Հա

Ազգային

28/04/2019 - 13:40

Ազգի վերնախաւը եւ ժողովրդավարութիւնը

«Ժողովրդավարութիւն» ասելիս յաճախ հասկանում ենք եւրոպական քաղաքակրթութեան ժամանակակից կառավարման համակարգը, սակայն ներկայիս աշխարհը ցոյց է տալիս ժողովրդավարութեան տարբեր դրսեւորումներ, որոնք ունենալով պետական եւ քաղաքական կառավարման տարբեր մոդելներ, գտնւում են եւրոպական ժողովրդավարական մոդելից դուրս։ 

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

 

«Ժողովրդավարութիւն» ասելիս յաճախ հասկանում ենք եւրոպական քաղաքակրթութեան ժամանակակից կառավարման համակարգը, սակայն ներկայիս աշխարհը ցոյց է տալիս ժողովրդավարութեան տարբեր դրսեւորումներ, որոնք ունենալով պետական եւ քաղաքական կառավարման տարբեր մոդելներ, գտնւում են եւրոպական ժողովրդավարական մոդելից դուրս։ 

Որպէս ժողովրդավարութեան ակունք առաջին հերթին յիշում ենք հին յունական ժողովրդավարութիւնը։ Բազմաթիւ հետազօտողներ համարում են Աթենքի ժողովրդավարութիւնը ժամանակակից եւրոպական ժողովրդավարութեան նախահայրը։ Բայց եթէ ժողովրդավարութեան հիմնաքար համարենք քաղաքացիների կողմից ընտրական մեխանիզմով կառավարող վերնախաւի ընտրութիւնը, ապա պէտք է արձանագրենք, որ հին յունական ժողովրդավարութիւնը սահմանափակում էր մարդկանց ընտրելու իրաւունքը։

Ընտրելու եւ ընտրւելու իրաւունքից զրկւած էին կանայք, ստրուկները, ինչպէս նաեւ նախկինում ստրուկ եղած մարդիկ։ Ընդհանուր առմամբ փաստացի բնակչութեան մեծամասնութիւնը զրկւած էր ընտրութեան իրաւունքից եւ ժողովրդավարութեան պտուղներից օգտւում էր միայն իւրաքանչիւր վեցերորդը։ Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ պետութեան բնակչութեան մեծ մասը ենթարկւում էր փոքրամասնութեան կողմից ընտրւած կառավարման համակարգի ներկայացուցիչներին։ Այսինքն, Աթենքի ժողովրդավարութիւնը փոքրամասնութեան ժողովրդավարութիւն էր, որին ենթարկւում էր բնակչութեան մեծամասնութիւնը։ 

Թէեւ «ժողովրդավարութիւն» եզրոյթը քիչ է կիրառւում հետագայում պատմութեանը յայտնի պետութիւնների նկատմամբ, այնուամենայնիւ ընտրութեան որոշակի մեխանիզմներ առկայ էին տարբեր երկրներում եւ տարբեր դարաշրջաններում։ Մարդկութեան պատմութեան ամենաերկարակեաց ու հզօրագոյն կայսրութիւններից մէկի՝ Բիւզանդիայի կայսրի պաշտօնը նոյնպէս ընտրովի էր։ Այս համակարգը իր հերթին որոշակի փոփոխութիւններով ժառանգւել էր Հռոմէական կայսրութիւնից։ Կայսրի ընտրութեան կամ նշանակման համար գործում էին տարբեր եղանակներ, այդ թւում՝ բանակի, բիւրոկրատիայի եւ ժողովրդի հրապարակային աջակցութեան հաստատման միջոցով։ Յատկապէս ուժեղ էր զինւորականութեան կշիռը։ Այստեղ նոյնպէս պէտք է արձանագրենք, որ թէեւ այս կամ այն կերպով առկայ էր մեծ զանգւածի աջակցութեան հարցը, այնուամենայնիւ, թէ ընտրողների թիւն էր սահմանափակ, թէ, իհարկէ, հնարաւոր թեկնածուների թիւը։ Այսպիսով, երկրի ղեկավարի նշանակումը ունենալով ընտրութեան տարրեր, նոյնպէս հանդիսանում էր փոքրամասնութեան ընտրութիւն՝ առկայ էլիտայի (վերնախաւի) կազմից:

Պետական կառավարիչների ընտրութեան հարցում որակական փոփոխութիւններ տեղի ունեցան վերջին դարերում, երբ հիմք դրւեց ժամանակակից եւրոպական ժողովրդավարութեանը։ Կապիտալիզմի զարգացումը, արդիւնաբերական յեղափոխութիւնը, մարդկանց ինքնագիտակցութեան աճը եւ բուրժուական խաւի ձեւաւորումը անհնարին դարձրեցին նախկին «էլիտար» զանգւածի կողմից երկրի ղեկավարման մենաշնորհի պահպանումը։ Անգլիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ եւրոպական այլ երկրներում բնակչութեան լայն զանգւածերը իրենց բողոքը արտայայտեցին ֆէոդալական կարգերի դէմ՝ յայտ ներկայացնելով մասնակցելու երկրի կառավարմանը։ Իշխող վերնախաւի նահանջը եւ յեղափոխութիւնների յաղթանակը օրակարգային դարձրեցին լայն զանգւածների մասնակցութեան հարցը։

Նախկինում այս կամ այն կերպ պետականութիւն եւ վերնախաւ ունեցող պետութիւններում արդէն առկայ էր վերնախաւ, որը բաւարարում էր որոշակի չափանիշների։ Եւ ժողովրդավարութեան յաղթանակը, եւ առաջընթացի ձգտումը թելադրում էին գոյութիւն ունեցող նշաձողի բաւարարումը կամ նոյնիսկ՝ գերազանցումը։ Այսինքն՝ հասարակութիւնն այսուհետ ստացաւ իրաւունք ընտրել կառավարիչ վերնախաւին եւ այդ ընտրութիւնը չպէտք է զիջէր այն չափանիշներին, որոնք առկայ էին հասարակութիւնում։

Այսպիսով, տարբեր վերնախաւերի՝ կրթական, մշակութային, գիտական, ֆինանսական եւ այլն, առկայութեան պայմաններում հասարակութիւնը ստացաւ իրաւունք ընտրել նաեւ կառավարիչների վերնախաւ։ Իսկ հետագայում գաղափարախօսութիւնների զարգացումը՝ ազատական, սոցիալիստական եւ այլն, ձեւաւորեցին նման ընտրութեան համար անհրաժեշտ գաղափարական հիմքեր։ Որոշակի փոփոխութիւններով ժամանակակից եւրոպական ժողովրդավարութիւնը շարունակում է գործել նույն տրամաբանութեան մէջ՝ քաղաքական համակարգի ներսում են գաղափարական մի քանի վերնախաւային բուրգեր, որոնք գործում են ընդհանուր մեծ պետական կառավարման բուրգի մէջ։

Սակայն ժամանակակից աշխարհը չի սահմանափակւում ժողովրդավարութեան եւրոպական մոդելով։ Ժողովրդավարութիւնների առանձնայատկութիւններ կարելի է տեսնել Չինաստանում, Վիետնամում եւ այլ պետութիւններում (յիշենք նաեւ նախկին ԽՍՀՄ-ը), որտեղ ընտրութիւնը կատարւում է ոչ թէ տարբեր գաղափարական բուրգերի միջեւ, այլ միեւնոյն գաղափարական բուրգի մէջ։ Չէ՞ որ այդ պետութիւններում նոյնպէս գործում են ընտրական մեխանիզմներ եւ թէ կուսակցական, թէ պետական վերնախաւը ձեւաւորւում է որոշակի համակարգի մէջ գործող ընտրական մեխանիզմների միջոցով։

Մի փոքր այլ է ժողովրդավարութեան մոդելը Իրանում։ Այստեղ նոյնպէս առկայ է յստակ գաղափարախօսական բուրգ, իսկ ընտրութիւնները կատարւում են որոշակի արժէքային եւ գաղափարական համակարգի ներսում՝ մասնակցութեամբ տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների։

Եւ ժողովրդավարութեան բոլորովին այլ մոդել գործում է ԱՄՆ-ում, որտեղ քաղաքական համակարգը երկբեւեռ է, ասել է թէ՝ ընտրութիւնը կատարւում է երկու վերնախաւի միջեւ։

Բոլոր վերը նշւած կառավարման բուրգերում ժողովրդավարութիւնը բնորոշւում է ընտրութեամբ որոշակի վերնախաւի կամ վերնախաւերի մէջ։ Թէեւ ընտրող քաղաքացիների շրջանակը կարող է սահմանափակւած չլինել, ինչպէս Հին Աշխարհում, բայց ընտրւողների շրջանակը նեղ է։

Բայց այսօր աշխարհում ունենք ժողովրդավարութեան օրինակներ այնպիսի երկրներում, որտեղ յստակ ընդգծւած վերնախաւ չկայ։ Իսկ վերնախաւ ասելով այստեղ մենք հասկանում ենք ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական, գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում որոշակի չափանիշներին բաւարարող եւ հանրութեան կողմից ընդունելի որոշակի դիրքի հասած անձանցից ձեւաւորւած կայուն եւ յստակ արժէքային համակարգի կրող շերտերին։ Ինչպիսի՞ն է ընտրութիւնը այդ հասարակութիւններում, որտեղ չկայ արդէն քննարկւած մոդելի վերնախաւը, չկայ բարոյական բարձր չափանիշներով օժտւած եւ հեղինակութիւն հանդիսացող մտաւորականութիւնը, ոչ նիւթական արժէքներ ստեղծող կրթւած կայուն զանգւածը, տեխնիկական մտքի շնորհիւ առաջընթաց ապահովող գիտական ներուժը կամ կառավարման ու հասարակական կեանքի կազմակերպման հարցում փորձառութիւն ու հմտութիւններ ունեցող քաղաքական վերնախաւը։ Նման հասարակութիւններում փոքրամասնութեան ժողովրդավարութիւնը փաստօրէն փոխարինւում է մեծամասնութեան ժողովրդավարութեամբ։ Սակայն լայն ընդգրկւածութեան պատճառով ժողովրդավարութեան թւացեալ բարձր մակարդակի պայմաններում գրանցւող արդիւնքները զիջում են փոքրամասնութեան ժողովրդավարութեան հասարակութիւններին։

Եւ կարեւոր հարցը, որի պատասխանը պէտք է փորձել ստանալ, հետեւեալն է արդեօ՞ք կարող է լինել արդիւնաւէտ ժողովրդավարութիւն առանց վերնախաւերի հասարակութիւններում։ Երբ փորձ է արւում գնահատական տալ այս կամ այն երկրի կառավարման համակարգին, հարկաւոր է հասկանալ, թէ ինչ ձեւափոխումների կենթարկւի տւեալ պետութիւնը այլ ընտրական ժողովրդավարութիւն ունենալու դէպքում։ Եւ տալո՞ւ է այն աւելի լաւ արդիւնք տւեալ տարածքի բնակչութեան համար։ Հետեւանքները՝ յատկապէս միաբուրգ գաղափարական համակարգ ունեցող պետութիւնների համար, այն էլ մեծաթիւ ազգաբնակչութեան պայմաններում, կարող են լինել ծանր ու անկանխատեսելի։ Եթէ համեմատում ենք քաղաքական տարբեր կառուցւածք ունեցող, սակայն բուրգաձեւ էլիտայով հասարակութեան ընտրութեան համակարգը առանց նմանատիպ վերնախաւային կառուցւածքի պետութիւնների հետ, ապա կարող ենք հետեւութիւն անել, որ վերջիններս չեն մտնում աշխարհի զարգացած կամ արագ զարգացող պետութիւնների շարքի մէջ։ Առանց վերնախաւի հասարակութիւնների կողմից կառուցած բացարձակ ուղղակի ժողովրդավարութեան պետութիւնների սոցիալական ու տնտեսական վիճակը իր կայունութեամբ եւ կանխատեսելիութեամբ զիջում է «վերնախաւային» ժողովրդավարութեան երկրներին։

Հետեւաբար, եթէ փորձենք տալ պատասխան այն հարցին, թէ կարո՞ղ է լինել ժողովրդավարութիւն առանց վերնախաւի հասարակութիւնում, ապա՝ այո, կարող է։ Իսկ արդեօ՞ք նման հասարակութիւնն աւելի առաջադէմ պետութիւն է կառուցում, քան յաւելեալ զտիչ համակարգերի միջոցով վերնախաւ ունեցող հասարակութիւնները, ապա պատասխանն է՝ ոչ։ Այդ պետութիւններն իրենց ընտրական համակարգով մշտապէս ձեւաւորում են ամբողջատիրական համակարգ, որտեղ կայ ժողովրդի կողմից ընտրւած ղեկավար կամ իշխանութիւն, իսկ այդ երկու օղակների միջեւ՝ դատարկութիւն է։ Եւ եզրակացութիւնը կարող է լինել միայն մէկը. կարեւոր չէ, թէ ինչ ժողովրդավարութիւն ես կառուցում։

Աւելի կարեւոր է, որ հասարակութիւնն ունենայ համապատասխան զտիչ համակարգեր տարբեր բնագաւառների լաւագոյններին բացայայտելու եւ լաւագոյնների կազմից ընտրութիւն կատարելու համար։ Հակառակ դէպքում տարերային ուղղակի ժողովրդավարութիւնները յանգեցնում են ամբողջատիրական իշխանութեան՝ առանց այլընտրանքի, առանց որեւէ արգելակների եւ սահմանափակումների, ինչի օրինակները շատ են թէ պատմութեան մէջ, թէ ներկայ կեանքում։

«Առաւօտ»

Յարակից լուրեր

  • Վատնւած է հիմնական ներուժը
    Վատնւած է հիմնական ներուժը

    Տարիներ առաջ հեռուստատեսութեամբ հետեւում էի մի երկրում ընթացող յեղափոխական գործընթացներին: Շաբաթներ շարունակւող ցույցերի ու երթերի մասնակից, միլիոն մարդը գերազանցող, ամբոխը յիշեցնում էր մթագնած գիտակցութեամբ կատաղի գազանի, որն իր առաջնորդի կոչով պատրաստ էր կործանել ու ոչնչացնել ճանապարհին հանդիպած ամէն բան: Այն ժամանակ մտածում էի, որ հայ ժողովուրդն իր բարձր գիտակցութեամբ եւ հասարակութեան անդամների ընդգծւած անհատականութեամբ ապահովագրւած է ամբոխի վերածւելու փորձութիւնից:

  • Զարիֆ. «Պարոն Պոմպէօ ինչ գիտէք թէ որն է քաղաքակրթութիւնը»
    Զարիֆ. «Պարոն Պոմպէօ ինչ գիտէք թէ որն է քաղաքակրթութիւնը»

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը իր թւիթերեան միկրոբլոգում գրել է. «Պարոն Պոմպէօ դուք ինչ գիտէք թէ որն է քաղաքակրթութիւնը:

  • Նոր համընդհանուր կոնսենսուս եւ վճռական ռեֆորմներ՝ յանուն պետական շահի
    Նոր համընդհանուր կոնսենսուս եւ վճռական ռեֆորմներ՝ յանուն պետական շահի

    Բազմիցս տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում Անկախութիւնից յետոյ փաստացի իրագործւել է «թոյլ պետութեան» մոդել։ Նէոլիբերալ գաղափարախօսութիւնը տասնամեակների ընթացքում դառնալով իշխող մտածելակերպ հասարակութեան բացարձակ մեծամասնութեան համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, նիւթական եւ սոցիալական վիճակից, ձեւաւորեց մի նոր հասարակութիւն, որտեղ խառնւել են ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, իրականն ու արհեստականը։

  • Քաղաքական դինաստիաններն ու ժողովրդավարութիւնը
    Քաղաքական դինաստիաններն ու ժողովրդավարութիւնը

    Յուլիսի 7-ին Յունաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում յաղթել է «Նոր ժողովրդավարութիւն» ընդդիմադիր, աջակենտրոն կուսակցութիւնը՝ ստանալով ձայների 38.9% եւ 300 հոգանոց խորհրդարանի 158 տեղը։ Այսպիսով, Կիրիակոս Միցոտակիսի գլխաւորած կուսակցութիւնը հնարաւորութիւն է ստացել ձեւաւորել կառավարութիւն՝ առանց կոալիցիոն գործընկերների։

  • «Իշխանութեան ուժը աշխարհայեացք ու գաղափարներ չունենալն է, որը լուրջ մարտահրաւէր է պետութեան համար». քաղաքագէտ
    «Իշխանութեան ուժը աշխարհայեացք ու գաղափարներ չունենալն է, որը լուրջ մարտահրաւէր է պետութեան համար». քաղաքագէտ

    Գործող իշխանութեան ուժը աշխարհայեացք ու գաղափարներ չունենալն է, որի պատճառով նրա շուրջն են հաւաքւել տարբեր, երբեմն իրարամերժ հայեացքներ ունեցող մարդիկ եւ մարդկանց խմբաւորումներ, սակայն հեռանկարի առումով դա նաեւ թուլութիւն է, ինչպէս նաեւ լուրջ մարտահրաւէր պետութեան համար։ Այսպիսի եզրակացութեամբ վերլուծութիւն է հրապարակել քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։