Հա
Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 14:10

Դեսպան Սաջջադի. «Հայաստանը կարող է յարմար միջնորդ լինել ռուսական շուկայում Իրանի ներկայութեան համար»

Հայաստանը կարող է յարմար միջնորդ լինել ռուսական շուկայում Իրանի ներկայութեան համար: Նման կարծիքի է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

«alikonline.ir» - Հայաստանը կարող է յարմար միջնորդ լինել ռուսական շուկայում Իրանի ներկայութեան համար: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին Արեւելեան Ատրպատականում անցկացւող նորարարութեան եւ տեխնոլոգիաների 5-րդ ցուցահանդէս կատարած այցի ժամանակ յայտարարել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազէմ Սաջջադին:

Անդրադառնալով ռուսական շուկայի տարողունակութեանը, դեսպան Սաջջադին նշել է, որ այն լեզւական եւ առեւտրային իւրայատուկ մշակոյթի պատճառով դեռեւս անծանօթ է իրանցի գործարարների համար, որտեղ մուտք գործելու համար հնարաւոր է օգտագործել ռուսաստանաբնակ երեք միլիոն Հայաստանի քաղաքացիների հնարաւորութիւնն ու ներուժը:

Նա նշել է, որ հնարաւոր է նաեւ օգտագործել Հայաստանի հարթակը՝ ԵԱՏՄ եւ ԵՄ շուկաներ դուրս գալու համար:

«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որը ձեռնահասութիւն է ստեղծում դէպի 200 միլիոնանոց շուկայ: Հնարաւոր է դէպի այդ շուկայ իրանական արտադրանքների արտահանմամբ նպաստել դիմադրողական տնտեսութեան կայացմանը»,- ասել է դեսպանը:

Նա կարեւորել է Արասի եւ Մեղրիի ազատ տնտեսական գօտիներում Արեւելեան Ատրպատականի տնտեսական ներուժի ցուցադրումը՝ նշելով, որ յստակ ծրագրի առկայութեան դէպքում ազատ տնտեսական այդ երկու գօտիների ներուժը կարելի է ծառայեցնել Արեւելեան Ատրպատականի եւ Իրանի տնտեսութեան բարգաւաճմանը:

Դեսպան Սաջջադին անդրադառնալով Հայաստանում տեղեկատւական տեխնոլոգիաների զարգացմանը նշել է, որ բոլորովին վերջերս նանոտեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հետ ստորագրւել են ուշագրաւ պայմանագրեր, որոնց ընձեռած հնարաւորութիւններն օգտագործելով Արեւելեան Ատրպատականն այդ ոլորտում եւս կարող է շահաւէտ համագործակցութիւն ծաւալել Հայաստանի հետ:

Նա տեղեկացրել է, որ Իրանից դէպի Հայաստանի արտահանման ընդհանուր ծաւալները կազմում են 300 մլն. դոլար, որի հիմնական մասը բաժին է հասնում էներգետիկ ոլորտին, իսկ վերջին շրջանում արտահանման ծաւալներն աճել են 8 տոկոսով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։