Հա

Գաղափարական

16/08/2019 - 01:00

Ընկեր Վահանին յիշելիս

Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

«alikonline.ir» - Օգոստոսի 16-ն արդի հայ քաղաքական մտքի գագաթներից մէկի, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի երկար տարիների անդամ, Վահան Յովհաննիսեանի ծննդեան օրն է:

Այս տարի նա կը դառնար 63 տարեկան:

Հայկական քաղաքական դաշտում վխտացող միջակութիւնների եւ թզուկների յաղթարշաւի ու գինարբուքի գորշ ֆոնին, առաւել քան երբեւ զգացւում է Վահան Յովհաննիսեանի պէս առաջնակարգ քաղաքական գործչի եւ մտաւորականի, նրա իմացութեան, սկզբունքայնութեան, հատու մտքի եւ խօսքի, ինչպէս նաեւ նման չունեցող քաղաքական սարկազմի կարիքն ու բացը:

Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

 

«Ֆիզիկապէս բանտը խլեց իմ կեանքից համարեա երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարեւորագոյն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարաւորութիւնը: Եւ շատ ուրիշ հնարաւորութիւններ, որոնցից մի մասն այլեւս չես վերադարձնի: Առաջացան նաեւ որոշակի առողջական պրոբլեմներ, բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ: Բայց բանտը ոչ միայն ինձնից խլեց: Ոչ միայն ընկերներիցս: Խլեց նաեւ ժողովրդից. արժանապատւութեան ու սեփական ուժերին ապաւինելու յոյսը խլեց: Շատերն այդ պահին վախեցան: Կուսակցութեան մասին չէ խօսքս՝ կուսակցութիւնը դիմացաւ: Խօսքս հասարակութեան այն շերտերի մասին է, որոնք քաղաքական առումով ձգտումներ ու իղձեր ունէին՝ նրանք մի կողմ քաշւեցին: Մեր ձերբակալումից յետոյ ու բանտարկութեան տարիներին, նոյնիսկ, արտագաղթի տեսակը փոխւեց, վերածւեց քաղաքականի: Շատերին թեւաթափ արեց այն միտքը, որ մեր երկրում որեւէ բան փոխել չի լինի: Տնտեսական հիասթափութեան դէպքում մարդը ժամանակ յետոյ ընդունակ է վերականգնել հաւատը, իսկ քաղաքական հիասթափութեան պատճառով գնացածները շատ հազւադէպ են վերադառնում երկիր:

Այնուամենայնիւ ես իմ երեք տարւայ մենութիւնը միանշանակ կորուստ չեմ համարում: Ձեռքբերումներ էլ եղան. օրինակ, ծխելը թողեցի: Անգլերէն լեզւին տիրապետեցի: Սկզբնական շրջանում գրքեր չէին տալիս, յետոյ կամաց-կամաց ահագին գրականութիւն կարդացի... Բանտը նաեւ մտածելու ժամանակ է տալիս: Արած-չարածներդ վերանայելու հնարաւորութիւն: Առհասարակ բանտում իրեն շատ վատ է զգում այն մարդը, որի համար հասարակական կեանքից բացի ուրիշ բան չկայ:

Հիասթափութեան պահեր լինում էին, բայց ոչ այն պատճառով, որ իբր սխալւել ես: Եթէ կային սխալներ, դրանք մարտավարական էին, բայց ռազմավարութիւնը, հո, գիտէի, որ ճիշտ էր: Ու գիտեմ, որ իմ մէջ ոչինչ չի փոխւել: Պարզապէս քայլերս եմ վերանայել, որպէսզի հասկանամ՝ որ պահին եմ վրիպել: Պատժի գաղափարը պարտադիր չէ, որ մեղքի հետեւանք լինի, ճիշտ լինելու դէպքում էլ կարող ես պատժւել, եթէ սխալ ես քայլել: Յամենայն դէպս, բանտարկւած ժամանակ երբեք չեմ մտածել. վայ, էս ինչ արեցի, ինչու մտայ այս խաղերի մէջ, էլ չեմ անի...

Ոչ էլ հակառակն եմ մտածել. հիմա դուրս կը գամ ու դրանց աչքերը կը հանեմ: Վրէժխնդրութեան պահանջ երբեք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ: Այս ռեժիմի ու դրա ղեկավարների նկատմամբ պարզապէս գարշանք եմ զգում: Իսկ վրէժխնդրութեամբ առհասարակ պետութիւն չես կառուցի. վենդետան իր ետեւից վենդետա է բերում, եւ այդպէս շարունակ...

Ի վերջոյ, Տէր-Պետրոսեանի դէմ շարժումը յաղթեց: Ուրիշ բան է, որ անմիջապէս իր նկատմամբ պէտք է արւէին որոշակի քայլեր. գահընկեցութիւնից յետոյ սահմանադրական ժողովը պէտք է որոշէր նրա քաղաքական նոր կարգավիճակը, որից յետոյ արդէն ձեւաւորւած լեգիտիմ իշխանութիւնը քննութիւն անցկացնէր: Դա մեր խնդիրը չէր: Մենք տեսնում էինք երկիրը թալանչիներից, ապազգային տարրերից ազատագրելու նպատակը, որն, ի դէպ, բոլորովին չէր ենթադրում իշխանութեան գալու պարտադիր պայման: Այդ ժամանակ կային, յիշում եմ, հնգեակներ, վեցեակների բլոկներ, հանրապետականները սկզբից մեզ հետ էին, յետոյ Լեւոնի հետ ինչ-որ ձեւով լեզու գտան, Վազգէն Մանուկեանը նշանակւեց պաշտպանութեան նախարար...

Մի խօսքով Լեւոնին յաջողւեց քայքայել ընդդիմադիր միասնութիւնը՝ մէկին կաշառեց, մէկին համոզեց, իսկ մեզ՝ քանի որ ոչ կաշառել էր կարելի, ոչ էլ համոզել, փորձեց ջարդել: Բայց ի՞նչ շահեց. մեզ չջարդեց, իսկ ինքը պարտւեց»:

 

Վահան Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։