Հա

Ազգային

13/01/2018

Հայոց Ցեղասպանութեան ճանաչում, Արցախին օգնութիւն. ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը ներկայացրել է 2018 թւականի առաջնահերթ ծրագրերը

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը մօտ մէկ ժամ տեւողութեամբ տեսանիւթով ներկայացրել է ընթացիկ տարւայ համար հայ-ամերիկեան յարաբերութիւններին վերաբերող առաջնային ծրագրերն ու նպատակները: 

«alikonline.ir» - ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը մօտ մէկ ժամ տեւողութեամբ տեսանիւթով ներկայացրել է ընթացիկ տարւայ համար հայ-ամերիկեան յարաբերութիւններին վերաբերող առաջնային ծրագրերն ու նպատակները: տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «Ասպարէզ»-ը, դրանք վերաբերում են Արցախի Հանրապետութեան անվտանգութեանը, Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը, հայ-ամերիկեան տնտեսական, քաղաքական եւ ռազմական կապերի ամրապնդմանը:

Տեսանիւթում ելոյթ է ունենում ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը, որը կոչ է անում Հայաստանի բարեկամներին գործի անցնել ու կառոյցի ծրագրերի իրականացմանը նպաստող նամակներով դիմել ամերիկացի կոնգրեսականներին:

Մասնաւորապէս՝ Արցախի մասով ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը պատրաստւում է ԱՄՆ նախագահի աշխատակազմին խնդրել զգալի ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի այն դադարի խոչընդոտել Արցախում սահմանային լարւածութեան թուլացմանն ուղղւած Ռոյս-Էնգէլ առաջարկի կեանքի կոչմանը: Նշենք, որ տւեալ առաջարկում կոչ է արւում դիպուկահարներին հեռացնել շփման գծից, ԵԱՀԿ-ի կողմից վերահսկւող զարգացած կրակորսիչ համակարգեր եւ ձայնային սարքաւորումներ տեղակայել՝ յարձակումների աղբիւրը ճշտելու համար, ինչպէս նաեւ ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դէպքերն աւելի լաւ վերահսկելու համար:

Բացի այդ, յանձնախումբն առաջարկում է դադարեցնել Բաքւին ռազմական օգնութեան տրամադրման ծրագիրը, Կոնգրեսի կողմից Արցախում ականազերծման աշխատանքների, ինչպէս նաեւ մարդասիրական առաքելութիւնների իրականացման համար առնւազն 8 մլն. դոլար յատկացնել:

Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանութեան հարցին, ապա Հայ Դատի յանձնախումբն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրում է ապրիլի 24-ին հանդէս գալ յայտարարութեամբ ու դատապարտել Թուրքիային: Բացի այդ, կառոյցը Կոնգրեսից ակնկալում է Ցեղասպանութիւնը դատապարտող երկկուսակցական բանաձեւերի ընդունում:

ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի համար առաջնահերթութիւնների շարքում է նաեւ անցած տարւայ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի թիկնազորի ու նրա աջակիցների խմբի անդամների կողմից խաղաղ ցոյց անող հայերի նկատմամբ դաժան յարձակման դէպքի հետաքննութեան շարունակումը: Յանձնախումբը խնդրում է վարչակազմին դիմել Թուրքիային ու պահանջել յարձակման մասնակիցների արտայանձնումն ԱՄՆ-ին:

Բացի այդ, կառոյցը կոչ է անում աւելի սերտ համագործակցել Հայաստանի հետ, երկկողմ առեւտուրն ու ներդրումները զարգացնելու նպատակով կնքել հարկային համաձայնագիրը, ուղիղ չւերթներ բացել Լոս Անջելէսի եւ Երեւանի միջեւ, ինչպէս նաեւ 2019 թւականի բիւջէի շրջանակում առնւազն 40 մլն. դոլար օգնութիւն յատկացնել Հայաստանին՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական, ռազմական կապերը զարգացնելու համար, եւ եւս 40 մլն. դոլար յատկացնել Մերձաւոր Արեւելքից ժամանած փախստականներին ապաստանելու համար:

Ամենավերջում կառոյցը դիմում է ԱՄՆ-ի կառավարութեանը՝ խնդրելով դադարեցնել Թուրքիային ու Ադրբեջանին զէնք-զինամթերքի վաճառքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։