Հա

Ազգային

11/07/2019 - 09:30

Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ կը սպանեմ

Պապին էլի անհանգիստ է: Չգիտեմ, նրան կամ ինչ-որ մոծակ է կծել, կամ վատ կանխազգացումներ ունի, որ կարճ ժամանակ անց պատասխան տալու հերթն իրեն է հասնելու: Մենք աւելի հաւանական ենք համարում երկրորդ տաբերակը, քանզի օրերս այդ մասին էր խօսում նաեւ ՀԱԿ-ի խօսնակ Արման Մուսինեանը, որ հիւրընկալւել էր Նւէր Մնացականեանի «Հոծ գիծ» հաղորդաշարին՝ «1in.am»-ի եթերում:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

 

Պապին էլի անհանգիստ է: Չգիտեմ, նրան կամ ինչ-որ մոծակ է կծել, կամ վատ կանխազգացումներ ունի, որ կարճ ժամանակ անց պատասխան տալու հերթն իրեն է հասնելու: Մենք աւելի հաւանական ենք համարում երկրորդ տաբերակը, քանզի օրերս այդ մասին էր խօսում նաեւ ՀԱԿ-ի խօսնակ Արման Մուսինեանը, որ հիւրընկալւել էր Նւէր Մնացականեանի «Հոծ գիծ» հաղորդաշարին՝ «1in.am»-ի եթերում: Ասում էր՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի հրաժարականից յետոյ ՀՀ նոր իշխանութիւնները, իբր, եկել, ամէն ինչ ստուգել են իրենց մօտ ու ոչինչ չեն գտել: «Ես չեմ ասում, որ մեր ժամանակ կաշառակերութիւն չի եղել առանձին պաշտօնեաների կողմից, բայց, որ ողջ համակարգը թաղւած լինէր կաշառակերութեան մէջ, այդպիսի բան չի յայտնաբերւել»,- մօտաւորապէս այսպիսի բան ասաց Մուսինեանն ու «մուֆթա տեղը» ք..-ը գցեց ՀԱԿ-ին էլ, պապիին էլ:

Մինչ այս էկզոտիկ թեմայով մեր զրոյցը շարունակելը, կուզենայի մի հարց պարզել՝ ինչո՞ւ էր «Նւէր Մնացականեանի մօտ» հաղորդումը վարում ՀՀ վերջին 20-ամեակի իշխանութիւններից «վառւած» մի աղջիկ, որը ոչ հարց տալու եւ ոչ էլ պատասխանը լսելու շնորհք ունէր: Էլ չեմ խօսում այն մասին, որ նրա «թոյն» հարցերն, ասես, Արման Մուսինեանն էր իր հետ բերել ՀԱԿ գրասենեակից: Դատէք ինքներդ: Հիւրին չբարեւած՝ աղջիկը հարցնում է. «Պարոն Մուսինեան, մենք յայտնւել ենք մի իրավիճակում, որտեղ արմատական ընդդիմութեան դերն ստանձնել են այն արտախորհրդարանական ուժերը, որոնցից որոշները վերջին 20 տարիներին, կարելի է ասել, Հայաստանի Հանրապետութիւնը դանդաղ, բայց հաստատուն քայլերով հասցրել են անդունդի եզրին: Խօսքը մասնաւորապէս ՀՀԿ-ի եւ Դաշնակցութեան մասին է: Ռոբերտ Քոչարեանն էլ, որ նախապէս յայտարարում էր, որ կուսակցական համակարգը պէտք է կազմաքանդել, այսօր յայտարարում է, որ պէտք է կոնսոլիդացնել այս ուժերին: Այս բեւեռն, ըստ ձեզ, ներուժ ունի՞ թէ՞ ոչ»: Մուսինեանին ի՞նչ էր մնում ասելու, եթէ ոչ յայտարարել՝ ի՞նչ էք ասում, ի՞նչ ներուժ, ինչ բան, նրանք այսօր այնքան վատ համբաւ ունեն հասարակութեան «մօտ», որ էլ չասելու:

Հէնց այստեղ ես հասկացայ, որ պապին մի բանից անհանգիստ է: Այլապէս ինչո՞ւ պէտք է Արման Մուսինեանն ասէր, թէ այն ուժերը, որոնք ծրագրեր կը կառուցեն Ռոբերտ Քոչարեանի հետ, դատապարտւած են կործանման: Ինչպիսի անամոթութիւն: Բայց որ արդէն ասել է, հարց է առաջանում՝ տեսնես քանի՞ քաղաքական ուժ կայ այսօր Հայաստանում, որ ժամանակին համագործակցել է Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ եւ չի կործանւել: Պարզվւում է՝ բոլորն են կործանւել, բացառութեամբ այն ուժերի, որոնք կամ հակադրւել են ՀՀՇ-ական գեղի կլուբին, կամ ճիշտ պահին փախել այնտեղից: Պարոն Մուսինեան, գոնէ մէկ-երկու ուժ, որ պապին էր ստեղծել, պահէիք պատմութեան համար: Դա էլ չէք արել, ախր:

Բայց վերադառնանք մեր էկզոտիկ պատմութեանը, որ սկսւեց Արման Մուսինեանի անզգոյշ յայտարարութիւնից, թէ, իբր, Ռոբերտ Քոչարեանի կառավարութիւնից եկել, իրենց ստուգել են եւ մէկ-երկու կաշառակերութեան դէպքից բացի, ոչ մի կեղտ չեն գտել: Եա՛ա՛ա՛… Այսինքն պապին մաքո՞ւր է: Եթէ դա հէնց այդպէս է, ապա Ռոբերտ Քոչարեանն այսօր պէտք է Լեւոն Տէր-Պետրոսեանի աստւած հռչակւէր: Բայց դա տեղի չի ունեցել: Ուրեմն, իսկապէս, այդ ինչպէ՞ս են ստուգել, որ համատարած թալանը, ժողովրդի կրած տանջանքը, փախեփախի աստիճանի հասած արտագաղթը, օրը ցերեկով կատարւած հարիւրաւոր սպանութիւնները, իբր Ադրբեջանում կորած ամբողջական գնացքները, շան մսի գնով իւրայիններին սեփականաշնորհած շէնքերը, ընդդիմութեան դէմ իրականացւած բռի գործողութիւնները, թերթերի արգելումը, բանկերից խեղճուկրակ քաղաքացիների վերջին խնայողութիւնների հափշտակումները եւ այլն եւ այլն, չեն տեսել: Ու տեսեք, թէ դրանից ինչ է ստացւում: Մուսինեանը, փաստօրէն, մեզ նորանոր հիմքեր է տալիս Քոչարեանից դժգոհելու: Պարոն Քոչարեան, ինչո՞ւ այդ ամէնը ջրի երես չէք հանել, ինչո՞ւ քաղաքական գնահատական չէք տւել Տէր-Պետրոսեանի հիմնադրած աւազակապետութեանը, ինչո՞ւ բանտ չէք նստեցրել ՀՀ առաջին նախագահին, որ նա այսօր իր խօսնակի բերանով լկտիաբար չյայտարարէր, թէ ինքը մաս-մաքուր է:

Վարչապետի աթոռին յայտնւած Նիկոլ Փաշինեանի անյաջողութիւնների պատճառներից մէկն էլ, ըստ Մուսինեանի, նախկիններին քննելու գործում ցուցաբերած դանդաղկոտութիւնն է: Նա շտապեցնում է Փաշինեանին՝ պէտք է արագացնել այդ գործընթացը: Ես այս հարցը մի փոքր այլ կերպ կը դնէի: Ըստ իս՝ Փաշինեանի մեծագոյն սխալը նախկինների քննութիւնը ոչ ճիշտ տեղից սկսելն էր: Ի վերջոյ, նրա համար շատ աւելի դիւրին էր առաջինը պատռել հէնց Լեւոն Տէր-Պետրոսեանի դիմակը, քանզի նոյն շկոլայի ներկայացուցիչն է նաեւ ինքը եւ քաջատեղեակ է բոլոր այն այլանդակութիւններին, որոնք կատարւել են ՀՀՇ-ի տխրահռչակ իշխանութեան տարիներին: Մուսինեանն այսօր հաթաթայ է տալիս ՀՀ նոր իշխանութիւններին՝ եթէ տեսնենք, որ սխալ ճանապարհով են գնում, կը սկսենք կոշտ քննադատել: Իսկ ո՞րն է ճիշտ ճանապարհը: Ըստ ՀԱԿ խօսնակի՝ ճիշտ ճանապարհը շառուփորձանքն ամէն գնով Լեւոն Տէր-Պետրոսեանից հեռացնելն է: Կը ստացւի՞… Չգիտեմ: Չեմ կարող նաեւ միանշանակ պնդել, որ Տէր-Պետրոսեանին կը ձերբակալի հէնց Նիկոլ Փաշինեանը, բայց մի բան հաստատ է, որ Նիկոլ Փաշինեանը, իհարկէ ոչ առանց Լեւոն Տէր-Պետրոսեանի դրդման, սկիզբ է դրել միանգամայն նոր քաղաքական աւանդոյթի՝ քաղաքական հաշւարկներով բռնել ու դատել նախկիններին: Հիմա արդէն ամէն ինչ կախւած է այն բանից, թէ ինչպէ՞ս կը վարւեն յաջորդ իշխանութիւնները: Հասկանալի է, չէ՞, որ Փաշինեանի իշխանութիւնն էլ մի գեղեցիկ օր դառնալու է նախկին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։