Հա

Ազգային

14/12/2017

Աղւան Վարդանեան. «Եթէ կառավարութիւնը ցանկանում է աղքատութեան տոկոսային կրճատում, ապա երկնիշ տնտեսական աճ է հարկաւոր»

Եթէ կառավարութիւնը ցանկանում է ունենալ աղքատութեան տոկոսային կրճատում, ապա մենք պէտք է մօտենանք երկնիշ տնտեսական աճին: «tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը: Նա նշեց, որ կայ երկու ուղղութիւն՝ կա՛մ պէտք է առկայ պետական բիւջէի միջոցների աւելի մեծ մասը տրամադրել սոցիալական ոլորտին, որ աղքատութիւնը կտրուկ նւազման թիւ գրանցւի, կա՛մ բիւջէի միջոցները պէտք է դնել կապիտալ ծախսերի ու բիւջէի զարգացման մէջ՝ հետագայի համար։

«alikonline.ir» - Եթէ կառավարութիւնը ցանկանում է ունենալ աղքատութեան տոկոսային կրճատում, ապա մենք պէտք է մօտենանք երկնիշ տնտեսական աճին: «tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը: Նա նշեց, որ կայ երկու ուղղութիւն՝ կա՛մ պէտք է առկայ պետական բիւջէի միջոցների աւելի մեծ մասը տրամադրել սոցիալական ոլորտին, որ աղքատութիւնը կտրուկ նւազման թիւ գրանցւի, կա՛մ բիւջէի միջոցները պէտք է դնել կապիտալ ծախսերի ու բիւջէի զարգացման մէջ՝ հետագայի համար։

 

- Պարո՛ն Վարդանեան, Հայաստանում աղքատութեան ցուցանիշը 29.4 տոկոս է, այսինքն՝ նախորդ տարւայ համեմատ 0.4 տոկոսային կէտով է պակասել: Ի՞նչ է մտածում այս առիթով իշխանութիւնը, սա անհանգստացնող ցուցանիշ չէ՞ երկրի համար:

- Շատ աւելի լուրջ անհանգստացնող ցուցանիշ էր այն ժամանակ, երբ երկրում աղքատութեան ցուցանիշը 54-56 տոկոս էր, թէպէտ այս նւազումն էլ շատ չնչին է ու չի կարող գոհացուցիչ լինել: Բայց կայ երկու ուղղութիւն՝ կա՛մ առկայ պետական բիւջէի միջոցների աւելի մեծ մասը տրամադրենք սոցիալական ոլորտի խնդիրների կարգաւորմանը, որ թիւ ունենանք, թէ աղքատութիւնը կտրուկ նւազել է, կա՛մ բիւջէի միջոցները պէտք է դնել կապիտալ ծախսերի ու բիւջէի զարգացման մէջ՝ ապահովելու յաւելեալ արժէքի ստեղծում, որպէսզի հետագայ տարիներին սոցիալական բարդ այս խնդիրներին իսկապէս կարողանանք արմատական լուծում տալ: Կառավարութեան գործունէութեան ծրագիրը, եթէ նայենք, ապա կը տեսնենք, որ խնդիր է դրւած մինչեւ 2022 թւականը 12 կէտով նւազեցնել աղքատութեան ցուցանիշը: Յոյս ունեմ՝ այն քայլերը, որ այսօր կատարւում են տնտեսութիւնը զարգացնելու առումով, իրենց արդիւնքները կը տան, որ առաջիկայ մէկ-երկու տարիների ընթացքում կը կարողանանք զբաղւել աղքատութեան յաղթահարման խնդրով:

 

- Իշխանութեան Ձեր գործընկերներն ասում են, որ աղքատութեան յաղթահարման հիմնական նախադրեալներից է կայուն տնտեսական աճն ու աշխատատեղեր բացելը: 2018 թւականի բիւջէին նայելով՝ կունենա՞նք այն տնտեսական աճը, որը աղքատութիւնը կը յաղթահարի գոնէ 1 տոկոսով, որովհետեւ գործազրկութեան մակարդակի կրճատման մէջ էլ ՀՀ-ում լուրջ յաջողութիւններ չկան:

- Իհարկէ, զբաղւածութիւնը կարեւորագոյն ցուցանիշ է, բայց եկէք աղքատութեան ցուցանիշին նայենք երկրորդ ասպեկտով: Ցաւօք, մեր հիմնական խնդիրներից մէկը իրական հաշւառում, այդ թւում նաեւ եկամուտների հաշւառում չունենալն է: Մենք ունենք գնահատականներ, որ աղքատութեան ցուցանիշը, իրականում, աւելի բարձր է, բայց նաեւ գնահատականներ ունենք, որ այդ ցուցանիշի մէջ խառը տւեալներ կան: Մենք ունենք թաքնւած զբաղւածութիւն, այսինքն, երբ մարդն աշխատում է, բայց այդ աշխատանքը գրանցւած չէ: Մենք ունենք աշխատավարձերի 2 սխեմա՝ բաց եւ սեւ, եւ դարձեալ քաղաքացիների իրական եկամուտը չի երեւում: Մենք ունենք տրանսֆերտներ, որը դարձեալ չի երեւում աղքատութեան ցուցանիշներում: Այո՛, այն թիւը, որ մենք պաշտօնապէս ունենք, սարսափելի մեծ է, բայց համոզւած եմ, որ այն ուղղութիւնը, որը որդեգրել է կառավարութիւնը, կը նպաստի աշխատատեղերի ստեղծմանը, իսկ դրա նշանները կան մի շարք ոլորտներում, ինչպէս նաեւ աշխատավարձերի իրական հաշւառման դաշտ բերելուն: Այս պարագայում, կարծում եմ՝ 1-2 տարի յետոյ կունենանք այլ պատկեր:

 

- Չե՞ք կարծում, որ առկայ գնաճն այս աղքատութիւնն աւելի կը խորացնի, քանի որ հասարակութեան համար նոր սոցիալական խնդիրներ կը ստեղծի: Այսօր շատերը խօսում են նաեւ սոցիալական բունտի հնարաւորութեան մասին, քանի որ գնաճն ու աղքատութիւնը խառնւել են իրար:

- Մի բան կարող եմ երաշխաւորել, որ թանկացումներն ազդում են հասարակութեան բոլոր շերտերի վրայ, սա ակնյայտ է, ու այստեղ կառավարութիւնն անելիք ունի: Բայց մեր՝ Հայաստանի ժողովրդի պարագայում սոցիալական բունտ ինքնին չի եղել ու չի լինի:

 

- Ինչո՞ւ չի եղել ու չի լինելու, որովհետեւ արտագաղթո՞վ են արտայայտում իրենց սոցիալական դժգոհութիւնը:

- Եկէք նայենք նաեւ արտագաղթի ցուցանիշները մի քանի տարիների յարաբերակցութեամբ: Կը տեսնենք, որ իսկապէս տարբերութիւն դրական առումով կայ: Եթէ 3-4 տարի առաջ 39-40 հազար էր արտագաղթը կազմում, այդ թւերն այսօր նւազել են: ՀՀ-ում հնարաւոր են հասարակական մեծ ցնցումներ միայն այն ժամանակ, երբ սոցիալական հարցերը համադրւում են ազգային, պետական կարեւորագոյն խնդիրների հետ: Կարծում եմ՝ յատկապէս գների զարգացման առումով անելիք կայ, մենաշնորհների զսպման առումով անելիքներ շատ կան, բայց սոցիալական բունտի իրական պատճառ կամ հիմքեր չեմ տեսնում:

 

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ պետութեան, տնտեսութեան զարգացման այս տեմպը Ձեզ բաւարարում է:

- Ոչ, չենք կարող: Մենք բազմիցս ասել ենք, որ վերցւած ուղղութիւնը ճիշտ է, Կառավարութեան վարած քաղաքականութիւնը ճիշտ է, բայց տեմպերը բաւարար չեն: Մենք յոյս ունենք, որ արմատական, որակական փոփոխութիւնը, բարեփոխումները, որոնք կատարւում են, բերելու են նաեւ էական տարբերութեան: Հիմա 2017 թ.-ն կամփոփենք ու կը տեսնեք, որ տնտեսական աճի աւելի բարձր մակարդակ ունենք, քան նախատեսւում էր: Եթէ նայենք նախորդ տարւայ տնտեսական աճի ցուցանիշի հետ համեմատ, ապա կը տեսնենք առաջընթաց: Սակայն, այո՛, համաձայն եմ, որ եթէ ուզում են աղքատութիւնը նաեւ տոկոսային կրճատում ունենայ, ապա մենք պէտք է մօտենանք երկնիշ տնտեսական աճին, սակայն կարծում եմ, որ առաջիկայ տարիների խնդիր է: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։