Հա

Մշակոյթ

11/09/2019 - 08:00

Ամազոնեան անտառի կենտրոնական հատւածում գիտնականները խոշոր հնագիտական համալիր են յայտնաբերել

Բրազիլացի գիտնականները հնագիտական առարկաների խոշոր համալիր են յայտնաբերել Կենտրոնական Ամազոնիայում:

«alikonline.ir» - Բրազիլացի գիտնականները հնագիտական առարկաների խոշոր համալիր են յայտնաբերել Կենտրոնական Ամազոնիայում: Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը՝ յղում անելով տեղի աղբիւրին, գիտնականների կարծիքով՝ նախքան եւրոպացիների ժամանումը այդ տարածքում բազմաթիւ հնդկացիներ են բնակւել:

Հնագէտները յայտնագործութիւնն արել են Տեֆէ ազգային պարկի խորքերում Սոլիմոյնս գետի միջին հոսանքներում արշաւ իրականացնելիս: Մէկ ամսւայ ընթացքում 40 մասնագէտ ուսումնասիրել է նախակոլումբոսեան ժամանակաշրջանի 5 բնակավայր: Նրանց օգնելու են եկել նաեւ Ամազոնի այդ վտակի ափամերձ հատւածների բնակիչները:

Մասնագէտների խօսքով՝ գտածօները պատկանում են թէեւ միմեանց հետ կապ ունեցող, սակայն ամբողջովին տարբեր բնակավայրերի, որոնցից իւրաքանչիւրն իր պատմութիւնն է ունեցել:  

Գտնւած իրերը վկայում են այն մասին, որ նախքան 1500 թւականը, երբ ժամանակակից Բրազիլիայի տարածք են հասել պորտուգալացի գաղութարարները, ամազոնեան անտառներում բնակւել են բազմաթիւ բնիկ ժողովուրդներ:

Պեղումների ժամանակ հնագէտները յայտնաբերել են աճիւնասափորներ, կերամիկական սպասք, տարածաշրջանին բնորոշ գիւղատնտեսական մշակաբոյսերի սերմեր: Դրանցից մի մասի տարիքը, նախնական գնահատումներով, կարող է հասնել 2-3 հազար տարւայ:

Այդ վայրերում զարգացած քաղաքակրթութեան գոյութեան եւս մի ապացոյց գիտնականները համարում են բրազիլական ընկոյզի պուրակը, որը գետի ափերից տարածւում է դէպի անտառի խորքերը: Այդ մշակաբոյսի զարգացումը մեծապէս կապւած է մարդկային խնամքի հետ: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։