Հա

Ազգային

13/06/2019 - 09:10

«Տարածաշրջանում ներկայիս լարւածութեան պատճառն ԱՄՆ-ի տնտեսական պատերազմն է Իրանի ժողովրդի դէմ». Ռոհանին՝ Աբէի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Մերձաւոր Արեւելքում ներկայիս լարւածութեան պատճառը համարել է ԱՄՆ-ի  տնտեսական պատերազմն Իրանի ժողովրդի դէմ: Այս մասին նա յայտարարել է երէկ՝ յունիսի 12-ին Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Մերձաւոր Արեւելքում ներկայիս լարւածութեան պատճառը համարել է ԱՄՆ-ի տնտեսական պատերազմն Իրանի ժողովրդի դէմ: Այս մասին նա յայտարարել է երէկ՝ յունիսի 12-ին Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Տարածաշրջանում ներկայիս լարւածութեան պատճառն ԱՄՆ-ի տնտեսական պատերազմն է Իրանի ժողովրդի դէմ: Եթէ այս պատերազմը դադարեցւի, տարածաշրջանում եւ աշխարհում դրական փոփոխութիւնների ականատեսը կը լինենք»,- ասել է նախագահը` յաւելելով. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը տարածաշրջանում պատերազմ չի սկսի, նոյնիսկ ԱՄՆ-ի հետ: Բայց եթէ ցանկանում են պատերազմ սկսել Իրանի դէմ, ապա դրան վճռական պատասխան կը տանք»:

Անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, դոկտ. Ռոհանին նշել է, որ դրանք պատմական անցեալ ունեն, եւ այս տարի երկու երկրները նշում են դրանց ձեւաւորման 90-ամեակը:

«Անցեալ տարիների ընթացքում կառուցողական հանդիպումներ ենք ունեցել Ճապոնիայի վարչապետի հետ, եւ այսօր այդ հանդիպումների 8-րդ փուլն է: Մենք ողջունում ենք այն փաստը, որ Ճապոնիայի կառավարութիւնը եւ վարչապետը վճռական են ընդլայնել քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային եւ միջազգային յարաբերութիւնները»,- ասել է Հանրապետութեան նախագահը՝ նշելով, որ Ճապոնիայի վարչապետի հետ երկկողմ եւ ընդլայնւած կազմերով հանդիպումնների ժամանակ քննարկել են երկկողմ յարաբերութիւնները, դրանց հեռանկարներն ու ընդլայնման հնարաւորութիւնները: «Այն փաստը, որ Ճապոնիան հետաքրքրւած է իրանական նաւթի գնմամբ, երաշխաւորում է երկկողմ յարաբերութիւնների զարգացումը»,- ընդգծել է դոկտ. Ռոհանին: Հանրապետութեան նախագահը տեղեկացրել է, որ Շինզօ Աբէի հետ քննարկել են անվտանգութեան հարցեր:  «Մենք շատ ուրախ ենք, որ Ճապոնիան շարունակում է աջակցել Միջուկային համապարփակ համաձայնագրին եւ գիտակցում է համաձայնագրի կարեւորութիւնը՝ տարածաշրջանի եւ աշխարհի համար»,- ասել է նախագահը: Նա Ճապոնիայի վարչապետին կոչ է արել սկսել Իրանի եւ Ճապոնիայի միջեւ համագործակցութիւնը խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։