Հա

Ազգային

08/11/2018 - 08:00

Կիրօ Մանոյեան. «Իրանի ներսում կան խմորումներ, որոնք առնւազն պէտք է մտահոգեն մեզ»

ԱՄՆ-ի խնդիրը, Իրանի հետ կապւած, իսկապէս, մտահոգիչ է. այն պատժամիջոցները, որոնք Միացեալ Նահանգները կիրառում է Իրանի նկատմամբ, ԵՄ-ն չի ընդունում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով Իրանի հետ կապւած վերջին զարգացումներին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի խնդիրը, Իրանի հետ կապւած, իսկապէս, մտահոգիչ է. այն պատժամիջոցները, որոնք Միացեալ Նահանգները կիրառում է Իրանի նկատմամբ, ԵՄ-ն չի ընդունում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով Իրանի հետ կապւած վերջին զարգացումներին:

Նրա խօսքով՝ արդէն իսկ տեսանք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի տարածաշրջանային այցի նպատակներից մէկն էլ տարածաշրջանի երկրներին զգուշացնելն էր, եւ այդպէս էլ շարունակւելու է:

Ըստ Մանոյեանի՝ Հայաստանի վրայ ճնշումները կը շարունակւեն, որպէսզի Իրանի հետ յարաբերութիւնները նւազագոյնի հասնեն, քանի որ ԱՄՆ-ն այդպէս է որոշել: «Իսկ թէ որքան է արդար ԱՄՆ-ի որոշումը, այլ հարց է, քանի որ եթէ
ԵՄ-ն չի կիսում ԱՄՆ-ի մօտեցումը, դա խօսում է այն մասին, որ Միացեալ Նահանգներն այդ որոշումը կայացրել է` ինչ-ինչ հաշիւներից ելնելով: ԱՄՆ-ում դեմոկրատների ընտրութիւնը կարող է ինչ-որ չափով ազդել, որ այդ պատժամիջոցները մի փոքր մեղմանան: Սակայն մինչ այդ այս խնդիրը մեզ համար մտահոգիչ է»,- ասաց նա:

Մանոյեանի խօսքով՝ չի կարելի միաժամանակ գոհացնել ԱՄՆ-ին եւ շարունակել յարաբերութիւններն Իրանի հետ, հարկաւոր են բացատրական աշխատանքներ: Այս հարցում, ըստ նրա, իր դերը կարող է ունենալ ԱՄՆ-ի հայ համայնքը, որպէսզի տեղի իշխանութիւններին բացատրի, որ Հայաստանն այլընտրանք չունի:

Ըստ Մանոյեանի` մենք փորձեցինք Թուրքիայի հետ յարաբերութիւնները բնականոն դարձնել, բայց չստացւեց, եւ մեղաւորը թէեւ Թուրքիան էր, բայց պատասխանատւութեան իր բաժինն ունի նաեւ ԱՄՆ-ը: «Երբ 10 տարի առաջ հնարաւորութիւն ունէին Թուրքիայի վրայ աւելի շատ ճնշում գործադրելու, հիմա այդ հնարաւորութիւնն էլ չունեն: Այսօրւայ Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ ցամաքային կապը միայն մեր երկու հարեւանների տարածքով է՝ Վրաստանի եւ Իրանի, ուստի Իրանի հետ շարունակելու ենք մեր տնտեսական յարաբերութիւնները: Պարզ է, որ այս ընթացքում Հայաստանը միշտ զգոյշ է եղել ոչ միայն Իրանի հետ, այլեւ, առհասարակ, արտաքին յարաբերութիւններում, որ այնպէս չանի՝ արտաքին յարաբերութիւնները որեւէ մէկի դէմ ուղղւած լինեն: Այդքանն առնւազն պէտք է բաւարարի ԱՄՆ-ին»,- ասաց նա:

Մանոյեանի գնահատմամբ՝ այստեղ կարող է ինչ-որ չափով օգտակար լինել ԵՄ-ի պահւածքը, սակայն դա էլ խնդիր է, քանի որ նոյն եւրոպական ընկերութիւնները մի քանի օր առաջ դեռ ունեին տնտեսական յարաբերութիւններ Իրանի հետ, սակայն այսօր այդ յարաբերութիւնները կասեցնում են, քանի որ դա բացասաբար կարող է անդրադառնալ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների վրայ: «Իսկապէս բարդ է մեր վիճակը, սակայն մենք շատ այլընտրանք ու տարբերակ չունենք, ինչի համար էլ անհրաժեշտ է, որ շարունակենք եւ' մեր տնտեսական յարաբերութիւնները սերտացնել Իրանի հետ, եւ' բացատրական աշխատանք տանել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մօտ»,- նշեց նա:

Խօսելով ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեան մասին, թէ Հայաստան-Իրան սահմանը կարող է դէ ֆակտօ փակւել, Մանոյեանը նշեց, որ այնքան էլ չի հասկացել Փաշինեանի ասածը: Նրա խօսքով՝ եթէ խօսքը երկկողմ յարաբերութիւնների մասին է, սահմանի` դէ ֆակտո փակւելու խնդիր չկայ, բայց եթէ խօսքը վերաբերում է նրան, որ ԱՄՆ-ը ռազմական գործողութիւններով  կարող է այդ յարաբերութիւններն անհնարին դարձնել, ապա անհասկանալի է: «Երրորդ պետութիւնների կողմից կարող է Իրանի վրայով ինչ-որ բան չգալ Հայաստանի վրայ, բայց ուղղակի երկկողմ յարաբերութիւնների դէպքում չեմ կարծում՝ կարող է դէ ֆակտօ լինել: Երրորդ պետութիւնների կողմից էլ հարց է. հիմնական թիրախը նաւթն է, իսկ մենք արդէն իսկ նաւթ չենք գնում Իրանից»,- ասաց Մանոյեանը:

«Yerkir.am»-ը հետաքրքրւեց` արդեօ՞ք Իրանի քաղաքականութիւնը փոխւել է Հայաստանի նկատմամբ՝ հաշւի առնելով հոկտեմբերի 30-ին Ստամբուլում Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ու համատեղ յայտարարութիւնը: Ի պատասխան Մանոյեանը նշեց, որ երեք պետութիւնների արտգործնախարարների յայտարարութեան մէջ խօսք չի եղել ժողովուրդների իրաւահավասարութեան եւ ինքնորոշման իրաւունքի մասին: «Առաջին անգամ չէ, որ Իրանը կողմ է քւէարկել Ղարաբաղի մօտեցումներին կամ Ղարաբաղի շահերի դէմ բանաձեւի, բայց դա իրականում չի դրսեւորւել Իրանի քաղաքականութեան մէջ: Այս պահին այլ մտահոգութիւն կայ. Իրանը՝ որպէս պետութիւն, ոչ թէ իր կեցւածքն է փոխել, այլ Իրանի ներսում կան խմորումներ, որոնք առնւազն պէտք է մտահոգեն մեզ: Իրանի ներսում այսօր ոչ միայն պանթիւրքիստներն են, որ սկսել են խոսել Ղարաբաղի հարցի, իրաւունքների դէմ՝ փորձելով պաշտպանել Ադրբեջանին: Սա դրսեւորւում է տարբեր ձեւերով, եւ ինչքան էլ իշխանութիւնների մէկ թեւը փորձում է նման նախաձեռնութիւնների առաջն առնել, այդ խմորումները փաստ են»,- ասաց նա:

Մանոյեանի խօսքով՝ այդ խմորումների առկայութեան պատճառներից մէկն էլ կարող է լինել այն, որ  դրանց միջոցով Իրանի կառավարման համակարգից ոմանք ցանկանում են սիրաշահել Ադրբեջանին, սակայն իրականում դա չի ստացւի: Ըստ նրա՝ Ադրբեջանին սիրաշահել այս պայմաններում, երբ ԱՄՆ-ի հետ էլ շատ սերտ յարաբերութիւններ ունի Ադրբեջանը, չի ստացւի: «Ադրբեջանի վարած քաղաքականութիւնն Իրանի շահերին դէմ է, դրա համար էլ Իրանի կողմից որեւէ նման քայլ չի կարող այնքան շահագրգռել Ադրբեջանին, որ նա իր քաղաքական ուղղութիւնը փոխի: Ադրբեջանը կարող է ցոյց տալ, որ գոհ է Իրանի՝ նման քայլերից, բայց իր քաղաքականութիւնն Իրանի դէմ չի փոխի: Սա մեզ համար մտահոգիչ է, քանի որ խմորումները հենց երկրի ներսում են»,- նշեց Մանոյեանը:

Նա անդրադարձաւ նաեւ Իրանի հետ յարաբերութիւններումՀ այաստանի վարած քաղաքականութեանը՝  ասելով, որ չի կարծում, թէ Հայաստանի կողմից որեւէ անյստակութիւն կայ: Նրա խօսքով՝ գուցէ Հայաստանում տեղի ունեցած փոփոխութիւններն Իրանի իշխանութիւնների համար այնքան էլ հասկանալի չէին, եւ այդ իմաստով աշխատանքներ ունենք անելու: «Մեզ մօտ որոշ յստակեցումների հարց կայ եւ ոչ այնքան ներսում, որքան դրսի գործընկերների համար՝ պարզելու, թէ Հայաստանում տեղի ունեցածն ինչ շարունակութիւն կարող է ունենալ: Անհրաժեշտ է այդ վստահութիւնը տալ մեր  հարեւաններին, որ մեր երկրի ներսում զարգացումները նպատակ չեն հետապնդում յարաբերութիւնները վատացնելու հարեւանների, գործընկերների հետ: Իսկ Իրանի հետ յարաբերութիւններում, առհասարակ, բացի մեր յարաբերութիւններն էլ աւելի սերտացնելուց, այլ բան չունենք անելու»,- նշեց Կիրօ Մանոյեանը:

Յարակից լուրեր

  • Մտահոգիչը Թուրքիոյ համար Սիրիա ներխուժելու կարելիութիւնն է
    Մտահոգիչը Թուրքիոյ համար Սիրիա ներխուժելու կարելիութիւնն է

    24 Դեկտեմբերին ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան մամլոյ ասուլիսի մը ընթացքին անդրադարձած էրԹուրքիոյ Սուրիոյ հիւսիսային շրջան ներխուժելու հաւանականութեան, եւ այս առումով շրջանի հայութեան սպառնացող վտանգին: Այս հարցին շուրջ «Գանձասար» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ Կիրօ Մանոյեանի հետ:

  • Կիրօ Մանոյեան. «Բանակցութիւններին Արցախի մասնակցութիւնը չի կարող փոխարինել ՀՀ-ի մասնակցութեանը»
    Կիրօ Մանոյեան. «Բանակցութիւններին Արցախի մասնակցութիւնը չի կարող փոխարինել ՀՀ-ի մասնակցութեանը»

    Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների մասին այսօր այլեւս չի խօսւում, այնպէս, ինչպէս չի խօսւում սահմանին հսկողութեան ուժեղացման մասին: Եւ սա այն դէպքում, երբ չի բացառւում, որ Ադրբեջանը ապրիլեան պատերազմի նման գործողութիւն կը ձեռնարկի կամ կաւելացնի հրադադարի ռեժիմի խախտումները: 

  • Դաշնակցութիւնը մնում է քաղաքական բեմի վրայ
    Դաշնակցութիւնը մնում է քաղաքական բեմի վրայ

    Ցանկացած առողջ քաղաքական կազմակերպութեան մէջ, ինչ զարգացումներ էլ, որ լինեն երկրում եւ կուսակցութեան գործունէութեան շուրջը, միշտ էլ կը լինեն ու պէտք է լինեն տարբեր կարծիքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով Դաշնակցութեան ներսում տարակարծութիւնների եւ ղեկավար մարմնում փոփոխութեան անհրաժեշտութեան մասին խօսակցութիւններին: 

  • Կիրօ Մանոյեան. «Մենք հայրենիքի շահերն առեւտուր չենք անում»
    Կիրօ Մանոյեան. «Մենք հայրենիքի շահերն առեւտուր չենք անում»

    Դեկտեմբերի 5-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Սեւանում հրաւիրւած հանրահավաքի ժամանակ: ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն իր ելոյթում նշեց, որ այս ընտրութիւնները կարեւոր են երկրի համար, քանի որ խոստանում են լինել նոր որակի ընտրութիւններ: 

  • Կիրօ Մանոյեան. «Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնութեան համաձայնագրի կնքումը կը նպաստի Արցախի միջազգային ճանաչմանը»
    Կիրօ Մանոյեան. «Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնութեան համաձայնագրի կնքումը կը նպաստի Արցախի միջազգային ճանաչմանը»

    Հայաստանի ու Արցախի միջեւ ռազմական փոխօգնութեան համաձայնագրի կնքումը կը նպաստի Արցախի միջազգային ճանաչմանը: Այս մասին «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը` խօսելով քաղաքական օրակարգում տարիներ շարունակ խօսւող Հայաստանի ու Արցախի միջեւ ռազմական փոխօգնութեան համաձայնագրի կնքման անհրաժեշտութեան մասին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։