Հա
Շաբաթ, 15 Յուլիսի 2017 13:30

Ռուսաստանցի քաղաքագէտ. «Բաքուն խոչընդոտում է աբխազական երկաթգծի բացմանը, որ Հայաստանին շրջափակման մէջ պահի»

Յատկապէս Բաքուն եւ որոշ չափով Անկարան խոչընդոտում են Աբխազական երկաթգծի բացման գործընթացը: Այս մասին ասել է Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը: 

«alikonline.ir» - Յատկապէս Բաքուն եւ որոշ չափով Անկարան խոչընդոտում են Աբխազական երկաթգծի բացման գործընթացը: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասել է Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը: 

Վերջինս նշել է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ներկայումս լուրջ բանակցութիւններ են ընթանում, գործընթացն արագացնելու համար ՌԴ ԱԳ նախարարը վերջերս մեկնել էր Աբխազիա եւ Աբխազիան երկաթգիծը բացելու հարցում իր հաւանութիւնը տւել է: 

«Կարծում եմ, որ Աբխազական երկաթգծի բացումը, որը կը վերականգնի Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հաղորդակցութիւնը, մօտ ապագայում տեղի կունենայ: Այս գործընթացին խանգարում է Վրաստանի միջոցով Բաքուն, իսկ որոշ առումով նաեւ Թուրքիան, որովհետեւ պաշտօնական Անկարայի ուշադրութիւնը Մերձավոր Արեւելքն է»,-ասել է Ստանիսլաւ Տարասովը: 

Վերջինս շեշտել է, Բաքուն խոչընդոտում է երկաթգծի բացմանը, որովհետեւ Հայաստանին մեկուսացնելու, շրջափակման մէջ պահելու քաղաքականութիւն է վարում: 

«Ադրբեջանում հասկանում են, որ եթէ երկաթգիծը բացւի, այն նոր հնարաւորութիւններ կը ստեղծի Հայաստանի համար, սա կոմունիկացիա է, ՌԴ հետ կապերը խորացնելու նոր միջոց է: Իսկ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, ունի բազմաթիւ առեւտրային, ռազմական եւ այլ պայմանագրեր, որոնք ենթադրում են Ռուսաստանի հետ ակտիւ համագործակցութիւն»,- մանրամասնել է Ստանիսլաւ Տարասովը: 

Իսկ ահա Թուրքիայի պարագայում, ըստ նրա, իրավիճակը փոքր-ինչ այլ է: Տարասովն ասել է, որ պաշտօնական Անկարան խնդիր ունի «սեփական դաշտում ու դրանք լուծելով է զբաղւած»: 

«Թուրքիան սեփական դաշտում ֆուտբոլ է խաղում, իսկ սեփական դաշտում ֆուտբոլ խաղալ, նշանակում է՝ երբեմն պարտւել, երբեմն հաւասարեցնել հաշիւը, յաղթել՝ հազւադէպ: Անկարան կարող է ազդել Բաքւի վրայ, որ Բաքուն աւելի շատ հետեւողական լինի այս հարցում, բայց հէնց Թուրքիան այս պահին չունի դրա ժամանակը»,- ասել է Ս. Տարասովը: 

Քաղաքագէտի դիտարկմամբ՝ որոշակի դասաւորւածութեան պարագայում հարցը մօտ ժամանակներում կարող է լուծւել, երկաթգիծը կը բացւի, բայց ոչ հիմա: Ստանիսլաւ Տարասովը շեշտել է, որ աբխազական երկաթգիծը կը բացւի միայն այն ժամանակ, երբ տարածաշրջանում լինի յարաբերական անդորր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։