Հա

Գաղափարական

14/08/2019 - 13:20

Բանկ Օտոման-123

123 տարի առաջ այս օրը՝ 1896 թւականի օգոստոսի 14-ին տեղի ունեցաւ Բանկ Օտոմանի գրաւումը:

«alikonline.ir» - 123 տարի առաջ այս օրը՝ 1896 թւականի օգոստոսի 14-ին տեղի ունեցաւ Բանկ Օտոմանի գրաւումը:

Յանդուգն այս գործողութիւնը, որն իր տեսակով առաջինն էր հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմութեան ընթացքում, կազմակերպել էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պոլիսի Կենտրոնական Կոմիտէն: Գործողութեան ղեկավարներն էին Բաբգէն Սիւնին եւ Արմէն Գարոն:

Օսմանեան կայսրութեան դրամատան կենտոնական գրասենեակի գրաւումը յաջորդել էր 1895-96 թթ. Համիդեան ջարդերին, որոնց զոհ գնացին 300 հազար անմեղ հայեր: Այն նպատակ ունէր ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջել, եւ Արեւմտեան տէրութիւնների ուշադրութիւնը հրաւիրել Հայկական հարցի վրայ:

Գործողութեան հէնց սկզբում զոհւեց նրա գլխաւոր կազմակերպիչն ու ոգին՝ Բաբգէն Սիւնին:

Բանկի շէնքը գրաւելուց յետոյ դաշնակցական մարտիկները Եւրոպական դեսպաններին ուղղւած պահանջագրով պահանջում էին արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը:

Նրանք պահանջում էին.

Ա. Դադարեցնել Պոլսում սկսւած հայ անմեղ քաղաքացիների կոտորածը.

Բ. Գրաւոր երաշխիքներ տալ հայկական նահանգներում բարեփոխումներ սկսելու մասին.

Գ. Ազատ արձակել բոլոր հայ քաղաքական բանտարկեալներին:

Եւրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը հայ յեղափոխականներին հաւաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարութեան վրայ եւ իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպէս նաեւ խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 13 ժամ տեւած ընդհարումից յետոյ մարտիկները լքում են այն եւ տրամադրւած ֆրանսիական նաւով մեկնում Մարսէյլ։

Բանկ Օտոմանի գործողութիւնը հայ յեղափոխական հատու պատգամն էր Արեւմտեան տէրութիւններին եւ սուլթանական համակարգին առ այն, որ այլեւս անպատիժ չեն մնալու հայ ժողովրդի դէմ յանցագործութիւններ:

Հերոսական այս գործողութիւնն ի լուր աշխարհի ազդարարեց հայ յեղափոխական շարժման հասունացման եւ կայացման մասին՝ դառնալով հետագայում կազմակերպւած ոչ պակաս յանդուգն ու նւիրական գործողութիւնների սկզբնաքայլը, որոնք կոչւած էին հայ մարդուն հանելու դարաւոր թմբիրից՝ նրան վերադարձնելով ինքնանվստահութիւնը, ազգային արժանապատւութիւնն ու յանուն ազատութեան խիզախելու ունակութիւնը:

Յարակից լուրեր

  • Օտոմանեան 121-ամեայ դասը...
    Օտոմանեան 121-ամեայ դասը...

    1890 թւականի Սարգիս Կուկունեանի ձախորդ արշաւանքից եւ նոյն թւականի «Գում Գափուի», այնուհետեւ 1895 թ.-ին Հնչակեանների կազմակերպած «Բաբ Ալիի» խաղաղ ցոյցերից յետոյ, Հայ ազատագրական պայքարում մարտավարական փոփոխութիւնն այլեւս անհրաժեշտութիւն էր:

  • Բանկ Օտոման գրաւած է Դաշնակցութեան կոմիտէն
    Բանկ Օտոման գրաւած է Դաշնակցութեան կոմիտէն

    121 տարի առաջ այս օրը՝ 1896 թւականի օգոստոսի 14-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պոլսի Կենտրոնական կոմիտէի որոշումով եւ Բաբգէն Սիւնիի ղեկավարութեամբ կազմակերպւեց Օսմանեան դրամատան՝ Բանկ Օտոմանի գրաւման յանդուգն գործողութիւնը:

  • Դաշնակցութիւնը
    Դաշնակցութիւնը

    Անուրանալի է այն փաստը, որ մինչեւ յեղափոխական շարժումը եւ յատկապէս մինչեւ Հ. Յ. Դաշնակցութեան ասպարէզ գալը, հայութիւնը անկերպարան մի զանգւած էր միայն, մի կրօնական համայնք՝ զուրկ ազգային-քաղաքական իդէալներից ու կամքից, հպատակ մի ժողովուրդ, որ քարշ էր տալիս կենդանական մի կեանք միայն...

  • ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Բանկ Օտտոման 2015
    ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Բանկ Օտտոման 2015

    Դիմաքանդակ՝ հոգեկերտ ապրումներու եւ անխառն յոյզերու, որուն պատւանդանը խարսխւած պէտք է ըլլայ հայրենի հողին մէջ, անոր խորհուրդը միաձուլւած՝ ներկայ ժամանակներու հայոց երազանքին հետ, թելադրականութիւնը՝ շաղախւած քաղաքական մտքի հասունութեամբ, եւ անոր այժմէականութիւնը ուղեցոյց պէտք է ըլլայ հայութեան նորօրեայ պայքարին:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Վարդան Շահբազ (Մինաս Տօնիկեան, 1872-1959)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Վարդան Շահբազ (Մինաս Տօնիկեան, 1872-1959)

    1959-ի յունիսի 8-ին, Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի ՀՅԴ ժողովրդային Տան «Հայրիկ»-ի իր սենեակին մէջ, տեսողութիւնը կորսնցուցած՝ մեր աշխարհէն առյաւէտ բաժնւեցաւ 87-ամեայ հայ յեղափոխականն ու դաշնակցական ֆեդային, որ Վարդան Շահբազ անունով անջնջելի իր տեղը գրաւած էր Հայկական Ազատամարտի հերոսապատում ոսկեմատեանին մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։