Հա
13/02/2018

Իրանագէտ. «Իրանն այլ հարթութիւններով էլ կարող է մտնել ԵԱՏՄ շուկայ, դժւար է այնպիսի առաջարկներ անել, որ Իրանին գոհացուցիչ թւան»

Մենք հնարաւորութիւն ունենք դառնալ կամուրջ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, սակայն այդ հնարաւորութիւնը դեռ չի կիրառւել, քանի որ չունենք յստակ օրինակներ, որոնք կարող ենք մատնացոյց անել որպէս արդիւնաւէտ ծրագրեր: Այս մասին ասաց իրանագէտ Գոհար Իսկանդարեանը:

«alikonline.ir» - Մենք հնարաւորութիւն ունենք դառնալ կամուրջ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, սակայն այդ հնարաւորութիւնը դեռ չի կիրառւել, քանի որ չունենք յստակ օրինակներ, որոնք կարող ենք մատնացոյց անել որպէս արդիւնաւէտ ծրագրեր: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Գոհար Իսկանդարեանը:

«Հարցը նրանում է, որ մենք կարողանանք գտնել շահագրգռող այն կէտերը, որոնք պէտք է նպաստեն, որպէսզի Իրանը, ԵԱՏՄ-ն ցանկանան համագործակցել: Իրանն այլ հարթութիւններով էլ կարող է մտնել ԵԱՏՄ շուկայ, հարցն այն է, թէ մենք կը կարողանա՞նք շահագրգռել եւ այնպիսի առաջարկներ անել, որ դա բխի նաեւ իրանական շահերից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի յայտարարութեանը, ըստ որի` ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցութիւնից դեռ շօշափելի արդիւնք չեն տեսել, Գոհար Իսկանդարեանը նշեց, որ չի կարող մեկնաբանել այդ յայտարարութիւնը, քանի որ չգիտի, թէ կոնկրետ ինչ է նա նկատի ունեցել:

«Կան բազմաթիւ ոլորտներ, որտեղ կարող ենք համագործակցել Իրանի հետ` սկսած կաշւի արտադրութիւնից, վերջացրած սննդամթերքի համատեղ արտադրութեամբ: Այսինքն` կարող ենք համատեղ ապրանք ստեղծել եւ «Արտադրւած է Հայաստանում» մակնշմամբ ԵԱՏՄ շուկայ ուղարկել»,- ասաց նա եւ նշեց, որ այդ դէպքում Իրանը մեծ հարկեր չի վճարի ԵԱՏՄ մեծ շուկայ մտնելու համար:

«Մենք պէտք է շահագրգռենք Իրանին համատեղ ծրագրեր անել: Այստեղ պէտք է ուսումնասիրւի դաշտը, թէ ինչ հնարաւորութիւններ ունի Հայաստանը, ինչ հնարաւորութիւններ ունի Իրանը, եւ դրանք համատեղելի բիզնես ծրագրեր դարձնել. այս համատեքստում պէտք է լուրջ աշխատանքներ տանել»,- ասաց նա:

Գոհար Իսկանդարեանը նկատեց, որ ներկայում ծրագրեր կան Հայաստան-Իրան շրջանակներում, սակայն վաղ է ասել, թէ արդեօ՞ք դրանք կարող են ԵԱՏՄ շուկայ մտնել, եւ դրան պէտք է անդրադառնան տնտեսագէտները:

Նա չհամաձայնեց, որ Հայաստանը ամբողջութեամբ պասիւ է Իրանի հետ համագործակցութեան առումով: «Իրանական կողմին է դժւար գրաւել, այնպիսի առաջարկներ անել, որ գոհացուցիչ թւայ»,- ասաց նա եւ նկատեց, որ տարբեր ծրագրեր, բիզնես ֆորումներ իրականացւում են:

Ինչ վերաբերում է մեր ապրանքների արտահանմանը Իրան, ապա Գոհար Իսկանդարեանը նկատեց, որ իրանագէտները, վերլուծաբանները բազմիցս այդ հարցը բարձրացրել են, որ գոնէ Հայաստանի համար արտօնութիւններ տրւեն իրանական աւելի հեշտ շուկայ մտնելու համար:

«Այս պահի դրութեամբ մեծ արտօնութիւնների մասին խօսելը վաղաժամ է, մենք տեսնում ենք, որ իրանական ապրանքները շատ աւելի հեշտութեամբ են մտնում հայկական շուկայ, քան հակառակը»,- ասաց նա եւ նկատեց, որ դա Հայաստանի հետ կապւած խնդիր չէ, այլ Իրանի քաղաքականութիւնն է այդպիսին:

Նա նշեց, որ Հայաստանի կառավարութեան կողմից ջանքեր գործադրւում են, հանդիպումներ եղել են, փաստաթղթեր ստորագրւել են եւ մնում է, որ այդ ամէնը կեանքի կոչւի: «Աշխատանքներ տարւում են, խնդիրը արդիւնաւէտութեան մէջ է: Այս պահի դրութեամբ այնպիսի արդիւնքներ չկան, որ ասենք գոհացուցիչ են»,- ասաց նա:

Անդրադառնալով դեսպանի յայտարարութեանը, թէ պատրաստ են յարմար գներով գազ վաճառել Հայաստանին, ապա իրանագէտն ասաց, որ գնի հետ կապւած չի կարծում, որ լուրջ փոփոխութիւններ կը լինեն, սակայն ծաւալների առումով գտնում է, որ հնարաւոր է աւելի շատ գազ ներկրւի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։