Հա

Մշակոյթ

22/09/2019 - 09:20

Շեփորից մինչեւ ՀՀ առաջին անձնագիրը. Անկախութեան եզակի սիմւոլները պատմութեան թանգարանում են

ՀՀ առաջին անձնագիրը տրւել է Վազգէն Առաջինին։ Նա անձնագրի վաւերականութեան ժամկէտը լրանալուց յետոյ այն նւիրել է Հայաստանի պատմութեան թանգարանին։

«alikonline.ir» - ՀՀ առաջին անձնագիրը տրւել է Վազգէն Առաջինին։ Նա անձնագրի վաւերականութեան ժամկէտը լրանալուց յետոյ այն նւիրել է Հայաստանի պատմութեան թանգարանին։

Առանց շեփորահար Աշոտ Միրզոյեանի շեփորի ձայնի («Ինչու է աղմկում գետը» ֆիլմի երաժշտութեան) ոչ մի հանրահաւաք չէր սկսւում, իսկ 1991–ի Անկախութեան հանրաքւէից առաջ հանրահաւաքները համախմբում էին հայ ժողովրդին։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում Հայաստանի պատմութեան թանգարանի նոր եւ նորագոյն պատմութեան բաժնի ղեկավար Սեդա Գալստեանը պատմում է, որ յայտնի շեփորը տարիներ առաջ Միրզոյեանը նւիրել է թանգարանին։

«Շեփորահարը մի օր այցելել էր թանգարան եւ նայում էր մեր ցուցադրութիւնները։ Անկախութեան օրն արւած լուսանկարներից մէկում նա ճանաչել էր իրեն` տանիքի վրայ կանգնած, յիշել այդ օրը։ Հէնց այդ ժամանակ էլ որոշեց, որ շեփորը պէտք է նւիրի թանգարանին»,- պատմեց Գալստեանը։

Նա նշեց նաեւ, որ ճակատագրի բերումով` Միրզոյեանն այժմ ԱՄՆ-ում է ապրում, սակայն յաճախ է այցելում Հայաստան եւ հէնց իրենց թանգարան։ Նա ասում է, որ շեփորի ձայնն է նրան հայրենիք կանչում։

Սեդա Գալստեանը նշեց, որ Հայաստանի պատմութեան թանգարանն ունի Երրորդ հանրապետութեան սրահ, որտեղ էլ պահւում է ինչպէս շեփորը, այնպէս էլ անկախութեան միւս սիմւոլները։ Գալստեանի խօսքով` այդ սրահ այցելողներին աւելի շատ հետաքրքրում է Անկախութեան հռչակագիրը, որտեղ 12 դրոյթներով նշւած է նորանկախ Հայաստանի «ճանապարհը»։

«Հռչակագրի առաջին կէտն է` «Հայկական ԽՍՀ-ն վերանւանւում է Հայաստանի Հանրապետութիւն: ՀՀ-ն ունի իր դրօշը, զինանշանը եւ հիմնը»: Հռչակագրի հէնց բնօրինակը` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի ստորագրութեամբ, նախագահականի աշխատակազմից նւիրեցին մեզ` ի պահ»,- ասաց տիկին Գալստեանը։

Ներկայացւած է նաեւ առաջին նախագահի գրիչը, որով ստորագրւել է հռչակագիրը, ինչպէս նաեւ անկախութեան հանրաքւէի քւէաթերթիկի նմուշ, որտեղ հանրութիւնը «Այո» կամ «Ոչ» ասելու ընտրութիւն ունէր։ Նշենք, որ ընտրութեան իրաւունք ունեցող քաղաքացիների 94 տոկոսից աւելին «Այո» էր ասել անկախանալու գործընթացին։

Պատմութեան թանգարանում եւս մէկ եզակի նմուշ է պահպանւում` անկախ Հայաստանի առաջին անձնագիրը, որը տրւել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինին։ Անձնագիրը թանգարանին Վազգէն Առաջինն է նւիրել, երբ դրա վաւերականութեան ժամկէտն անցել է։

Բացի այդ, ՀՀ-ի առաջին սիմւոլները` եռագոյնն ու զինանշանն են պահւում թանգարանում, ինչպէս նաեւ` Անկախութեան օրյայ էիշարժան դրւագներն անմահացրած մի շարք լուսանկարներ։ «Լուսանկարներից առանձնանում է մէկը, որտեղ Վազգէն Առաջինը Միւռոնօրհնէքի արարողութիւն է կատարում, այդ օրւայ Միւռոնօրհնէքի արարողութիւնը, ի դէպ, նւիրւած էր Անկախութեանը։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսաւորչի ժամանակներից ի վեր Սուրբ Միւռոնի օրհնութիւնը վերապահւում էր միայն Եկեղեցու նւիրեալ առաջնորդին` Ամենայն Հայոց կաթողիկոսին»,- ասաց նա:

Երրորդ հանրապետութեան սրահում հէնց Անկախութեան օրւան նւիրւած դասեր են յաճախ անցկացնում ինչպէս դպրոցականները, այնպէս էլ ուսանողները։

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հանրաքւէն անցկացւել է 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին։

Հանրաքւէին մասնակցելու իրաւունք ունեցող 2 մլն. 163 հազար 967 մարդուց քւէարկութեանը մասնակցել էր 2 մլն. 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95.5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քւէարկել 2 մլն. 42 հազար 617 մարդ, դէմ` ընդամենը 0.46 տոկոսը:

Հայաստանն անկախ հռչակւեց Գերագոյն խորհրդում հանրաքւէից երկու օր անց: Մէկ դարի ընթացքում սա Հայաստանի երկրորդ անկախութիւնն էր: Առաջինը 1918 թւականի մայիսին էր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։