Հա

Մշակոյթ

10/10/2019 - 10:00

Անիի աւերակներում յայտնաբերւել են միջնադարեան խեցեգործական նմուշներ

«Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթութիւնների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» եւ «քառասուն դարպասների քաղաք» անւանումներով յայտնի Բագրատունեաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները:

«alikonline.ir» - «Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթութիւնների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» եւ «քառասուն դարպասների քաղաք» անւանումներով յայտնի Բագրատունեաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները: Գրում է Ermenihaber.am-ը՝ յղումով Anadolu Ajansi-ին:

Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան թոյլտւութեամբ սեպտեմբերի 23-ից սկսւել են Անիի աւերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը եւ Կովկասի համալսարանի արւեստաբանութեան ամբիոնի վարիչ Մուհամմեթ Արսլանը: Պեղումներին մասնակցում են հնագէտներ, ճարտարապետներ եւ մարդաբաններ:

Պեղումները համակարգող Մուհամմեթ Արսլանը նշել է, որ աշխատանքներն իրականացւելու են 3 փուլով: Այս ընթացքում կատարւած աշխատանքների արդիւնքում յայտնաբերւել են միջնադարեան խեցեգործական նմուշներ: Անհրաժեշտ ուսումնասիրութիւնից յետոյ հնարաւոր է դրանք ցուցադրւեն:

Կարսի նահանգապետ Թուրքեր Օքսիւզը լրագրողներին տւած հարցազրոյցում ասել է, որ Անիի աւերակների պեղումները արդէն 120 տարի է, ինչ կատարւում են: Օքսիւզի փոխանցմամբ` իրենց նպատակն է եւս մէկ անգամ բացայայտել Անիի թէ պատմական եւ թէ մշակութային արժէքը:

Միջանկեալ նշենք, որ Անիի աւերակներում 1904 թ. պեղումներ է իրականացրել անւանի հայագէտ Նիկողայոս Մառը, որի յայտնաբերած հնագիտական գտածօներով հետագայում թանգարան բացւեց: Մինչ այդ քաղաքը գրեթէ չէր պեղւել:

Կարսի նահանգապետը յայտնել է նաեւ, որ 2017 թ. Անի է այցելել շուրջ 60.000 զբօսաշրջիկ, իսկ 2018-ին` 95.000 զբօսաշրջիկ: Յույս ունեն, որ այս տարի այցելուների աւելի մեծ թիւ են արձանագրելու:

Յիշեցնենք, որ Անիի աւերակները 2012 թ․ ներառւել են ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութեան ժամանակաւոր ցանկում, իսկ 2016 թ. յուլիսի 15-ին՝ ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։