեղական հանրայայտ խմբերին: Նման բան ասելու համարձակութիւնը հէնց կարող էր տալ միայն Անդրէ Խաչիկեանի (լիդ գիթառ, Գերեհ եւ Քաւէ Աֆաղի խմբից եւ արդէն իսկ Իրանի սահմաններից դուրս ճանաչւած արւեստագէտ), Վահիկ Մարգարեանի (վոկալ), Քրիստոֆեր Ամիրեանի (բաս գիթառ), Նարեկ Աւետեանի (ռիթմ գիթառ), եւ Էրւին Մարտիրոսեանի (հարւածային գործիքներ) ներկայութիւնը: Ի դէպ նշւածներից վերջին երկուսը հանդիսանում են մէկ այլ խմբի «Աւարայր»-ի համահիմնադիրները:

Մեզ հետ զրոյցի ընթացքում Անդրէ Խաչիկեանը իր ուրախութիւնը յայտնեց, որ թեհրանահայ ռաքերները պատրաստ են սեփական միջոցներով սուբսիդաւորել նման երեկոների կազմակերպումը, որտեղից ոչ միայն շահոյթ չես ապահովի, այլ պէտք է ինքդ փակես միջոցառման ծախսերը:

Նա յաւելեց, որ խմբերին համապատասխան որակ արձանագրելու համար անհրաժեշտ է ունենալ միութիւնների հովանաւորութիւնը, ինչի պակասը, յատկապէս վերջին շրջանում, աւելի շատ է զգացւում:

Յիշեցնենք, որ նշւած խմբերի ու անդամների կատարմամբ 2019 թւականի մարտ ամսւայ ընթացքում «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցների աջակցութեամբ տեղի ունեցաւ «Յանուն բարեկեցիկ կրթօջախի» բարեգործական համերգը, որից գոյացած հասոյթն ամբողջութեամբ տրամադրւեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։