Հա

Ազգային

12/09/2018

Ուզում ենք մեր օրինակով քաղաքացիներին ցոյց տալ, որ ժամանակն է աղբը տեսակաւորելու

«Կարգաւորել աղբահանութեան խնդիրը, ստեղծել աղբի տեսակաւորման եւ էկոլոգիական վերամշակման տնտեսութեան». սա ՀՅԴ աւագանու ընտրութիւնների պլատֆորմի դրոյթներից մէկն է: Սեպտեմբերի 11-ին Հ.Յ. Դաշնակցութեան Երեւանի աւագանու երիտասարդ թեկնածուներ՝ Արաբկիր վարչական շրջանից առաջադրւած Ազատուհի Սիմոնեանը եւ Աջափնեակ վարչական շրջանից առաջադրւած Արգիշտի Գէորգեանը նախաձեռնել էին աղբի հաւաքագրում եւ տեսակաւորում:

«alikonline.ir» - «Կարգաւորել աղբահանութեան խնդիրը, ստեղծել աղբի տեսակաւորման եւ էկոլոգիական վերամշակման տնտեսութեան». սա ՀՅԴ աւագանու ընտրութիւնների պլատֆորմի դրոյթներից մէկն է: Սեպտեմբերի 11-ին Հ.Յ. Դաշնակցութեան Երեւանի աւագանու երիտասարդ թեկնածուներ՝ Արաբկիր վարչական շրջանից առաջադրւած Ազատուհի Սիմոնեանը եւ Աջափնեակ վարչական շրջանից առաջադրւած Արգիշտի Գէորգեանը նախաձեռնել էին աղբի հաւաքագրում եւ տեսակաւորում: Նախաձեռնութեանը միացան ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնն ու ՀՅԴ աւագանու թեկնածուներ Լուսինէ Քարամեանը, Նանէ Հայրապետեանը եւ Սօսէ Մուրադեանը:

ՀՅԴ աւագանու թեկնածուներն Արաբկիր վարչական շրջանի Գիւլբենկեան խաչմերուկից, որտեղ գտնւում է ՀՅԴ Արամ Մանուկեան երիտասարդական կենտրոնը, քայլեցին դէպի Կոմիտասի շուկայ եւ նորից յետ՝ ճանապարհին հաւաքելով ու տեսակաւորելով աղբը:

Ազատուհի Սիմոնեանը նշեց, թէ քանի որ ՀՅԴ նախընտրական պլատֆորմում ներառւած է աղբի տեսակաւորման, վերամշակման եւ դրանից այլընտրանքային էներգիայի ստացման  գաղափարը, ուզում էին իրենց օրինակով ցոյց տալ, թէ ինչպէս են պատկերացնում այդ գործընթացը: «Որպէս թեկնածուներ, երիտասարդներ եւ այս քաղաքի բնակիչներ՝ ՀՅԴ երիտասարդական միութեան հետ որոշեցինք քայլել ու մեզ հետ ունենալ տեսակաւորւած աղբի համար նախատեսւած աղբամաններ, որոնք մշտական գործածութեան մէջ կը դրւեն այս տարածքում գտնւող աղբամանների կողքին: Ուզում ենք մեր օրինակով քաղաքացիներին ցոյց տալ, որ այլեւս ժամանակն է աղբը տեսակաւորել: Աղբի տեսակաւորումից յետոյ փորձելու ենք քաղաքային իշխանութիւն-մասնաւոր ընկերութիւն համագործակցութեամբ ունենալ աղբի վերամշակման գործարան՝ այն վերամշակելու եւ որպէս աւելացւած արժէք մեր տնտեսութեան մէջ գործածելու»,- ասաց Սիմոնեանը:

Նրա խօսքով՝ փորձելու են համայնք առ համայնք քաղաքացիներին ցոյց տալ, որ պէտք է աղբը տեսակաւորել.«Բացի այդ՝ որպէս համահայկական, ցանցային միակ կուսակցութիւն մեր Սփիւռքի օգնութեամբ էլ փորձելու ենք դրսից, Սփիւռքից ներդրողներ բերել՝ քաղաքի մասշտաբներին համապատասխան վերամշակող գործարան բացելու համար: Նախ պէտք է մարդկանց բացատրել այս ամէնը եւ միասին գալ այն համոզմանը, որ պէտք է այլեւս այսպէս ապրել»:

ՀՅԴ աւագանու թեկնածու Արգիշտի Գէորգեանն էլ  տեղեկացրեց, որ տեսակաւորւած աղբով լեցուն աղբամանները կը տեղադրեն ՀՅԴ Արամ Մանուկեան երիտասարդական կենտրոնի տարածքում, որտեղ աւելի հեշտ կը լինի դրանց հետեւելը, ինչպէս նաեւ մարդկանց բացատրելը՝ որ աղբը որտեղ է պէտք գցել: «Մեր տարածքի բնակչութեան հետ աշխատելով՝ կը փորձենք տեսակաւորել աղբը, որպէսզի հետագայում վերամշակման յանձնենք: Ես վստահ եմ, որ սա երեւանցիների համար կարող է մշակոյթ դառնալ: Հայաստանը, լինելով փոքր երկիր, բայց ունենալով մեծ քանակութեամբ աղբ՝ ուղղակի այլ ելք չունի: Տեսէք՝ մենք պլաստիկի, թղթի, ապակու վերամշակող ընկերութիւններ ունենք, սակայն մեզ մօտ աղբի տեսակաւորումն ընդունւած չէ: Եթէ մենք կարողանանք տեսակաւորել աղբը, նման ընկերութիւնների պահանջարկն աւելի մեծ կը լինի եւ ավելի կը շատանա դրանց թիւը»,- ասաց Գէորգեանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։