Հա

Ազգային

07/02/2019 - 12:20

Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Չկար կանոնաւոր կապ եւ հաղորդակցութիւն, երբեմն էլ մեզ մօտ ապրող հայաստանցիների հարազատներից, գրաքննութեան բովից անցած նամակները բացի կցկտուր, ոչ ճշգրիտ եւ խիստ հակասական տեղեկութիւններից ուրիշ բան չէին փոխանցում, մի խօսքով ակնդէտ լաւ լուրերի կարօտ էինք:

1943 թւին անակնկալ կերպով տեղեկացանք թէ մեր դպրոցի ճամփի վրայ գտնւող, խմորեղէն վաճառող Սիմոնի խանութի պատուհանից ներս, Հայաստանից եկած օրացոյց է փակցւած, մեծ ցնծութեամբ վազեցինք տեսնելու Հայաստանի օրացոյցը եւ խիստ զարմացած ոչ թէ օրացոյց այլ «Որացույց» տեսանք, նոյն պահին էլ մեզ մօտ կանգնած տղամարդկանցից մէկը հեգնանքով «Որացույց»ի «Ր» տառը, «Ռ» հնչելով, խիստ ծիծաղ առաջացրեց եւ մեր ուրախութեան ու ոգեւորութեան վրայ էլ պաղ ջուր լցրեց:

Մէկ երկու տարի յետոյ անսահման ցնծութեամբ տեղեկացանք որ շուտով Հայաստանի դռները բացւելու են եւ բոլոր հայերը պիտի ներգաղթեն հայրենիք եւ իրականանալու է հայի դարաւոր բաղձանքը՝ հայրենիք վերադառնալու համար, նոյն օրերին մեր այս ուրախութիւնը բազմապատկւեց, Հայաստանի երգի ու պարի բազմանդամ պետական անսամբլի ներկայութիւնը մեր քաղաքում եւ մեր Կենտրոնական, (այժմ Արմէն) դպրոցի սրահի բեմում, նրա ոգեշնչող ելոյթները. մեզ երջանութեան եօթներորդ երկինք էր բարձրացնում:

Ներգաղթի առաջին կարաւանը, հրաժեշտի յուզումներով եւ ողջագուրումներով տեղի ունեցաւ, եւ չշարուկւելու գնով կանգ առաւ եւ մենք դարձեալ մնացինք տխուր ու տրտում հայրենակարօտ վիճակում: Դժբախտաբար ներգաղթի ոգեւորութիւնը մեր մէջ աստիճանաբար սկսեց մարել, ներգաղթողներից զանազան միջոցներով մեզ հասած իրենց ոչ այնքան ուրախ ու նախանձելի վիճակից, ի մասնաւորի շատ էինք տրտմում երբ լուրեր էր տարածւում որոշ ծանօթ ներգաղթողների, Հայաստանից փախնելու մասին, մտածելով միթէ այնքան վատ է Հայաստանի վիճակը որ ցնծագին կերպով ներգաթողը, հայրենիքը թողնում ու փախնում է:

Թոյլ եւ ոչ ցանկալի վիճակում էր նաեւ Հայաստան-Սփիւռք փոխադարձ կապերն ու յարաբերութիւնները որի պատասխանատուն եւ իրականացնողը, 1944-64 թւերին «Արտասահմանեան երկրների (ոչ սփիւքահայերի) հետ բարեկամական ու մշակութային կապի հայկական ընկերութիւն»-ն էր:

Բարեբախտաբար անձի պաշտամունքի ժամանակաշրջանից յետոյ, ստեղծւած աւելի բարենպաստ պայմաններում առաւել զարկ ստացաւ Հայաստան-Սփիւռք շփումները, սփիւռքի հայրենակարօտ հայրենակիցների առջեւ լայնօրէն բացւեցին Հայաստանի դռները, սկսւեց խնդագին փոխադարձ այցելութիւնները, 1964 թւին հիմնւած «Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէ»-ի ջանքերով առաւել կանոնաւորւեց գրքերի եւ հրատարակութիւնների փոխանակումները իսկ նոյն կոմիտէի կողմից հրատարակւող «Հայրենիքի ձայն» եւ «Սովետական Հայաստան» շաբաթաթերթի ու ամսագրի միջոցով, երկրի զանազան բնագաւառների մասին յուսադրիչ «խաբրիկներ» էինք ստանում, նոյնիսկ 1978 թւականին Սովետական Հայաստանի պաշտօնական հրաւէրով, ի շարս մի քանի երկրներում բնակւող հայրենակիցների, իրանահայութեան կողմից եւս մի պատւիրակութիւն, մեծ խանդաւառութեամբ մասնակցեց Հայաստանում գումարւած Հայ Արւեստին նւիրւած միջազգային սիմպոզիոմին, ուրախ էինք ու հպարտ ստեղծւած այս իրավիճակից:

1991 թւին անսահման ցնծութեամբ ու խարդաւանքով դիմաւորեցինք, Հայաստանի անկախութեան, այն յոյսով որ շատ աւելի բազմակողմ բնոյթով կընդլայնւեն ու կը զարգանան Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները, ցաւօք սրտի մեր անկախ հայրենիքի նոր իշխանաւորները, փոխան սփիւռքի հետ աւելի սերտացնելու կապերը, սփիւռքահայերին անւանեցին «նարիջ ուտողներ» եւ ազգային գաղափարախօսութիւնն էլ կոչեցին «կեղծ կատեգորիա» եւ սկսեցին անմարդկային պայքար Հայաստանում նոր վերընձիւղւած, ազգային գաղափարախօսութեամբ տոգորւած եւ համայն հայութեան մէջ մեծ հեղինակութիւն վայելած կուսակցութեան դէմ, ընդհուպ մինչեւ արգելափակում, գրասենեակների, գոյքերի, դրամների բռնագրաւում, ձերբակալութիւններ ու արտաքսում, կրկին սեւ ամպեր կուտակելով Հայաստան-Սփիւռք յարաբերութեան գլխին:

1998 թւականի իշխանփոխութիւնից յետոյ, չեղեալ յայտարարւեց կուսակցութեան ապօրինի արգելափակումը, ազատ արձակւեցին անհիմն ամբաստանութեամբ ձերբակալւածները եւ բնականոն հունի մէջ մտաւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները, եւ նպատակսլաց հիմնաւորումների ու յստակ ծրագրերի մշակման ու գործադրման համար, սփիւռքի զանազան երկրների հայ համայնքների ներկայացուցչների մասնակցութեամբ, կազմակերպւեցին Հայաստան Սփիւռք մի քանի խորհրդաժողովներ որոնց որոշումների լոյսի ներքոյ կեանքի կոչւեց Սփիւռքի նախարարութիւնը որն իր «Արի Տուն» ազգանւէր ծրագրով կազմակերպեց պատանի-երիտասարդական բազմապիսի հայանպաստ միջոցառումն, հայ մշակոյթը տարածլու եւ հային հայ պահելու համար, որոնք մեծ յոյս եւ ոգեւորութիւն ներշնչեցի ու առաջացրին բոլորի մօտ, ցրելով Հայաստան-Սփիւռք յարաբերութեանց գլխին կուտակւած սեւ ամպերը:

Այսօր ցաւօք սրտի Հ.Հ.ի կառավարութիւնը, Հասյաստան-Սփիւռք յարաբերութեանց գլուխ հադիսացող՝ Սփիւռքի Նախարարութեանը լուծարքի է ենթարկել եւ ցայժմ էլ յստակ որոշում չկայ թէ հետագային, ինչ կառոյց է աշխատելու նրա փոխարէն:

Սփիւռքի Նախարարութիւնը ժամանակին կեանքի է կոչւել ոչ թէ մի ինչոր քմահաճ կերպով, այլ սփիւռքի համապատասխան կառոյցների հետ համախորհուրդ, նպատակ ունենալով կրթական եւ մշակութային կապերի միջոցով, նպաստել սփիւռքում հայապահպանման վեհ գործին եւ կազմակերպել սփիւռքահայութեան աստիճանական եւ ծրագրւած կերպով հայրենադարձութեան այնքան կարեւոր եւ հայրենանպաստ աշխատանքը, արդ եթէ որեւէ փոփոխութիւն պիտի կատարւի այդ բնագաւառում, բնականաբար անհրաժեշտ է ստանալ նաեւ սփիւռքի հէնց նոյն կառոյցների հաւանութիւնը, որոնց խորհուրդով ժամանակին կեանքի է կոչւել նշեալ նախարարութիւնը, հակառակ պարագային կնշանակի հայ ժողովրդի աւելի քան երկու երրորդի անտեսում եւ նրա իրաւունքների ոտնահարում:

Յուսանք նորից ու նորից սեւ ամպեր չեն կուտակւել Հայաստան-Սփիռք յարաբերութեանց վրայ եւ մեր հայրենի իշխանաւորները գիտամցաբար, սփիւռքի հետ խորհրդակցաբար, որեւէ անւան ներքոյ կառաջացնեն նախարաութեան համազօր, մի ինչ որ կառոյց որը կշարունակի սփիւռքի հետ սկսւած այնքան կարեւոր համագործակցութիւնը, ի խնդիր հայապահպանման եւ հայրենադարձութեան վեհ նպատակների:

 

06.02.2019 թ.

Նոր-Ջուղա

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։