Հա

Ազգային

Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 10:40

Ինչու են Ֆրանսիայի նախագահի պաշտօնի թեկնածուները Հայաստանին «վերադարձնում» Արցախը

Բանն այն է, որ թէ՛ Լը Պէնի եւ թէ՛ Ֆիոնի այս յայտարարութիւնների նպատակը բաւականին կազմակերպւած, ազգային ընդգծւած դիմագիծ ունեցող հայկական համայնքի համակրանքը շահելն է: Թեկնածուների միջեւ մրցակցութիւնն այնքան սուր է, իսկ ընտրութիւնների արդիւնքներն` այնքան անկանխատեսելի, որ նրանցից իւրաքանչիւրը կենաց-մահու կռիւ է տալիս իւրաքանչիւր քւէի համար:

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

Ֆրանսիայի նախագահի պաշտօնի թեկնածու Մարին Լը Պէնը «Nouvelles d'Armenie»-ին տւած հարցազրոյցում ասել է, թէ Արցախեան հիմնահարցի լաւագոյն լուծումը կը լինէր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այնպիսի համաձայնութեան ձեռքբերումը, որով ԼՂ-ն կը վերամիաւորւէր Հայաստանի հետ: Նա նաեւ յիշեցրել է, որ սխալ էր ԽՍՀՄ փլուզումից յետոյ ներքին վարչական սահմանները մեխանիկօրէն, առանց վերաիմաստաւորման պետական սահմանների վերածելը:

Աւելի վաղ Փարիզում լոյս տեսնող հայկական նոյն` «Nouvelles d’Armenie» ամսագրին տւած հարցազրոյցում նոյնատիպ պնդումներ էր արել Ֆրանսիայի նախագահի մէկ այլ թեկնածու՝ «Հանրապետական» կուսակցութիւնը ներկայացնող, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը: Խօսելով անցած տարւայ ապրիլեան քառօրեայ մարտերից յետոյ ստեղծւած իրավիճակի մասին` նա ասել էր, թէ խնդիրը ստեղծւել է Ստալինի 1921 թ. որոշմամբ, որով Արցախը կամայականօրէն անջատւել է Հայաստանից` յօգուտ Ադրբեջանի: Ակնյայտ է՝ Ֆիոնը եւս ակնարկում է Արցախի հայկականութեան մասին:

Փաստօրէն, Ֆրանսիայի նախագահական ընտրութիւնների 4 առաջատար թեկնածուներից երկուսը ԼՂ հարցում լիակատար միակողմանի, պրոհայկական դիրքորոշումներ են յայտնում: Որքան էլ այս երեւոյթը ոգեւորող է, այնուամենայնիւ, նման յայտարարութււններին որոշակի վերապահումով պէտք է մօտենալ: Երկու թեկնածուներն էլ այս միտքն արտայայտել են հայկական ամսագրին տւած հարցազրոյցում: Այսինքն` դա ոչ թէ ԼՂ հարցը քաղաքական բանավէճի առարկայ դարձնելու` նրանց նախաձեռնութիւնն է, այլ ընդամենը հայկական ամսագրի կողմից ԼՂ հարցում թեկնածուների դիրքորոշումների ճշգրտում: Չի բացառւում, որ եթէ «Nouvelles d’Armenie»-ն առիթ ունենար միւս թեկնածուների հետ եւս հարցազրոյցներ ունենալ, նրանք եւս մեծ հաճոյքով նման յայտարարութիւններ կանէին:

Բանն այն է, որ թէ՛ Լը Պէնի եւ թէ՛ Ֆիոնի այս յայտարարութիւնների նպատակը բաւականին կազմակերպւած, ազգային ընդգծւած դիմագիծ ունեցող հայկական համայնքի համակրանքը շահելն է: Թեկնածուների միջեւ մրցակցութիւնն այնքան սուր է, իսկ ընտրութիւնների արդիւնքներն` այնքան անկանխատեսելի, որ նրանցից իւրաքանչիւրը կենաց-մահու կռիւ է տալիս իւրաքանչիւր քւէի համար: Եւ ազգութեամբ հայ ընտրողների վստահութիւնը շահելու համար նրանք պատրաստ են անել այնպիսի՝ միջազգային հանրութեան ընկալումների տեսանկիւնից ծայրայեղ յայտարարութիւններ, որոնք Արցախեան կարգաւորման գործընթացի հետ բացարձակապէս ոչ մի կապ չունեն եւ ընդամենը շոշափում են կոնֆլիկտին ու ներկայիս իրավիճակին հանգեցրած պատմական անարդարութիւնների խնդիրը: Երկու թեկնածուներն էլ ընդամենը խաղում են ֆրանսահայ ընտրողների ազգային նուրբ նեարդալարերի վրայ:

Նախկինում նախընտրական շրջաններում թեկնածուները շահարկում էին Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու` հայկական սպասելիքները: Սակայն երբ նախ Նիկոլա Սարկոզին, ապա նաեւ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը չկատարեցին նման օրէնքի վերջնական ընդունման նախընտրական խոստումները, մեծ հիասթափութիւն պատճառելով Ֆրանսիայի հայկական շրջանակներին, ակնյայտ դարձաւ, որ անիմաստ ու նոյնիսկ վնասակար է լինելու կրկին նախընտրական մոտիւներով նոյն «ձայնասկաւառակ»-ը պտտեցնելը: Դա պարզ դարձաւ այն արձագանգներից, որոնք հետեւեցին վերջերս գործող նախագահ Օլանդի կողմից Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու օրինագիծ շրջանառութեան մէջ դնելու մասին կրկին տրւած խոստումներին: Դրա փոխարէն ԼՂ հիմնահարցը, որը հայկական իրականութեան համար նոյնչափ ու գուցէ աւելի մտահոգիչ է, դեռ թարմ է եւ կարելի է հանգիստ հունցել:

Այդ յայտարարութիւնները ոչ մի գործնական նշանակութիւն չունեն եւ չեն կարող ունենալ: Խնդիրն այն է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկիր է, որը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ մշակել ու բանակցային սեղանին է դրել կարգաւորման հիմնարար սկզբունքների փաթեթ` հիմնւած ոչ թէ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները «վերաիմաստաւորւած» փոփոխելու եւ Արցախը Հայաստանին միացնելու, այլ նախկին ԼՂԻՄ-ին հարակից եւ հայկական ուժերի վերահսկողութեան տակ գտնւող տարածքները յանձնելու դիմաց Արցախին միջանկեալ կարգավիճակ շնորհելու տրամաբանութեան վրայ: Սա, ինչպէս ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, այնպէս էլ Ֆրանսիայի պետական քաղաքականութիւնն է, որը չի կարող որեւէ փոփոխութեան ենթարկւել` անկախ նրանից, թէ թեկնածուներից որը կը դառնայ նախագահ: Որովհետեւ ցանկացած փոփոխութիւն հանգեցնելու է կա՛մ կարգաւորման գործընթացի դադարեցման, կա՛մ ՄԽ-ի ձեւաչափի փոփոխութեան ու դրանից Ֆրանսիայի դուրսմղման: Հետեւաբար` ինչպէս Հայոց Ցեղասպանութեան ժխտման քրէականացման խոստումները մնացին օդում, այնպէս էլ՝ Արցախը Հայաստանի մաս լինելու, որն առանց այդ էլ որեւէ խոստում չի պարունակում:

Բայց Մարին Լը Պէնի եւ Ֆրանսուա Ֆիոնի յայտարարութիւնները կարեւոր են մէկ այլ` ոչ քաղաքական, աւելի շատ քարոզչական-հոգեբանական տեսանկիւնից: Նրանք զարգացնում են Արցախի հայաստանապատկանութեան գաղափարը: Սա մի կողմից նշանակում է, որ այդ ընկալումներն ամրապնդւած են Ֆրանսիայի քաղաքական էլիտայում, միւս կողմից` նման պնդումներով նրանք նպաստում են Արցախեան հիմնահարցի բուն էութեանը, պատճառներին միջազգային հանրութեան ուշադրութեան սեւեռմանը եւ յստակ համոզմունքների ձեւաւորմանը: Հանգամանք, որը չափազանց կարեւոր է՝ Արցախը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմ վերադարձնելու մօտեցումը միջազգային ընկալումներում բացառելի համարելու առումով: Այս տեսանկիւնից Ֆիոնը, Լը Պէնը, կարելի է ասել, «ծառայութիւն» են մատուցում Հայաստանին եւ հայ ժողովրդին՝ միաժամանակ նպաստելով Ադրբեջանում հիստերիայի նոր ալիքի առաջացմանը:

«yerkir.am»

Յարակից Հրապարակումներ

  • «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս
    «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս

    ԼՂ-ի կարգաւորման հարցում իշխանութիւնը չի առաջնորդւում շուտափոյթ, խուճապային լուծումների տրամաբանութեամբ: Իսկ դա «հողեր յանձնելու» հետ ոչ մի առնչութիւն չունի:

    Ըստ ամենայնի, հէնց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն, թէ՛ բանացկային գործըթնացը եւ թէ՛ «կազանեան փաստաթուղթը» գնահատելով, որպէս ԼՂ-ի փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիւանագիտական գործիքներ: Ահա թէ ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն յուշագրում ամրագրւել կարճ, սակայն ամէն ինչ ասող հետեւեալ ռազմավարական նպատակը. «Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը»: Այլ իրականութիւն, քան Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, ՀՅԴ-ի համար չկայ:

  • Հայազգի Դանիէլ Կազարեանը Ֆրանսիայի ԱԺ-ի ընտրութիւններում առաջադրւել է «Առա'ջ» շարժման կողմից
    Հայազգի Դանիէլ Կազարեանը Ֆրանսիայի ԱԺ-ի ընտրութիւններում առաջադրւել է «Առա'ջ» շարժման կողմից

    Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի գլխաւորած «Առա'ջ» շարժումը երկրի Ազգային ժողովի առաջիկայ ընտրութիւններում Ռոնի նահանգի 13-րդ շրջանում առաջադրել է հայազգի Դանիէլ Կազարեանի թեկնածութիւնը:

  • Արցախում զինւոր է զոհւել
    Արցախում զինւոր է զոհւել

    Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 07:20-ի սահմաններում, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում ադրբեջանական կողմից արձակւած կրակոցից մահացու վիրաւորում է ստացել զինծառայող, 1996 թւականին ծնւած Կարէն Սարիբեկի Դանիէլեանը:

  • Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան
    Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան

    Նոր կառուցւած եւ վերանորոգւած բնակարանների պաշտօնական բացման արարողութեան մասնակցելու համար, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան մայիսի 6-ին մեկնեց Հայաստան եւ ապա Արցախ՝ գլխաւորելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութիւնը, որի մաս էին կազմում Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանն ու Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Տիգրան Ճինպաշեանը։

  • Շփման գծում ադրբեջանական կողմն ականանետով կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղութեամբ. պայթիւններ են եղել
    Շփման գծում ադրբեջանական կողմն ականանետով կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղութեամբ. պայթիւններ են եղել

    Նշւածը եւս մէկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի ճամբարում կամ անձնակազմը չի տիրապետում իր մասնագիտական պարտականութիւններին, կամ բացակայում է ուղղահայեաց կառավարումը եւ ցանկացած հրամանատար առաջնագծում իրեն թոյլ է տալիս գործողութիւն իրականացնելու որոշում ընդունել կամ էլ հակառակ դէպքում նման ստոր քայլերով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը հող է նախապատրաստում իր հետագայ սադրանքների համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։