Հա
20/07/2019 - 09:50

Գլեդիս Բերեջիքլեանը յուսով է` Աւստրալիան մօտ ապագայում կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը

Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիքլեանը չորրորդ անգամ է Հայաստանում: Այս անգամ այցը մասնաւոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի եւ նախագահի հետ: «Արմէնպրես»-ը Գլեդիս Բերեջիքլեանի հետ զրուցել է առաջիկայ ծրագրերի, Նոր Հարաւային Վելզ նահանգի հայ համայնքի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ այլ թեմաների շուրջ:

«alikonline.ir» - Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիքլեանը չորրորդ անգամ է Հայաստանում: Այս անգամ այցը մասնաւոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի եւ նախագահի հետ: «Արմէնպրես»-ը Գլեդիս Բերեջիքլեանի հետ զրուցել է առաջիկայ ծրագրերի, Նոր Հարաւային Վելզ նահանգի հայ համայնքի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ այլ թեմաների շուրջ:

 

- Տիկին Բերեջիքլեան, 2019 թ. մարտի 23-ին Նոր Հարաւային Վելզ նահանգում տեղի ունեցած ընտրութիւնների արդիւնքում դարձաք նահանգի հայազգի եւ կին առաջին վարչապետը: Նոր Հարաւային Վելզն իր մեծութեամբ եւ բնակչութեան թւաքանակով մի քանի անգամ գերազանցում է Հայաստանին, իր տնտեսութեամբ գերազանցում է նաեւ մի շարք առաջատար երկրների: Համագործակցութեան ի՞նչպիսի հեռանկարներ էք տեսնում Հայաստանի Հանրապետութեան հետ: Փոխգործակցութեան ծրագրեր ունէ՞ք, որոնք այս այցի ընթացքում արդէն քննարկել էք Հայաստանի վարչապետի կամ նախագահի հետ:

- Ծրագրերը շատ լայն են, եւ յոյս ունեմ, որ ապագայում կը կարողանանք պաշտօնական մակարդակում հզօր կապեր ստեղծել, որովհետեւ ոչ պաշտօնական մակարդակում մեր սրտերը շատ մօտ են: Նոր Հարաւային Վելզ նահանգի հայ համայնքը շատ հզօր է: Հայ համայնքի անդամները միշտ ցանկանում են ոչ միայն այցելել Հայաստան, այլ նաեւ օգտակար լինել երկրին: Պաշտօնական մակարդակում յարաբերութիւնները խորացնելու հարցը շատ լուրջ քննարկեցինք թէ՛ վարչապետի, թէ՛ նախագահի հետ, եւ յոյս ունեմ, որ ապագայում կը կարողանանք մեր յարաբերութիւններին պաշտօնական կարգավիճակ տալ:

 

- Հայաստան այցելել էք նաեւ 2013 թ.-ին՝ աւստրալական քաղաքական գործիչների պատւիրակութեան կազմում։ Այդ այցից 6 տարի է անցել, ի՞նչ փոփոխութիւններ էք նկատում Հայաստանում եւ ի՞նչ տպաւորութիւններ ունէք այսօր:

- Սա առաջին անգամ է, որ Հայաստան այցելում եմ որպէս վարչապետ, բայց, ընդհանուր առմամբ, չորրորդ այցն է: Այստեղ ազգականներ ունեմ, եւ միշտ փորձում եմ գալ Հայաստան: Հայաստանում շատ փոփոխութիւններ եմ նկատել: Կարծում եմ` ժողովուրդն աւելի լաւատես է, ապագայի նկատմամբ աւելի յոյսով է լցւած, շինարարութիւնն է բաւական զարգանում, սակայն որոշ հարցեր կան, որոնք ապագայում պէտք է լուծւեն: Բայց ես լաւատես եմ Հայաստանի հետ կապւած եւ զգում եմ, որ սփիւռքի հայութիւնը միշտ Հայաստանի կողքին կանգնած է:

 

- Հայաստանում ինչն է ձեզ առաւել գրաւել, եւ Նոր Հարաւային Վելզի զբօսաշրջիկներին ինչը կարող է գրաւել, որպէսզի նրանք էլ այցելեն Հայաստան:

- Կարծում եմ` Հայաստանում կը գրաւեն անուշ պատմութիւնը, տեսարժան վայրերը: Հայաստանն աւելի լաւ ձեւով պէտք է մատուցի իր հարստութիւնները, մանաւանդ պատմական արժէք ներկայացնող կոթողները: Օրինակ` արեւմտեան աշխարհը, եթէ տեղեկանայ, որ այստեղ գոյութիւն ունեն 4-5-րդ դարերի եկեղեցիներ, նրանց մօտ մեծ հետաքրքրութիւն կառաջանայ:

 

- Նախորդ անգամ նաեւ Արցախ էիք այցելել, այս անգամ այդպիսի այց նախատեսո՞ւմ էք:

- Դժբախտաբար, ոչ: Այս անգամ այցը շատ կարճ է, միայն մէկ շաբաթով եմ ժամանել ընտանեկան հարցերով, պէտք է մասնակցեմ հարսանեկան արարողութեան: Բայց ապագայում դարձեալ կայցելեմ Արցախ, երկու անգամ եմ այնտեղ եղել, եւ միշտ ընկերներիս յորդորում եմ, որ իրենք էլ գնան: Մօտ ապագայում Աւստրալիայից պատգամաւորական այլ խումբ կը ժամանի, յուսով եմ, որ նրանք կը գնան Արցախ:

 

- Հպարտօրէն նշում էք, որ 1915 թ. Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած ընտանիքի թոռնուհի էք, ձեր գործունէութեան ընթացքում բազմիցս Աւստրալիայի իշխանութիւններին կոչ էք արել ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Ըստ ձեզ՝ Աւստրալիան երբ կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, ինչ հնարաւորութիւններ կան դրա համար, եւ ինչ քայլեր էք ձեռնարկում այդ ուղղութեամբ:

- Մեր նահանգն արդէն 20 տարի է` ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, Արցախի անկախութիւնը ճանաչում է: Մենք յուսով ենք, որ Աւստրալիան նոյնպէս կը ճանաչի, եթէ Գերմանիան եւ որոշ երկրներ կարող են ճանաչել, եւ ես միշտ իմ խորհրդարանական ընկերների մօտ այդ հարցը բարձրացնում եմ: Յուսով եմ, որ մօտ ժամանակներս Աւստրալիան նոյնպէս կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը:

 

- Հայաստանից դուրս բարձր պաշտօնների շատ քիչ թւով հայեր են կարողանում հասնել: Ի՞նչ խորհուրդ կը տաք սփիւռքում բնակւող մեր հայրենակիցներին, ովքեր դեռ նոր են պատրաստւում զբաղւել քաղաքականութեամբ:

- Երկու բան է ինձ միշտ օգնել` հաւատն ու աշխատասիրութիւնը: Եթէ անընդհատ աշխատես, ամէն ինչ կարող ես անել: Ինձ միշտ հարցնում են, թէ ո՞րն է գաղտնիքը, ասում եմ` գաղտնիք չկայ: Գիշեր-ցերեկ պէտք է աշխատես, եւ պէտք է միշտ լաւատես լինես, այդ երկու բաները շատ կարեւոր են:

 

- Ապագայում աւելի բարձր պաշտօններ զբաղեցնելու ծրագրեր ու նպատակներ ունէ՞ք:

- Ոչ, իմ վարչապետի պաշտօնը բավական է: Սակայն 17 տարի առաջ, երբ խորհրդարանի անդամ դարձայ, բնաւ չէի պատկերացնում, որ մի օր պէտք է վարչապետ լինեմ: Բայց կամաց-կամաց, երբ մէկ յաջողութիւն գրանցում ես, հասկանում ես, որ միւսին եւս կարող ես հասնել: Այդպէս հասայ այս պաշտօնին:

 

- Շնորհակալ եմ հարցազրոյցի համար:

Հարցազրոյցը` Նորայր Շողիկեանի

Լուսանկարները` Տաթեւ Դուրեանի

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։