Հա

Ազգային

13/02/2019 - 14:37

Արծւիկ Մինասեան. «Կառավարութեան ծրագիրը զերծ է գաղափարական յենքից»

Պարգեւավճարների հետ կապւած բարձրաստիճան անձինք մեկնաբանում են օրէնքները՝ կամ չծանօթանալով, կամ սխալ մեկնաբանութիւն տալով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՅԴ մասնագիտական յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

«alikonline.ir» - Պարգեւավճարների հետ կապւած բարձրաստիճան անձինք մեկնաբանում են օրէնքները՝ կամ չծանօթանալով, կամ սխալ մեկնաբանութիւն տալով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՅԴ մասնագիտական յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Եթէ նրանցից որեւէ մէկը չզլանար, վերցներ ու կարդար 2018-ի մարտից ուժի մէջ մտած «Պաշտօնատար անձանց վարձատրութեան մասին» օրէնքի փոփոխութիւնը, ապա կը տեսնէր, որ այնտեղ բոլոր հարցերի կարգաւորումները տրւած են՝ պարգեւատրման սխեմաների, օրէնսդրական եւ անհրաժեշտ հիմքերի: Եւ սա վկայում է այն մասին, որ գործ ունենք ոչ միայն անփորձութեան, այլեւ օրէնսդրութեանը ծանօթանալու կամ դրա հիման վրայ գործելու ոչ բաւարար ցանկութեան հետ»,- նշեց նա:

Դաշնակցական գործիչն ուշադրութիւն հրաւիրեց մէկ այլ կարեւոր խնդրի՝ Սահմանադրութեան նորմի համաձայն` իւրաքանչիւր կառավարութիւն պարտաւոր է ամէն տարի ներկայացնել իր ծրագրի կատարման վերաբերեալ հաշւէտւութիւն:

«Այս նորմն ուժի մէջ է մտել 2018-ի ապրիլից՝ ՀՀ նախագահի պաշտօնավարման սկզբին յաջորդող օրւանից: Այսինքն՝ սա տարածւում է այն կառավարութեան վրայ, որը հիմա արդէն չկայ, բայց իշխող քաղաքական ուժը չի փոխւել, կառավարութեան անդամների մեծամասնութիւնը չի փոխւել, եւ շատ սկզբունքային հարց է, որ այս կառավարութիւնը ներկայացնէր հաշւէտւութիւն, թե 2018-ի հունիսի 1-ին կառավարութեան` հաւանութեանն արժանացած ծրագրի կէտերը կատարման ի՞նչ փուլում են, ինչո՞ւ չեն կատարւել, կամ եթէ թերի են կատարւել են, ապա որո՞նք են պատճառները:

Յիշում էք, որ Փաշինեանի կառավարութեան` 2018-ի ծրագիրը պարունակում էր եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական բարեփոխումներին ուղղւած կոնկրետ գործողութիւններ: Իհարկէ, այս կառավարութեան հիմնական նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին պատրաստւելն էր, ինչպէս նաեւ քաղաքական համակարգում համապատասխան փոփոխութիւններ իրականացնելը, ուստի պատահական չէր, որ մայիսին ձեւաւորւած կառավարութեան նկատմամբ հանրութիւնը պահանջատէր չէր, որ լինեն կոնկրետ ցուցանիշներ, ամրագրւած լինեն թիրախներ: Բայց նման վերաբերմունքը նաեւ երկարաժամկէտ կառավարութեան ծրագրի վրայ տեղափոխելը` նշանակում է խեղաթիւրել ծրագրի թէ՛ տնտեսական,  թէ՛ քաղաքական, թէ՛ սոցիալական, թէ՛ սահմանադրա-իրաւական բովանդակութիւնը»,- ընդգծեց Արծւիկ Մինասեանը՝ յաւելելով, որ իր բացասական կողմերով կառավարութեան ծրագիրը դարձել է պատասխանատւութիւնից խուսափելու եւ հանրութեանը հաշւէտւութիւն չներկայացնելու առարկայական փաստ:

Ըստ նրա՝ հաշւի առնելով նաեւ կադրային ձախողումները, բաւականին անելիքներ կան թէ՛ կառավարութեան, թէ՛ խորհրդարանական եւ թէ՛ արտախորհրդարանական ուժերի ու քաղհասարակութեան մասնակցության համար՝ ունենալու համար հաշւէտու կառավարութիւն, այն էլ` խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում: 

Վերադառնալով կառավարութեան ծրագրին` Մինասեանը նշեց, որ այն զերծ է նաեւ գաղափարական յենքից:

«Վերջնական մասում գրւած է, որ այն հիմնւած է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի վրայ, որը չեմ կարծում, թէ կարող են հանրութեան մէջ՝ ներառեալ դաշինքի ներկայացուցիչներից շատերը, այն կարող են գաղափարախօսական ծրագիր համարել, քանի որ չկայ ընդգծւած մօտեցում, պատկերացում՝ Սահմանադրութեան համապատասխան յօդւածի, շուկայական տնտեսական կարգի ինչ մեխանիզմ է նախատեսւած դաշինքի կամ կառավարութեան ծրագրում: Եւ վատն այն է, որ եզրափակիչ մասում անտեսւած են արտախորհրդարանական ուժերը, եւ կարծես թէ երկրի կառավարման գործում այս ուժերը չպէտք է դերակատարութիւն ունենան, կարծես թէ Հայաստանը կառուցւած է միայն յաղթող ուժից եւ խորհրդարանում ներկայացւածներից, ինչն այդպէս չէ: Մենք մեր գործունէութեամբ, ինչպէս նաեւ միւս արտախորհրդարանական ուժերը, ցոյց կը տանք, որ ոչ՝ երկիրը պէտք է կառավարւի բոլորի կողմից՝ գաղափարական, ծրագրային կոնկրետ առաջարկների եւ քննարկումների, եւ դրա արդիւնքում լաւագոյն որոշումները կայացնելու սկզբունքի հիման վրայ»,-ընդգծեց Մինասեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։