Հա
30/07/2019 - 11:20

Արցախի պատւիրակութիւնը հանդիպել է բելգիական Ալստ քաղաքի աւագանու անդամների եւ քաղաքապետի հետ

Ալստ, յուլիսի 29, 2019 - ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ Արցախի Շահումեանի շրջանը ներկայացնող պատւիրակութիւնը այցելել է Բելգիայի Ալստ քաղաք:

Ալստ, յուլիսի 29, 2019 - ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ Արցախի Շահումեանի շրջանը ներկայացնող պատւիրակութիւնը այցելել է Բելգիայի Ալստ քաղաք:

Պատւիրակութիւնը Ալստ քաղաքի աւագանու անդամների կողմից հրաւիրւած էր մասնակցելու ամենամեայ «Pikkeling» փառատօնին (որը Ֆլանդրիայի շրջանի ամենայայտնի միջազգային ֆոլկլորային փառատօնն է), ինչպէս նաեւ ներկայ լինելու յուլիսի 26-29-ը քաղաքում տեղի ունեցող մշակութային եւ սպորտային միջոցառումներին:

Արցախի պատւիրակութեան կազմում էին Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեանը եւ Քարվաճառի քաղաքապետ Սերգէյ Չիլինգարեանը: Պատւիրակութեանը ուղեկցում էին Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, գրասենեակի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանը եւ ծրագրերի ղեկավար Աշխէն Ֆիքսովան:

Փառատօնի պաշտօնական բացման արարողութեան ժամանակ Ալստի առաջին փոխքաղաքապետ Կարիմ վան Օւերմէյրէն, ով երկու անգամ այցելել է Արցախ, ողջունել է Արցախից պատւիրակութեան ներկայութիւնը: Միջազգային փառատօնի միւս մասնակիցները ներկայացնում էին Հնդկաստանից, Պուերտո Րիկոից, Հարաւային Աֆրիկայից, Մարտինիկից եւ Ուկրայինայից քաղաքներ:

Արցախի պատւիրակութիւնն անցկացրել է մի շարք հանդիպումներ, այդ թւում Ալստի աւագանու տարբեր կուսակցութիւններ ներկայացնող անդամների հետ: Յուլիսի 29-ին պատւիրակութեանը հիւրընկալել է Ալստի քաղաքապետ Քրիստոֆ Դըհազը: Հանդիպման ընթացքում քննարկւել են մի շարք հարցեր արդիւնաւէտ կառավարման, մշակոյթի ու զբօսաշրջութեան ոլորտներում փորձի փոխանակման վերաբերեալ:

Շեշտելով Արցախի ժողովրդի համար ապակենտրոնացւած համագործակցութեան խիստ կարեւորութիւնը՝ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը նշել է. «Արցախի համար այսպիսի յարաբերութիւնների ստեղծումը կարեւոր նշանակութիւն ունի Ադրբեջանի կողմից պարտադրւած մեկուսացման քաղաքականութիւնը կասեցնելու եւ երկու հասարակութիւնների միջեւ համագործակցութեան հիմք ստեղծելու համար: Մենք երախտապարտ ենք մեր ընկերներին, որոնցից է Կարիմ վան Օւերմէյրէն, մեր հասարակութիւնների միջեւ կամուրջ հանդիսանալու համար»:

Կարապետեանը յաւելել է. «Մարդու իրաւունքները բոլորի համար նոյնն են՝ անկախ երկրի պաշտօնական կարգավիճակից: Արցախի ժողովրդի իրաւունքն է յարաբերութիւններ հաստատել միջազգային հանրութեյան հետ եւ զգալ իրեն դրա լիարժէք անդամ»:

Այցը հարուստ էր նաեւ մշակութային միջոցառումներով: «Pikkeling» փառատօնին մասնակցելուց բացի պատւիրակութեան անդամները հնարաւորութիւն են ունեցել ծանօթանալու Ալստ քաղաքի պատմութեանը, այցելել քաղաքի պատմական վայրեր, այդ թւում տպաւորիչ «Utopia» գրադարան, երաժշտական ակադեմիա եւ «Taalbubbels» լեզւի ուսուցման կենտրոն: Այցի աւարտին պատւիրակութիւնը մասնակցել է «Criterium Aalst» հեծանվազքի պաշտօնական բացմանը:

Երկու քաղաքների ներկայացուցիչները մտադիր են ապագայում զարգացնել մշակութային համագործակցութիւնը:

 

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։