Հա
Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 13:40

Երեւանում մեկնարկել է «Նանոգիտութիւն եւ տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական համաժողովը

Երեւանում երէկ՝ սեպտեմբերի 22-ին մեկնարկել է «Նանոգիտութիւն եւ տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական համաժողովը, որը շարունակւելու է նաեւ այսօր: Տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան պաշտօնական կայքը:

«alikonline.ir» - Երեւանում երէկ՝ սեպտեմբերի 22-ին մեկնարկել է «Նանոգիտութիւն եւ տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական համաժողովը, որը շարունակւելու է նաեւ այսօր: Տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան պաշտօնական կայքը:

Համաժողովի պաշտօնական բացմանը ողջոյնի խօսքով հանդէս են եկել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրէն Կարայեանը, Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին, Իրանի արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարի տեղակալ Հոսէյն Էսֆահբոդին, Գերմանիայի միջազգային համագործակցութեան ընկերակցութեան (GIZ) Հայաստանում գործող ՓՄՁ զարգացմանն աջակցող թիմի ղեկավար Էւա Մարիա Նեհէրը եւ Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնութիւնների խորհրդի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Սաիդ Սարքարը։

Սուրէն Կարայեանը Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ իր անունից ողջունեց նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական առաջին համաժողովի մասնակիցներին, հիւրերին, կազմակերպիչներին եւ մաղթեց բեղմնաւոր աշխատանք։ Նշելով, որ Իրանը մեծ առաջընթաց է գրանցել նշւած ոլորտում եւ այս առումով հայ գործարարների համար լայն հնարաւորութիւններ են բացւում, նախարարը յոյս յայտնեց, որ համաժողովն արժէքաւոր ներդրում կունենայ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար, որ հայ ու իրանցի գիտնականների եւ գործարարների համագործակցութեան արդիւնքում նոր լուծումներ կը գտնւեն եւ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կը կառուցւեն նոր գործարաններ։

Սէյէդ Քազեմ Սաջջադին իր խօսքում նոյնպէս գոհունակութիւն յայտնեց միջոցառման կազմակերպման առիթով եւ շեշտեց, որ այսպիսով երկու երկրների ժողովրդների համար նոր պատուհան է բացւել ու անհրաժեշտ է լաւագոյնս օգտագործել այդ հնարաւորութիւնը։ Իրանի դեսպանը նշեց նաեւ, արդիւնաւէտ համագործակցութեան արդիւնքում Հայաստանը կարող է առաջիկայում լուրջ ձեռքբերումներ գրանցել նանոտեխնոլոգիաների ոլորտում։ Նա առանձնայատուկ ընդգծեց Սուրէն Կարայեանի ակտիւ դերակատարումը հայ-իրանական տնտեսական կապերի ամրապնդման հարցում։

Հոսէյն Էսֆահբոդին իր հերթին ողջունեց միջոցառման մասնակիցներին եւ կարեւորելով այս նախաձեռնութիւնը, նշեց Սուրէն Կարայեանի մեծ ներդրումը երկու երկրների տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու ուղղութեամբ, նաեւ Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետեւողական աշխատանքը եւ ջանքերը։ 

Էւա Մարիա Նեհէրը նոյնպէս ողջունեց միջոցառման մեկնարկը եւ պատրաստակամութիւն յայտնեց աջակցել նորարարական գաղափարների առաջմղման եւ կիրառման գործընթացներին։

Սաիդ Սարքարն իր ողջոյնի խօսքում համոզմունք յայտնեց, որ հայ եւ իրանցի գիտնականների ու գործարարների այս համագործակցութիւնը շարունակական է լինելու եւ տալու է իր դրական արդիւնքները։ Նա համառոտ ներկայացրեց Իրանի ձեռքբերումները նանոտեխնոլոգիաների ոլորտում։

Համաժողովին մասնակցում են Հայաստանի եւ Իրանի գիտական եւ գործարար համայնքների, շահագրգիռ պետական եւ մասնաւոր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։

Համաժողովը գործընկերային կապեր հաստատելու գերազանց հարթակ է գիտատեխնոլոգիական եւ գործարար հանրութեան համար:

Երկօրեայ միջոցառման առաջին օրը քննարկւել են բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտների քաղաքականութեանն առնչւող հարցեր ու ծրագրեր, ինչպէս նաեւ ներկայացւել են գիտական զեկուցումներ:

Այսօր՝ միջոցառման երկրորդ օրը տեխնոլոգիաների ոլորտի ընկերութիւնները կը ներկայացնեն իրենց արտադրանքը, սարքաւորումները, առեւտրայնացման փորձը, ինչպէս նաեւ կանցկացւեն քննարկումներ` հայկական եւ իրանական ընկերութիւնների միջեւ համագործակցութեան հնարաւոր ուղղութիւնների շուրջ:

Համաժողովը կազմակերպւել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնութիւնների խորհրդի հետ համատեղ, Եւրոմիութեան համաֆինանսաւորմամբ իրականացւող «Աջակցութիւն Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան զարգացմանը» (“Support to SME Development in Armenia” (SMEDA) ծրագրի շրջանակում` Գերմանական միջազգային համագործակցութեան ընկերակցութեան (GIZ) աջակցութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։