Հա

Ազգային

13/06/2019 - 08:30

«Տէր-Պետրոսեանի օրօք ՀՀ-ի եւ Արցախի իշխանութիւնների միջեւ լարւածութիւնն ինչ-որ չափով դրսեւորւում էր, բայց այս անգամ չափն անցել ենք». Կիրօ Մանոյեան

Ադրբեջանը վերադարձել է տասն ամիս առաջւայ իր պահւածքին, եւ Դուշանբէում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները վերջին շաբաթներին չեն աշխատում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանը վերադարձել է տասն ամիս առաջւայ իր պահւածքին, եւ Դուշանբէում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները վերջին շաբաթներին չեն աշխատում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Գրում է «Yerkir.am»-ը:

«Պարզ չէ, թէ այն ուղղակի կապը, որ ստեղծւել էր պաշտօնական Երեւանի եւ Բաքւի միջեւ՝ անհրաժեշտ հաղորդակցութիւն պահպանել շփման գծում զինադադարի խախտումների հետ կապւած, աշխատո՞ւմ է, թէ՞ ոչ»,- նշեց նա:

Ըստ Մանոյեանի՝ ՀՀ-ի արտաքին յարաբերութիւնների եւ ԼՂ հիմնահարցի վրայ իրենց ազդեցութիւնն են թողնում տարածաշրջանային զարգացումները՝ Իրան-ԱՄՆ, Թուրքիա-ԱՄՆ եւ ԱՄՆ-ՌԴ լարւածութիւնը:

«Արցախի հարցի հետ կապւած, բացի Ադրբեջանի պահւածքից, գլխաւոր մտահոգութիւնը ՀՀ-Արցախ յարաբերութիւններն են, որովհետեւ դրանք բաւականին լարւած են ներկայացւում՝ մի մասը իրական, միւս մասը՝ սարքովի: Լրագրողները թող չնեղանան, բայց լրատւամիջոցների սարքածն է: Իհարկէ, այդ լարւածութեան համար հիմք կայ, որը վերջին 20 տարում աննախադէպ է: Լեւոն Տէր-Պետրոսեանի օրոք կար ժամանակ, որ ՀՀ-ի եւ Արցախի իշխանութիւնների միջեւ յարաբերութիւնները լարւած էին, դա ինչ-որ չափով դրսեւորւում էր, սակայն այս անգամ չափն անցել ենք բաւական, ինչը մտահոգիչ է: Չի բացառւում, որ այդ զարգացումները տեսնելով է Ադրբեջանը փորձում շփման գծում ինչ-որ բաներ ձեռնարկել, ուստի ունենք այն վիճակը, որն ունենք»,- շեշտեց Մանոյեանը՝ սրան գումարած մտահոգիչ համարելով թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնները Արցախի եւ Նախիջեւանի հատւածում: 

Դաշնակցական գործչի խօսքով՝ լաւ է, որ ՀՀ իշխանութիւնները յիշել են 2016-ին ձեռք բերւած` Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնների մասին, բայց, ըստ նրա, այդ ուղղութեամբ հիմա ինչ-որ բան անելը փոքր-քիչ դժւար է հիմա: 

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի նոր առաջարկների մասին ակնարկին` Մանոյեանը նշեց, որ 2007-ի նոյեմբերից ի վեր, երբ Մադրիդեան սկզբունքները կողմերին յանձնւեցին, բոլոր առաջարկներն էլ նոյնն են՝ տարբեր շեշտադրումներով, ինչ-որ բաներ յետ ու առաջ տալով, հերթականութիւն փոխելով: «Այն է՝ հայկական կողմը տարածքներ պիտի տայ, Արցախը միջանկեալ կարգավիճակ պիտի ունենայ, նաեւ ՀՀ-ի հետ կապող ինչ-որ միջանցք պիտի լինի, եւ որոշ ժամանակ անց Արցախի քաղաքացիները պիտի որոշեն իրենց կարգավիճակը՝ ազատ կամարտայայտութեամբ»,- ներկայացրեց նա՝ լրացնելով,թեր վստահ չէ, որ վերջին հանդիպումներում կարգաւորման հարցն է քննարկւում, որովհետեւ այսօր դարձեալ ՀՀ-ի համար առաջնահերթութիւնը անհրաժեշտ փոխվստահութեան մթնոլորտի ստեղծումն է, այսինքն՝ երբ Ադրբեջանի կողմից «վերելակային» պարզ պայմանաւորւածութիւնները չեն յարգւում, հնարաւոր չէ աւելի բարդ հարցերի մասին պայմանաւորւել: «Ես կարծում եմ՝ նման պայմանաւորւածութիւն եւ քննարկում առայժմ չկայ, այսօրւայ քննարկումները փոխադարձ վստահութիւնը վերադարձնելու ուղղութեամբ են, ինչը եթէ 2 ամիս առաջ սկսել էր տեղի ունենալ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, ապա հիմա, կարելի է ասել, այդ վստահութիւնն այսօր չկայ»,- ընդգծեց Մանոյեանը: 

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հաւանականութեանը, դաշնակցական գործիչն ասաց, որ Ադրբեջանը կարող է «վթարային» պահեր ստեղծել եւ յետոյ ասել, թէ նպատակ չի ունեցել պատերազմական գործողութիւններ սկսելու, այսինքն՝ իրենց կողմից եթէ մի բան գցեն մեր հողի վրայ, հայկական կողմն էլ պիտի պատասխան տայ, բնականաբար: Այլ կերպ՝ հնարաւոր է, որ Ադրբեջանը զօրավարժութիւնների ընթացքում ռազմական գործողութիւններ հրահրի: «Ադրբեջանն է շահագրգռւած իրավիճակի փոփոխմամբ, բայց հէնց Ադրբեջանն էլ չի համարձակւում գնալ իրավիճակի փոփոխութեան: Իսկ հայկական կողմը շարունակում է խաղաղութիւն պարտադրել՝ շնորհիւ մեր պատրաստւածութեան»,- ամփոփեց Մանոյեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։