Հա
10/09/2018

Կարէն Ադոնց. «Այս ահագնացող տնտեսական փակուղում ունեք ելքի միայն մէկ տարբերակ»

Այս ահագնացող տնտեսական փակուղուց ունեք ելքի միայն մէկ տարբերակ. որոշ ժամանակ անց չէք ունենալու նաեւ այդ տարբերակը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է յայտնի տնտեսագէտ Կարէն Ադոնցը՝ ներկայացնելով հեռանկարները: 

«alikonline.ir» - Այս ահագնացող տնտեսական փակուղուց ունեք ելքի միայն մէկ տարբերակ. որոշ ժամանակ անց չէք ունենալու նաեւ այդ տարբերակը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է յայտնի տնտեսագէտ Կարէն Ադոնցը՝ ներկայացնելով հեռանկարները: Գրում է «news.am»-ը:

«Պարոնայք, դուք այս ահագնացող տնտեսական փակուղուց ունէք ելքի միայն մէկ տարբերակ (որոշ ժամանակ անց, չէք ունենալու նաեւ այդ տարբերակը):

Չեմ պատրաստւում խօսել վիճակի ու անելիքների մասին։ Ուղղակի, մի քանի շեշտադրումներով կը փորձեմ նկարագրել հեռանկարը։

 

Քաղաքական

«Սպիտակներին» ուզում եմ ասել հետեւեալը՝ հանգիստ եղէք, «սեւերը» չեն փորձելու իշխանութիւն վերցնել, նրանք զարգացման ռեսուրս չունեն, եթէ ռեսուրս ունենային ձեզ իշխանութիւն չէին տայ։ «Սեւերին» պէտք է ամուր ընդիմադիր դիրքեր, որ ապահովեն իրենց կապիտալի անվտանգութիւնը։ «Սեւերի» միակ յոյսը դուք էք։ Նրանք կարծում են, թէ օգտագործելով «թաւշեայ յեղափոխութեան» գործօնը, կարող էք փող բերել արեւմուտքից ու սփիւռքից։ Նրանք այդպէս են հասկանում տնտեսական զարգացումը։ Բայց դուք, ձեր տնտեսական անբովանդակ պատկերացումներով, մսխելու էք արագ ու ներդաշնակ զարգացման «պատմական» եզակի հնարաւորութիւնը։

 

Տնտեսական

Թէ ինչպէս ենք մենք վերաբերւել ու վերաբերւում տնտեսական զարգացման խնդրին, արդէն զաւեշտի է նմանւում։ 25 տարւայ ընթացքում Հայաստանի տնտեսութիւնը ձեւաւորւել է երկու գործօններով՝ գոյութիւն ունեցող ներքին ու արտաքին պատրաստի շուկաների հենքի վրայ եւ Խորհրդային ձեռնարկութիւնների, տարածքների ու ենթակառուցւածքների էժան մասնաւորեցման հաշւին։ Զարգացման այդ հնարաւորութիւններն արդէն սպառւած են։ Արտաքին պարտքը մեծ է, սակայն առանց նոր պարտքերի, նոյնիսկ մեր փոքր տնտեսութեան պարագայում, դժւար է երկար պահպանել պահանջարկային հաւասարակշռւածութիւնը։ Մեր ձեռնարկատէրերից շատերը «ջերմոցային պայմաններում աճեցւած» բիզնեսմեններ են՝ հաշւի առէք սա։

Տնտեսութեան ներկայիս աճը պայմանաւորւած է տուրիզմի որոշ աւելացմամբ եւ ոչ էական այլ մուտքերով, ինչպէս նաեւ՝ ապաստւերացումից գոյացած արհեստական աճով՝ զարգացում, ըստ էութեան, չկայ ու չի կարող լինել։

Կայ արագ զարգացման երկու տարբերակ՝ կամ ազգովի շալակում ենք տնտեսութիւնը ու սկսում ենք վազել, կամ ճիշտ համակարգ ենք ձեւաւորում, նստում տնտեսական մեքենան ու միացնում շարժիչը։

Ռուբլու ու ռուսական շուկայի թուլացումը, այլ շուկաների իւրացման գրեթէ բացակայութեան պայմաններում՝ վատ ազդակներ են։ Եթէ երեք գործօններ՝ ռուբլու թուլացում, տրանսֆերտների պակաս ու տուրիզմի հոսքի նւազեցում, հատւեն մէկ կէտում, մենք կը յայտնւենք ծանր ճգնաժամի մէջ։ ՏՏ ոլորտի աճի տեմպը չի կարող չէզոքացնել նման անկումը։ Այսօր արդէն, նաեւ համաշխարհային տնտեսութեան մէջ, նկատւում են տնտեսութեան տեմպերի հետագայ անկման սպասումներ։

Բանկերում խնայողութիւնների աւելացումը՝ վատ ցուցանիշ է, որը խօսում է ներքին ներդրողների պասիւութեան մասին։ Սակայն, սա նաեւ դրական կողմ ունի՝ կան խնայողութիւններ, որոնք ճիշտ քաղաքականութեան դէպքում, շարժիչ ուժ կարող են հանդիսանալ։ Օտարերկրեայ մեծածաւալ ներդրումների մասին մոռացէք՝ չի լինելու նման բան։

Նայէք ստորեւ բերւած՝ ըստ գործօնների, մեր տնտեսութեան մրցակցային դիրքի վիճակին, որը ներդրումային քաղաքականութեան հենքն է։ Տնտեսութեան հատւածական աճերը, զարգացում չեն։ Զարգացման մասին կարելի է խօսել միայն այն դէպքում, երբ նշւած գործօնները կը շտկւեն մէկ ամբողջական ծրագրի ներքոյ։ Ակնյայտ է, որ ստեղծւած իրավիճակում, զարգացման քաղաքականութիւնը կարող է լինել՝ միայն համակարգւած, ոչ ստանդարտ, արագ ու բացառիկ ճշտութեամբ իրագործելի։

Մի բան էլ ասեմ եկամտահարկի քննարկւող թեմայի շուրջ։ Այս հարցը չի կարելի դնել հանրային քննարկման։ Սա պէտք է դիտարկւի ընդհանուր տնտեսական քաղաքականութեան կոնտեքստում։ Ի դէպ, այս հարցը առնչւում է աշխատուժի ծախսատարութեանը, որը դեռ տակաւին՝ մնում է գլխաւոր մրցակցային գործօններից մէկը։

 

Մեր տնտեսութեան մրցակցային դիրքը՝ ըստ գործօնների

(-) անբարենպաստ, (+) բարենպաստ

1) Վարկային պայմանները՝ (-),(-),

2) Բեռնափոխադրումների ծախսատարութիւնը՝ (-),(-),

3) Ներքին շուկայի մեծութիւնը՝ (-),(-),

4) Ներքին շուկայի ճիւղային ու տեխնոլոգիական բազմազանութիւնը՝ (-),(-),

5) Հումքի ներքին աղբիւրները (սննդի վերամշակում)՝ (+),

6) Հումքի ներքին աղբիւրները (ոչ գիւղատնտեսական)՝ (-),(-),

7) Արտաքին շուկաներում ներգրաււածութիւնը ՝ (-),(-),

8) Արտաքին շուկաներում ճանաչելիութիւնը ՝ (-),(-),

9) Հումքի ներմուծման մաքսային բեռը՝ (-),(-),

10) Սարքաւորումների ներմուծման մաքսային բեռը՝ (-),(-),

11) Աշխատուժի ծախսատարութիւնը՝ (+),

12) Որակեալ աշխատուժի առկայութիւնը՝ (-),

13) Արտադրական համապատասխան տարածքների առկայութիւնը՝ (-)»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։