Հա

Ազգային

05/11/2018 - 13:10

Արթուր Խաչատրեան. «Ապրել ազատ, անկախ ու միացեալ Հայրենիքում»

Նոյեմբերի 2-ին Նոր Ջուղայում տեղի է ունեցել Դաշնակցութեան օրւան նւիրւած հանդիսութիւն, որի ընթացքում, որպէս բանախօս, հանդէս է եկել ՀՀ Գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանը:

«alikonline.ir» - Նոյեմբերի 2-ին Նոր Ջուղայում տեղի է ունեցել Դաշնակցութեան օրւան նւիրւած հանդիսութիւն, որի ընթացքում, որպէս բանախօս, հանդէս է եկել ՀՀ Գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանը: Գրում է «yerkir.am»-ը:

Ուժեղ են մեր այն գաղութները, որտեղ ուժեղ է Դաշնակցութիւնը, ուժեղ են ուղեկից կառոյցները. անդրադառնալով հայապահպանութեան գործում ՀՅԴ դերին` ասել է բանախօսը:

«Այսօր մենք նշում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 128-ամեակը՝ Դաշնակցութեան օրը: Դաշնակցութիւնը հայ իրականութեան անբաժան մասն է 19-րդ դարից, իսկ այսօր արդէն 21-րդ դարն է: Այսօր` այս տօնական օրը, մենք պարտաւոր ենք եւս մէկ անգամ արժեւորել Դաշնակցութեան գործունէութիւնը, նրա տեղն ու դերը հայ իրականութեան մէջ, հայ ժողովրդի կեանքում:

Դաշնակցութիւնը մարմնաւորում է մեր ժողովրդի իղձերն ու նպատակները՝ ապրել ազատ անկախ ու միացեալ հայրենիքում: Այս նպատակին հասնելու համար երեք դարերի ընթացքում տասնեակ հազարաւոր դաշնակցականներ պայքարում են սրով, գրչով եւ բահով»,- նշել է նա:

Խաչատրեանի խօսքով` ազատ հայրենիքը բացառում է որոշումների կայացումը պարտադրանքի կամ սպառնալիքի տակ՝ կանխելով անհատի նկատմամբ պետութեան ու հասարակութեան կողմից կամայական ոտնձգութիւնները եւ սահմանափակումները: «Մենք երբեք չենք ուզել ազատ կամքի բռնութիւն եւ երբեք չենք հանդուրժելու, որ մեր հայրենիքում ազատ մարդու նկատմամբ բռնութիւններ կիրառւեն, լինեն արտօնեալներ ովքեր վեր են օրէնքից: Մենք պայքարում ենք անկախ Հայաստանի համար: Հայաստանը պէտք է վարի իր անկախ արտաքին քաղաքականութիւնը, այլ ոչ թէ այլ պետութիւնների ձեռքին խաղալիք դառնայ կամ սպասի, թէ այլ տէրութիւններ ի՞նչ խորհուրդներ կը տան` ինչպէս եւ դէպի ուր շարժւել: Եւ վերջապէս, մենք պայքարում ենք Միացեալ Հայաստան կերտելու համար: Հայաստանի քաղաքական ուժերից մենք թերեւս միակն ենք, որ վառ ենք պահում կորցրած հայրենիքը յետ բերելու տեսլականը»,- ասել է նա:

Ըստ Խաչատրեանի` որոշ «իմաստուններ» վերջերս սկսել են Դաշնակցութեանը քննադատել, թէ դաւաճանել են, Վանը, Արդահանը, Կարսն ու Էրզրումը ծախել են, 160 հազար տարածքից (ոմանք, ոգեւորութեան պահին նոյնիսկ 300 հազար քառակուսի կիլոմետր են նշում) 30 հազար քառակուսի կիլոմետր են թողել, այն էլ` միայն շնորհիւ նրա, որ բոլշեւիկները եկան ու փրկեցին: «Երբ լսում եմ այս վայ քննադատներին, յիշում եմ Էյնշթէյնի յայտնի խօսքերը. «Աշխարհում անսահման են միայն տիեզերքն ու մարդկային ապուշութիւնը, ընդ որում` առաջինի մասով դեռ կասկածներ ունեմ»: Նրանք մոռանում են, որ մինչեւ 1918 թւականի մայիս, դարեր շարունակ Հայոց գահը կորցնելուց յետոյ, Հայաստանը եղել է զուտ աշխարհագրական տեղանուն, եւ Դաշնակցութիւնն էր, որ Հայաստանը դարձեալ դարձրեց քաղաքական անուն: Դաշնակցութիւնն էր, որ կազմակերպեց եւ ղեկավարեց հայոց զինեալ պայքարը եւ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում: Դաշնակցութիւնն էր, որ դարերի ընդմիջումից յետոյ վերականգնեց հայոց պետականութիւնը: Անկախ պետականութեան կորստից յետոյ կազմակերպեց Սփիւռքը, նւիրւեց հայապահպանութեան գործին, արթուն պահեց անկախութիւնը վերականգնելու յոյսը: Դաշնակցութիւնն էր, որ Արցախեան ազատամարտի առաջին օրերից կանգնեց ռազմաճակատի առաջնագծում: Այն ժամանակ, երբ Սովետական Պերեստրոյկայով խանդավառ ժողովուրդը «Լենին, պարտիա, Գորբաչով» էր վանկարկում, Դաշնակցութիւնն Արցախում զինեալ ջոկատներ էր ստեղծում, կամաւորներ էր զինւորագրում: Ցաւոք, նրանցի շատերը չվերադարձան տուն….

 Հայաստանի անկախութեան վերականգնումից յետոյ էլ Դաշնակցութիւնը միշտ սատարել է մեր պետականութեան կայացմանը, նոյնիսկ այն ժամանակ, երբ օրւայ իշխանութիւնների կողմից քաղաքական հալածանքների էր ենթարկւում: Յիշենք 1992-ին ընկ. Հրայր Մարուխեանի արտաքսումը Հայաստամից, 1994-ի դեկտեմբերին ՀՅԴ գործունէութեան կասեցումը Հայաստանում ու մեր բազմաթիւ ընկերների կալանաւորումը՝ կեղծ մեղադրանքով, 1995-ին նոր բանտարկութիւններ ու ընտրութիւններին մեր մասնակցութեան արգելքը»,- նշել է բանախօսը:

Նրա խօսքով` այո՛ ՀՅԴ-ն մաս է կազմել Ռոբերտ Քոչարեանի կառավարութեանը, համագործակցել այդ օրւայ իշխանութիւնների հետ, քանի որ մօտեցումները, մասնաւորապէս՝ Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու փոխհատուցման հարցերում համընկել են: Ընդ որում` երբ Հայաստանում ՀՅԴ-ն արգելւած էր, Արցախում Դաշնակցութեան գործունէութեան վրայ որեւէ սահմանափակում չկար:

«Սակայն, մաս կազմելով կառավարութեանը, մենք ունեցել ենք մեր ուրոյն ոճն ու ձեռագիրը՝ երբեք չնոյնանալով իշխող կուսակցութեան հետ, փորձելով ներսից շտկել կառավարութեան քաղաքականութիւնը: Երբեմն դա մեզ յաջողւել է, երբեմն՝ ոչ կամ ոչ այն աստիճանի, որ կը ցանկանայինք»,- ասել է Խաչատրեանը` յաւելելով, որ 2009-ին էլ, համաձայն չլինելով Սերժ Սարգսեանի «ֆուտբոլային դիւանագիտութեանը», ՀՅԴ-ն դուրս եկաւ իշխող կոալիցիայից եւ դարձաւ կառավարութեան անխնայ քննադատը:

Ըստ նրա` 7 տարի լինելով ընդիմադիր, 2016-ի գարնանը ՀՅԴ-ն ընդունեց նախագահ Սերժ Սարգսեանի` նոր կառավարութեանը մաս կազմելու հրաւէրը մի պարզ պատճառով` երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը ծանր էր, եւ հանրապետականները գիտակցում էին, որ անհրաժեշտ է Դաշնակցութեան հետ համագործակցել՝ իրավիճակը շտկելու համար:

 «Միանալով կառավարութեանը` մենք շարունակել ենք ներսից պայքարել իրական բարեփոխումների անցկացման համար` մշտապէս իշխանութիւններին մատնացոյց անելով երկրում առկայ դժվարութիւնները, ժողովրդական դժգոհութեան աճող մակարդակը, կոռուպցիոն երեւոյթների անթոյլատրելիութիւնը, քրէական եւ բիզնես շրջանակների (այսպէս կոչւած՝ օլիգարխների) քաղաքական դաշտ մուտք գործելու անթոյլատրելիութիւնը: Առանձնապէս շեշտադրել էինք կոռուպցիայի դէմ պայքարի անհրաժեշտութիւնն ու 2017 թւականին ազատ, արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու հրամայականը: Ցաւոք, մեր նախազգուշացումները տեղ չհասան: Սոցիալական բեւեռացումը, տնտեսութեան ու քաղաքականութեան մէջ կլանային համակարգի ձեւաւորումը, կոռուպցիան եւ բացայայտ աճուրդի վերածւած ու ժողովրդի տրամադրութիւնները չարտայայտող խորհրդարանական ընտրութիւնները Հայաստանում ժողովրդական ընդւզումը դարձրեցին անխուսափելի:

Զարգացումների հետագա ընթացքին դուք անշուշտ տեղեակ էք: Ապրիլի 25-ին ՀՅԴ-ն դադարեցրեց իր համագործակցութիւնը Հանրապետական կուսակցութեան հետ եւ դուրս եկաւ քաղաքական կոալիցիայից՝ իր աջակցութիւնն ու զօրակցութիւնը յայտնելով ժողովրդական շարժմանը: Մայիսի 8-ին Նիկոլ Փաշիեանն ընտրւեց Հայաստանի Հանրապետութեան վարչապետ եւ հրաւիրեց Դաշնակցութեանը` մաս կազմելու ազգային համաձայնութեան կառավարութեանը: Կառավարութիւնում ՀՅԴ ստանձնեց նախարարական երկու պորտֆել՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւնը (աւելի յաճախ այս նախարարութիւնը կոչւում է իր հին անունով՝ էկոնոմիկայի նախարարութիւն) եւ գիւղատնտեսութեան նախարարութիւնը: Վերջինիս պատասխանատւութիւնը ստանձնեցի ես: Դաշնակցութիւնը ստանձնեց նաեւ երկու մարզերի՝ Արագածոտնի եւ Գեղարքունիքի պատասխանատւութիւնը»,- նշել է բանախօսը` յաւելելով, որ իրենց գործունէութիւնն իրականացնելիս դաշնակցական նախարարներն ու մարզպետները որդեգրել են մի քանի յստակ մօտեցումներ, որոնք բխել են Դաշնակցութեան արժէքային համակարգից, ջանք չեն խնայել իրենց ոլորտների կամ մարզերի զարգացման համար:

Սակայն, ըստ Խաչատրեանի, Հայաստանում քաղաքական մթնոլորտը գնալով շիկանում էր. քաղաքական ուժերին սկսեցին բաժանել սեւերի ու սպիտակների, յեղափոխականների ու հակայեղափոխականների, քաղաքական խորհրդակցութիւնները քաղաքական ուժերի միջեւ կանգ առան, առաջացան ջրբաժաններ, իսկ Երեւանի աւագանու ընրութիւնները ցոյց տւեցին, որ ազգային համաձայնութեան կառավարութիւնն այլեւս երկար չի դիմանայ: Իշխող քաղաքական ուժը, առանց կառավարութեան գործընկերների հետ քննարկումների, առանց համապատասխան ընտրական միջավայրի ձեւաւորմանը պարտադրեց ընտրութիւններն անցկացնել այս տարւայ դեկտեմբերին: ՀՅԴ-ն յետ կանչեց իր նախարարներին, ազգային համաձայնութեան կառավարութիւնը ցրւեց:

«Սակայն, նոյնիսկ այժմ, գտնւելով ընդդիմադիր դաշտում, Դաշնակցութիւնն առաջնորդւում է կառուցողականութեան սկզբունքներով՝ աջակցելով կառավարութեան այն նախաձեռնութիւններին, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետութեան տնտեսական զարգացմանն ու հայկական երկու պետութիւնների անվտանգութեան ապահովմանը եւ անխնայ քննադատելով կառավարութեան այն քայլերը, որոնք հակասում են մեր սկզբունքներին»,- ասել է բանախօսը:

Խաչատրեանը նշել է, որ Դաշնակցութիւնը դեկտեմբերի 9-ին մասնակցելու է խորհրդարանական ընտրութիւններին` անկախ նրանից, որ համոզւած են` քաղաքական ուժերի համար հաւասար մրցակցային պայմաններ ապահովւած չեն:

«Երկիրը կանգնած է ընտրութեան առաջ: Անցեալին արդէն վերադարձ չկայ: Այժմ պէտք է անցնել երկրի կառուցման բարդ ու պատասխանատու գործին: Դաշնակցութիւնն` իր համահայկական կառոյցով, ունի բաւականաչափ կամք, միտք եւ ուժ` ստանձնելու երկրի նկատմամբ պատասխանատւութեան իր բաժինը: Յոյս ունեմ, որ գալիք ընտրութիւններում Հայաստանի ժողովուրդը ճիշտ ընտրութիւն կը կատարի եւ կընտրի այն ուժին, որն արդէն 128 տարի իր կողքին է, երբեք նրան չի դաւաճանել եւ առաջնորդել է ժողովրդին վճռական պահերին»,- ելոյթը եզրափակել է Արթուր Խաչատրեանը:

Յարակից լուրեր

  • Պարգեւ Սրբազան. «Շնորհակալ եմ Դաշնակցութեանը, որ 130 տարի ազգային մեր դրօշը յամառօրէն փորձել է բարձր պահել»
    Պարգեւ Սրբազան. «Շնորհակալ եմ Դաշնակցութեանը, որ 130 տարի ազգային մեր դրօշը յամառօրէն փորձել է բարձր պահել»

    Հայկական երկու հանրապետութիւնների եւ Հ.Յ. Դաշնակցութեան քայլերգերով Արցախի Ազգային ժողովի դահլիճում մեկնարկեց ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը: 

    Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը ընթերցեց Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի` ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովին յղած ուղերձը: Այնուհետեւ իր օրհնանքի  խօսքը փոխանցեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:

  • Հրանտ Մարգարեան. «Այդպէս էլ չհասկացան, որ կայ ու կը մնայ Դաշնակցութիւնը»
    Հրանտ Մարգարեան. «Այդպէս էլ չհասկացան, որ կայ ու կը մնայ Դաշնակցութիւնը»

    Արդէն սովորոյթի ուժ է ստացել իւրաքանչիւր Ընդհանուր ժողովի առիթով ասելը, որ այն բացառիկ ազգային-քաղաքական իրավիճակում է տեղի ունենում։ Այսուհանդերձ, ընդունենք, որ նախորդ ժողովին յաջորդած տարիներից իւրաքանչիւրը իսկապէս բացառիկ կարեւոր ու լարւած է եղել մեր ժողովրդի եւ կուսակցութեան համար. յիշենք Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակը, ապրիլեան քառօրեայ պատերազմը, ՊՊԾ գնդի գրաւումը, նոր Սահմանադրութեան ընդունումը, վերջապէս`ժողովրդական մեծ շարժումն ու իշխանափոխութիւնը:

  • ՀՅԴ 128-ամեակի ժողովրդային տօնակատարութիւն` Այնճարի մէջ
    ՀՅԴ 128-ամեակի ժողովրդային տօնակատարութիւն` Այնճարի մէջ

    Շաբաթ, 12 յունուարի երեկոյեան ժամը 7:00-ին, Այնճարի հայութիւնը արժանաւոր կերպով նշեց ՀՅ Դաշնակցութեան 128-ամեակը` ժողովրդային տօնակատարութեամբ մը, որ տեղի ունեցաւ Այնճարի «Գալուստ Կիւլպէնկեան» սրահին մէջ, կազմակերպութեամբ` ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի քարոզչական յանձնախումբին:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով։ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ։ 

  • 2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում
    2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում

    Յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ 2019 թւականի Ամանորի առթիւ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։