Հա
15/04/2019 - 10:00

Ինչպէս 40 հայ որբեր Եթովպիայում կազմեցին կայսերական փողային նւագախումբը

Տարբեր աշխարհամասերում գտնւող, իրարից հազարաւոր կիլոմետրերով հեռու Եթովպիան եւ Հայաստանը կամրջւած են ոչ միայն հաւատքով, այլեւ երաժշտութեամբ: 40 հայ որբեր կազմել են Եթովպիայի կայսերական փողային նւագախումբը, իսկ հայազգի Գէորգ Նալբանդեանն էլ հեղինակել է Եթովպիայի պետական օրհներգը:

«alikonline.ir» - Հիմա կասէք` Եթովպիան ուր, Հայաստանն ուր... Թէ ինչպէս հայերը եթովպական երաժշտութեան պատմութեան մէջ յաւէրժացան`հերթով, կարգով պատմում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Մարիաննա Փայտեանը:

Տարբեր աշխարհամասերում գտնւող, իրարից հազարաւոր կիլոմետրերով հեռու Եթովպիան եւ Հայաստանը կամրջւած են ոչ միայն հաւատքով, այլեւ երաժշտութեամբ: 40 հայ որբեր կազմել են Եթովպիայի կայսերական փողային նւագախումբը, իսկ հայազգի Գէորգ Նալբանդեանն էլ հեղինակել է Եթովպիայի պետական օրհներգը:

Չկայ աշխարհի մի անկիւն, որտեղ թէկուզ մէկ հայ չապրի, չկայ մի ոլորտ, որում գոնէ մէկ հայ յաջողութեան հասած չլինի: Ինչպէս ասում են, այդ ամէնն, իհարկէ, լաւ օրից չի եղել` ջարդ ու կոտորած, ցեղասպանութիւն, հայրենազրկում, ընտանիքի կորուստ:

Օտարի երկիր մազապուրծ հասած հայերը ստիպւած են եղել ամէն ինչ զրոյից սկսել: Ցեղասպանութիւնից յետոյ Հայաստանում եւ տարբեր գաղթօջախներում հիմնւեցին որբանոցներ` ծնողներին կորցրած, մեծ ու դաժան աշխարհում մենակ մնացած հայ որբերին ժամանակաւոր տուն տալու համար: Արարատեան որբանոցը, որը սկզբնապէս Իրանում էր, այնուհետեւ Իրաքում, 1921-ին տեղափոխւեց Երուսաղէմ` տուն դառնալով գրեթէ 900 հայ որբերի համար:

1924 թ.-ին եւրոպական ուղեւորութեան ընթացքում Եթովպիայի վերջին կայսրը` Րաս Թաֆարի Մաքոննէն, (որն այդ ժամանակ դեռ պաշտօնապէս կայսր չէր, սակայն թագաժառանգն էր եւ երկրի փաստացի ղեկավարը) մեկնում է Շւէյցարիա՝ Ազգային լիգայում Եթովպիան ներկայացնելու համար։ Ճանապարհին այցելում է նաեւ Երուսաղէմ, լինում Հայոց պատրիարքարանում, որտեղ նրան դիմաւորում է Արարատեան որբանոցի 40-հոգանոց փողային նւագախումբը` «Ֆանֆարի խումբը»: Մոռացայ ասել, որ մինչ այդ նախորդ տարի Երուսաղէմում էր եղել Թաֆարի կայսեր կինը, որին ճամփորդութեան ընթացքում ուղեկցում էր Եթովպիայում բնակութիւն հաստատած հայազգի Արաքսին, թերեւս հէնց նրա առաջարկով Եթովպիայի կայսրուհին այցելում է հայկական թաղամաս, հիւրընկալւում Արարատեան որբանոցում:

Արաքսին յիշողութիւններում պատմում է, թէ որքան էր բարձրաստիճան տիկինը յուզւել մանուկներին տեսնելով, նրանց պատմութիւնները լսելով, անգամ խոստացել էր առաջին իսկ հնարաւորութեան դէպքում նրանց հիւրընկալել Եթովպիայում: Հայ մանուկներով տպաւորւած կնոջ առաջարկով եւ խնդրանքով էլ կայսրն այս անգամ այցելում է Երուսաղէմ: Երաժշտասէր փոքրիկների կատարումն այնքան է դուր գալիս կայսր Թաֆարիին, որ նա դիմում է հայոց պատրիարք Եղիշէ Դուրեանին, ցանկութիւն յայտնում որդեգրել փոքրիկներին եւ իր հետ տանել Եթովպիա` խոստանալով հոգ տանել որբերի մասին, նրանց ապահովել սնունդով, կացարանով, անհրաժեշտ բոլոր պայմաններով: Իսկ, քանի որ որբանոցում տեղի խնդիր կար, եւ սա հնարաւորութիւն էր, որպէսզի գոնէ այդ 40 որբերն ընտանեկան ջերմութիւն գտնէին, հայոց պատրիարքն ու որբանոցի ղեկավարութիւնը համաձայնում են:

1924-ի սեպտեմբերի 6-ին հայ մանուկներն ու նւագախմբի ղեկավարը՝ Գէորգ Նալբանդեանը, (Գ. Նալբանդեանն էր ստեղծել հայ որբերի փողային նւագախումբը, եւ հէնց նրան 2 տարի յետոյ կայսրը խնդրում է գրել Եթովպիայի առաջին ազգային օրհներգը) արդէն Ադիս Աբեբայում էին: Ժամանման յաջորդ օրը կայսրն ընդունում է երեխաներին ու նրանց ասում. «Դուք իմ զաւակներն ենք, ոչ մի բանի համար մի անհանգստացէք, ես ձեր մասին հոգ կը տանեմ իմ զաւակների նման»:

Այսպիսով, 40 հայ որբ ձեւաւորում են Եթովպիայի կայսերական փողային նւագախումբը, որը կոչում են «Աբպա լիճոճէ» (ամհարերէնից` Եթովպիայի պետական լեզւից թարգմանաբար նշանակում է «Քառասուն մանուկներ»):

1925 թ.-ին Ամանորի առիթով կազմակերպւած երեկոյթի ժամանակ «Աբպա լիճոճէ» - ը բարեգործական ելոյթ ունեցաւ` ամբողջ հասոյթը տրամադրելով ՀԲԸՄ որբանոցների սաներին: «Ձեր ցուցաբերած բացառիկ լոյալութիւնը երկրի նկատմամբ խորապէս յուզել է ինձ: Ես հպարտ եմ, որ հայասէր եմ: Դա մեր ընտանեկան մօտեցումն է. hայրս նոյնպէս հայասէր էր: Ես ձեզ սիրում եմ ոչ միայն որպէս այս երկրի քաղաքացիների, իմ ենթակաների, այլեւ նրա համար, որ հայերը միշտ ջերմ են վերաբերւել Եթովպիային: Այսօր դուք լիովին ցուցաբերում էք Ձեր ջերմութիւնը, ինչպէս յարիր է միեւնոյն ժողովրդի զաւակներին»,- այսպիսին էր կայսեր դիրքորոշումը հայ մանուկների ու հայերի հանդէպ:

1930 թ.-ի նոյեմբերի 2-ին` կայսեր թագադրման արարողութեան ժամանակ (կայսրը ստացաւ Հայլէ Սելասիէն պատւանունը) հէնց «Աբպա լիճոճէ» նւագախումբը կատարեց Եթովպիայի ազգային օրհներգը:

Եթովպացի եւ օտար երաժշտագետների կարծիքով՝ «Աբպա լիճոճէն» կարեւոր նշանակութիւն է ունեցել առհասարակ Եթովպիայում ազգային երաժշտութեան զարգացման, երաժշտական նոր ուղղութիւնների եւ մօտեցումների ստեղծման համար

Յ. Գ. 1936-1941 թթ., երբ ֆաշիստական Իտալիան նւաճեց Եթովպիան, նւագախումբը ցրւեց: Պատերազմից յետոյ թէ՛ Գէորգ Նալբանդեանը, թէ՛ նւագախմբի մասնակիցների մեծ մասը շարունակեց իր երաժշտական գործունէութիւնը Եթովպիայում, իսկ  օրինակ, «Աբպա լիճոճէի» անդամներից Կարապետ Հաքալմազեանը դեռ իտալացիների օկուպացիայի տարիներին` 1928-ից, ղեկավարեց մայրաքաղաքի ոստիկանական նւագախումբը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։