Հա

Ազգային

22/09/2018 - 10:20

Արամների օրինակը պէտք է վարակիչ դառնայ մեր իշխանաւորների համար

«Ապառաժ»-ի զրուցակիցն է անւանի պատմաբան, հայագէտ, խմբագիր, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ կուսակցութեան արխիւների գիտակ Երւանդ Փամբուկեանը: Նա hայոց պատմութեան եւ հայագիտութեան վերաբերեալ շուրջ երեք տասնեակ գրքեր է կազմել ու խմբագրել: Երւանդ Փամբուկեանի աշխատասիրութեամբ հրատարակւել է «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» խորագրով փաստաթղթերի ժողովածուի 10 հատորներ: 

«alikonline.ir» - «Ապառաժ»-ի զրուցակիցն է անւանի պատմաբան, հայագէտ, խմբագիր, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ կուսակցութեան արխիւների գիտակ Երւանդ Փամբուկեանը: Նա hայոց պատմութեան եւ հայագիտութեան վերաբերեալ շուրջ երեք տասնեակ գրքեր է կազմել ու խմբագրել: Երւանդ Փամբուկեանի աշխատասիրութեամբ հրատարակւել է «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» խորագրով փաստաթղթերի ժողովածուի 10 հատորներ:

Երւանդ Փամբուկեանը վերջերս Արցախում էր՝ մասնակցելու իր կազմած «Արամ Մանուկեան. նամականի» գրքի Արցախեան շնորհանդէսին:

 

- Պարոն Փամբուկեան, «Արամ Մանուկեան. նամականի» ժողովածուի լոյս ընծայումը մեծ խանդավառութեամբ է ընդունւել հասարակական ու գիտական շրջանակներում: Կը խնդրէի ներկայացնէիք, թէ ինչպէ՞ս է այն իրականութիւն դարձել:

- Վերջին 15 տարիների ընթացքում իմ գլխաւոր զբաղմունքը «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» հատորների հրատարակումն էր: Այդ աշխատանքի համար ամէն տարի մէկից մէկուկէս ամիս մեկնում եմ ԱՄՆ Բոստոնի ՀՅԴ արխիւների կենտրոն, որտեղ կատարւում է նիւթերի հիմնական մասի հաւաքումը: Այդ աշխատանքի ընթացքում իմ ուշադրութիւնը գրաւել են Արամի նամակները: Անցած դարերում հաղորդակցութեան հիմնական միջոցը նամակներն էին: Մեր կուսակցական, ղեկավար ընկերները նամակների միջոցով մշտապէս կապի մէջ են եղել եւ՛ գերադաս մարմինների, եւ՛ իրենց ընկերների հետ: Նամակների մէջ գտել եմ շատ արժէքաւոր, հաւաստի տեղեկութիւններ: Համարձակւում եմ ասել, որ դրանց մէջ աւելի շատ իրականութեան ենք հանդիպում, քան ժողովական արձանագրութիւների, տեղեկագրերի մէջ, որտեղ հարցերը բաւականին մշակւած, սղագրւած են, մինչդեռ նամակների մէջ աւելի ճշգրիտ կերպով կարելի է թափանցել իրականութեան մէջ:

Նամակները բովանդակալից են, որով եւ գրաւել են ուշադրութիւնս: Արամ Մանուկեանի ձեռագրերը գտնելու համար հարիւրաւոր թղթածրարներ եմ պրպտել, փնտրել: Տարիների ընթացքում նրա ձեռագիրը, լեզուն արդէն հարազատ են դարձել:

 

- Հետաքրքիր է, արդեօ՞ք Արամ Մանուկեանի գրութիւնների մէջ զգացւում է Արցախի բարբառի ազդեցութիւնը:

- Արամ Մանուկեանը իւրայատուկ գրելու ոճ ունէր: Մասնաւորապէս իր սկզբնական նամակներում շատ են հանդիպում Արցախեան բարբառային բառեր, ասոյթներ: Հետզհետեւ փոխւում է նրա գրագրութեան լեզուն, նոյնիսկ փորձել է արեւմտահայերէն գրել: Դա բնական է, քանի որ երկար տարիներ գործել է Վան-Վասպուրականում, նաեւ որոշ ժամանակ «Աշխատանք» թերթը հրատարակեցին, որտեղ Արամը արեւմտահայերէն է տպագրւել:

 

- Արամի բոլոր ժամանակիցները, այդ թւում եւ ինքը առաւել յայտնի են իրենց գաղտնանուններով: Արդեօ՞ք ինչ-որ տեղ յիշատակութեան հանդիպել էք, թէ ինչպէ՞ս է ընտրւել «Արամ Մանուկեան» անունը:

- Իրական անուն-ազգանունը Սարգիս Յովհաննիսեան է: Երբ ուսումն աւարտելուց յետոյ գործուղւեց Կարս, այնտեղ յայտնի էր Սերգէյ անունով: Նախքան Վասպուրական հասնելը մի քանի ամիս մնաց Ատրպատականում, որտեղ արդէն յայտնի էր Արամ անունով:

Ծածկանուններն անհրաժեշտ էին ցարական, թուրքական գրաքննութիւնից խուսափելու համար: Նամակների մի մասը գաղտնագիր են, գաղտնի մելանով գրութիւններն ունէին նաեւ բաց բաժինը, որտեղ խօսւում է եղանակի, կարօտի, ապրուստի միջոցների սղութեան մասին: Այդպիսի նամակների տակ յաճախ ստորագրում էր «Արամ Սարումեանց»: Ծածկանուններն այնքան շատ են, որ յատուկ գիտելիքներ են պէտք գրողների ինքնութիւնը պարզելու համար: Վասպուրականի հարիւրաւոր գիւղերը, որտեղ կազմակերպական բջիջ էր գործում, յատուկ ծածկանուններ էին կրում: Վասպուրականը մեծ նահանգ էր՝ 39.000 քառ կմ. տարածքով, մինչդեռ Վասպուրականի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէն իր գործունէութիւնը ծաւալում էր շատ աւելի ընդարձակ տարածքի վրայ. Բիթլիս-Բաղեշի վիլայեթի լեռնային գաւառները, Կարինի վիլայեթի Բայազէտի շրջանը ենթարկւում էին այս կոմիտէութեանը: Արամի նամակներում այդ բնակավայրերը յիշատակւում են ոչ թէ բուն անուններով, այլ կուսակցութեան կողմից սահմանւած գաղտնանուններով: Հրատարակւած գրքում ծածկանունով յիշատակւած բոլոր գիւղերի եւ քաղաքների դիմաց նշւած են իսկական անունները:

 

- Նամականին ընդգրկում է 1904-1915 թթ.՝ Արամի գրագրութիւնը: Ինչո՞վ է պայմանաւորւած հէնց այդ ժամանակշրջանի ընտրութիւնը:

- Ժամանակներն այնպիսին էին, որ երիտասարդութեան իդէալն էր գնալ եւ նւիրւել Երկրի ազատագրութեան դատին, մեծագոյն երազ էր կռւի մէջ նահատակւելը: Արցախից, Ջաւախքից եւ Հայաստանի այլ շրջաններից շատ երիտասարդներ մեկնում էին այդ գաղափարով: Արամի ժամանակակիցները՝ Թուման Թումեանցը (Թորգոմ), Եգոր Առստամեանը (Մենակ, Գէորգ), Խանասորի Վարդանը (Սարգիս Մեհրաբեան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տէր-Յովհաննիսեան) այս գաղափարներով են Երկիր հասել: Սասունի ապստամբութեան նախօրեակն էր եւ ամբողջ նահանգը գտնւում էր արտակարգ եռուզեռի մէջ. այդտեղ խմբւած էին բազմաթիւ անւանի մարտիկներ: Սասուն անցնելու նպատակով Կարս եկած Արամը զինեալ խմբի միանալով փորձել է անցնել սահմանը, բայց հիւանդութեան պատճառով հետ է դարձել: Մի քանի խմբեր պատրաստած եւ սահմանն անցկացրած Արամը խոր վիշտ էր ապրում եւ տառապում՝ ամէն անգամ թանկագին ընկերների նահատակութեան լուրն առնելով: Ի վերջոյ, հակառակ Կարսի Կենտրոնական կոմիտէի պնդումներին, Արամը վճռում է անցնել Երկիր, բայց ոչ թէ Սասուն, որտեղ ճնշւել էր ապստամբութիւնը, այլ Վասպուրական:

1904 թ. աշնանը երեք ընկերների ուղեկցութեամբ Արաքսը կտրելով գնաց Խոյ, ապա սահմանամերձ Ս. Թադէի վանքը՝ այնտեղից Վան անցնելու ծրագրով: Ձմռան սաստիկ եղանակների պատճառով ճանապարհներն անանցանելի էին, եւ նա ստիպւած էր մնալ այդտեղ՝ զբաղւելով դէպի Երկիր զէնքի փոխադրութեան հարցերով: Տագնապալի տարիներ էին ոչ միայն Արեւմտեան Հայաստանի, այլ նաեւ հայրենիքի արեւելեան հատւածի համար: Այն օրերին, երբ Արամը գտնւում էր Վասպուրականում, Բաքւում հայերի ջարդեր էին տեղի ունենում:

Նամակների մեծագոյն մասը գրւել է հէնց Վասպուրականում հաստատւելուց յետոյ, մանաւանդ առաջին երկու տարիներին, երբ զբաղւած էր զէնք-զինամթերքի ապահովման գործով: Միայն 1905-1906 թթ. այդ նամակների թիւը հասնում է 240-ի: Դրան հակառակ, 1914-1915 թթ. Արամի գրչին պատկանող սակաւաթիւ գրութիւններ են մեզ հասել: Ցաւօք, այդ տարիների Վասպուրականի, ինչպէս նաեւ կուսակցական միւս շրջանների արխիւը, ժամանակին Ժնեւ չտեղափոխւելով, ոչնչացւել է:

Գրքում տպագրւել են մի քանի նամակներ, որոնք մեր արխիւներից չեն: Դրանք ցարական գրաքննութեան կողմից բռնագրաււած նամակներն են, որոնք գտնւում են Հայաստանի արխիւներում: Նամակներում տեղ գտած որոշ արտայայտութիւններից պարզ է դառնում, որ դրանց որոշ մասը տեղ չի հասել, բայց մեծամասնութիւնը բարեբախտաբար պահպանւել է:

 

- Նամակներն ուսումնասիրելով՝ ի՞նչ նոր բացայայտումներ էք արել Արամի կերպարի մէջ:

- Արամը շատ անձնուրաց, սակաւակեաց անձնաւորութիւն էր, չարքաշ կեանք էր վարում: Օսմանեան պետութեան հայահալած քաղաքականութեան օրերին տեղի ու եկւոր գործիչները ընդյատակեայ գործ էին կատարում: Մի վայրում առաւելագոյնը երկու գիշեր կարող էին մնալ, պէտք է անընդհատ տեղափոխւէին: Արամը ահաւոր յօդացաւեր, տեսողութեան հետ կապւած խնդիրներ ունէր, դժւարութեամբ էր շարժւում: Նրան երբեմն շալակած էին փոխադրում տեղից տեղ:

Վասպուրականում մի տարեց կին, տեսնելով դրսից եկածների վիճակը, հարցնում է, այ տղայ դու հայր-մայր, ընտանիք չունե՞ս:

Չէ,- պատասխանում է Արամը,- ես երկնքից եմ իջել:

Արամը սիրւեց, ընդունւեց վանեցիների կողմից, ովքեր դրսեկների նկատմամբ վերապահ էին: Ինքն էլ սիրեց Վան-Վասպուրականը, Վասպուրականում գտնւելու այդ աւելի 10 տարիների ընթացքում վանեցի դարձաւ: Վանեցիների նման ինքն էլ Վանը դրախտ էր անւանում:

Վանն ապահովւել էր պաշտպանութեան անհրաժեշտ միջոցներով, եւ միայն դրա շնորհիւ կարողացաւ 1915 թ. Եղեռնի ժամանակ զէնքի դիմելով յաղթանակով դուրս գալ: Տեղի հայերի փրկութեան համար պարտական ենք Վանի դաշնակցական ղեկավարներին, Արամի համբերատար, տքնաջան աշխատանքին, որն արտացոլւած է նրա նամակներում՝ որքան փամփուշտ, զէնք է ստացւել, ինչի կարիք կայ, ինչն է պակասորդի պատճառը: Տպաւորութիւն կայ, թէ գիշեր-ցերեկ զբաղւած էր զէնք-զինամթերքի խնդիրներով: Բայց, բացի դրանից, նրա ուսերին էր ամբողջ Վասպուրականի շրջանի կուսակցական գործերի ղեկավարութիւնը, որն ընդգրկում էր կեանքի բոլոր ոլորտները՝ կազմակերպական, մշակութային, քաղաքական, կրթական, քարոզչական եւ այլն:

Միւս գործիչների ցուցամոլութիւնը չունէր, ինքը ստւերի մէջ էր, գործը ընդհանուրինն էր, ինքը՝ դրա մի մասնիկը:

Բնոյթով համեստ մարդ էր, բայց միեւնոյն ժամանակ իր գրութիւններում, յատկապէս վերադաս մարմիններին ուղղւած նամակներում համարձակ էր, յանդուգն, բուռն քննադատող: Այսօր դժւար է երեւակայել, որ Բիւրոյի հետ որեւէ գործիչ այդպիսի լեզւով կը խօսի, բայց նրան չէին պատժում, որովհետեւ հասկանում էին, որ անձնականի, նիւթականի, իր յարմարաւէտութեան մասին չի մտահոգւում, այլ ժողովրդի ցաւի թարգմանն է:

ՀՅԴ մեծերը, յատկապէս Ռոստոմը, յատուկ վերաբերմունք, գուրգուրանք ունէին Արամի նկատմամբ, նրա մէջ էին տեսնում Դաշնակցութեան գործը արժանաւոր շարունակողին: Եւ պատահական չէ, որ կազդուրւելու համար Եւրոպա մեկնելու յատուկ հրահանգ տւեցին: Ռոստոմը Ժնեւում ապրող իր ընկերջը գրում էր, որ այդ օրերին իրենց մօտ է գտնւում Արամը, «նրան քշեցէք մէկ հեռաւոր անկիւն, մարդու երես չտեսնի»: Բայց չի յաջողւում «մեկուսացնել» Արամին, «Դրօշակ»-ի խմբագրութիւնում է աշխատում, թղթակցում:

Անշահախնդիր նւիրւածութիւն ունէր իր գործին: Գրքում տպագրւած եւ այլ լուսանկարներում նա կոստիւմով է, բայց դրանք բոլորը վարձով վերցւած, փոխ առնւած էին: Միայն Արամը չէր, միւս ղեկավարներն էլ նոյնն էին: Եթէ ուշադրութիւն դարձնենք, բոլորը միեւնոյն կոստիւմով են լուսանկարւել: Թուրքերը նրան «փաշա» էին ասում, Հայաստանում նրան դիկտատոր էին անւանում: Ի՞նչ դիկտատոր, նա ամենաժողովրդավար մարդն էր: Իր խառնւածքին, բնաւորութեանը բոլորովին անյարիր էին այս որակումները: Իր գործին անմնացորդ նւիրւած համեստ մարդ էր: Արամների օրինակը պէտք է վարակիչ դառնայ այսօրւայ մեր իշխանաւորների համար:

 

- Չնայած Ձեր պատկառելի տարիքին, դուք հրատարակել եք այս արժէքաւոր աշխատութիւնը, եւ ենթադրելի է, որ տպագրութիւնից յետոյ նոր աշխատանքի էք լծւելու:

- Այո, շատ-շատ նիւթեր կան, որ արժանի են յատուկ ուշադրութեան, հաւաքւելու, ժողովածու կազմելու: Օրինակ, մէկ այլ արցախցու՝ Նիկոլ Դումանի նամակները, որոնք ես ամբողջացրել եմ եւ, հաւանաբար, Աստծոյ կամօք յաջորդիւ կը հրատարակւի:

Հարցազրոյցը՝ Տաթեւիկ Աղաջանեանի

«Ապառաժ»

Յարակից լուրեր

  • Հարցազրոյց՝ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանի հետ
    Հարցազրոյց՝ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանի հետ

    Սպահանից շուրջ 30 կիլոմետր հեռաւորութեան վրայ դէպի հիւսիս գտնւող Շահինշահր քաղաքը, որն հիմնադրւել է շուրջ յիսուն տարի առաջ, իր գոյութեան առաջին տարիներից ի վեր, կայուն եւ կենսունակ հայ համայնքի ձեւաւորման ականատեսն է եղել. համայնք, որը Նոր Ջուղայից յետոյ համարւել եւ համարւում է Սպահանի հայոց թեմի ամենամարդաշատ համայնքներից։ Թէեւ տարածաշրջանի միւս հայկական համայնքների նման, վերջին տարիներին նօսրացել է նաեւ Շահինշահրի հայութեան թիւը, սակայն այն կարողացել է պահպանել իր աշխոյժ կեանքը։

  • Նորա Արիսեան. «Ազգային կառոյցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է»
    Նորա Արիսեան. «Ազգային կառոյցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է»

    Սիրիայի քաղաքներն արդէն ազատւել են ահաբեկչական խմբաւորումներից, սակայն պատերազմը դեռ աւարտւած չէ: Սիրիայի խորհրդարանական պատւիրակութեան կազմում օրերս Հայաստանում էր այդ երկրի խորհրդարանի հայ պատգամաւոր Նորա Արիսեանը։

  • Հարցազրոյց Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանում
    Հարցազրոյց Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանում

    Էմամ Խոմէյնիի դամբարանային համալիրի մշակութային տեղակալութեան կից «Հարիմ-է Էմամ» շաբաթաթերթը Ս. Ծննդեան տօների հետ կապւած նպատակ ունի «Իսլամական յեղափոխութիւնը եւ կրօնական փոքրամասնութիւնները» խորագրով մասնաւոր համար հրապարակել, որտեղ ներկայացւելու է Յիսուս Քրիստոսը ու նաեւ անդրադարձ է կատարւելու իրանցի քրիստոնեաների մատուցած ծառայութիւններին:

  • Սաստելով չի կարելի մարդկանց մղել աշխատելու
    Սաստելով չի կարելի մարդկանց մղել աշխատելու

    «Հայոց Աշխարհ»-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանի հետ:

  • Արամ Ա-ի հռչակած Վերանորոգման եւ վերականգնման տարին Հալէպում նոր թափ է ստանում
    Արամ Ա-ի հռչակած Վերանորոգման եւ վերականգնման տարին Հալէպում նոր թափ է ստանում

    Սիրիայի`եօթ տարի տեւած պատերազմից ամենաշատը տուժած քաղաքներից մէկը, անկասկած, հայաբնակ Հալէպն էր: 2016 թւականի դեկտեմբերի 12-ին սիրիական բանակի ջանքերով Հալէպի ազատագրումից անմիջապէս յետոյ սկսւեցին քաղաքի վերակերտման աշխատանքները: Քաղաքի վերականգնման աշխատանքների, վնասներ կրած ազգային կառոյցների, հայ աշակերտութեան եւ խաղաղութեան հաստատումից յետոյ Հալէպ վերադարձողների մասին «yerkir.am»-ը զրուցել է հալէպահայ գրող-վերլուծաբան Յարութ Օրտեքեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։