Print this page
15/01/2019 - 15:10

Գեղամ Մանուկեան. «Մեր բոլոր ժողովների տեսլականը միշտ ազատ, անկախ Հայաստանն է»

Յունւարի 15-ին մեկնարկում է ՀՅԴ-ի Ընդհանուր ժողովը: Ի դէպ՝ շուրջ երկու տասնամեակ յետոյ առաջին անգամ ՀՅԴ-ն իր այս հաւաքն անցկացնում է արտահերթ խորհրդարանական ուժի կարգավիճակով:

«alikonline.ir» - Յունւարի 15-ին մեկնարկում է ՀՅԴ-ի Ընդհանուր ժողովը: Ի դէպ՝ շուրջ երկու տասնամեակ յետոյ առաջին անգամ ՀՅԴ-ն իր այս հաւաքն անցկացնում է արտահերթ խորհրդարանական ուժի կարգավիճակով:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը «Factor.am»-ի հետ զրոյցում ասաց, որ դա իրենց համար անսովոր չէ, քանի որ իրենց օրակարգային հարցերն այնքան շատ են ու բովանդակալից, որ «սովորական մարդու համար կարող են սարսափելի թւալ»: Լուրեր են պտտւում, որ այս ժողովի ժամանակ կարող է փոխւել ՀՅԴ ղեկավար մարմնի՝ Բիւրոյի ներկայացուցիչը: Յիշեցնենք, որ այդ պոստը երկար տարիներ զբաղեցնում է Հրանտ Մարգարեանը:

«ՀՅԴ օրակարգը մի քանի էջ ունի, եւ Բիւրոյի ընտրութիւնը վերջին կէտն է: ՀՅԴ ժողովների ժամանակ շատ աւելի կարեւոր են ռազմավարական եւ ազգային հարցերը։ Դրանից յետոյ նոր ընտրում ենք Բիւրոն, որի վրայ էլ այդ աշխատանքի իրականացման պարտականութիւնն է դրւում»,- մեկնաբանեց Գեղամ Մանուկեանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ ո՞րն է ՀՅԴ-ի տեսլականը հարցին Գեղամ Մանուկեանը պատասխանեց. «Մեր բոլոր ժողովների տեսլականը միշտ ազատ, անկախ Հայաստանն է: Միացեալ հայրենիքում ազատ եւ անկախ պետութիւն եւ քաղաքացի ունենալն է»:

Նա նաեւ յաւելեց, որ ժողովների ժամանակ մշակում են հինգ տարւայ իրենց ռազմավարական ծրագիրը: Գեղամ Մանուկեանը, սակայն, չցանկացաւ մանրամասնել, թէ ՀՅԴ-ի արտերկրի կառոյցներն ինչպէ՞ս են գնահատում ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում իրենց պարտութիւնը: «ՀՅԴ-ի ամբողջ աշխարհի մեր ընկերների տեսակէտներն ի վերջոյ ամփոփւելու են մեր ժողովի որոշումներում եւ գնահատականներում»,- ընդգծեց նա:

Յարակից լուրեր