Հա

Ազգային

01/08/2019 - 10:10

«Արցախեան պատւիրակութեան այցն Աւստրալիա չափազանց կարեւոր քաղաքական իրադարձութիւն է». Շահան Գանտահարեան

Արցախեան պատւիրակութեան այցն Աւստրալիա չափազանց կարեւոր քաղաքական իրադարձութիւն է` Արցախի` ընդհանրապէս ճանաչելիութեան, նաեւ՝ Արցախի Հանրապետութեան ճանաչման առաջադրանքի փուլային իրականացման ռազմավարական խնդրի առումով:

«alikonline.ir» - Արցախեան պատւիրակութեան այցն Աւստրալիա չափազանց կարեւոր քաղաքական իրադարձութիւն է` Արցախի` ընդհանրապէս ճանաչելիութեան, նաեւ՝ Արցախի Հանրապետութեան ճանաչման առաջադրանքի փուլային իրականացման ռազմավարական խնդրի առումով: Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Բէյրութում լոյս տեսնող «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը` պատասխանելով հարցին, թէ ինչ կարեւորութիւն ունի ԱԳ նախարարի մակարդակով Արցախի պատւիրակութեան այցն Աւստրալիա, որի կազմակերպիչը ՀՅԴ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբն է, եւ որը նաեւ տեղի է ունենում Ֆրանսիայում արցախեան եւ ֆրանսիական քոյր քաղաքների միջեւ կնքւած պայմանագրերի` դատարանների կողմից չեղարկման ֆոնին:

«Պարզ է, որ ինչպէս քաղաքային, այնպէս էլ նահանգային մակարդակներում Արցախի հետ հորիզոնական, ուղղակի յարաբերութիւններն իրաւական դարձնելու վարքագիծ է, եւ այս այցն այդ առումով շատ նշանակալի իրադարձութիւն է։ Բաքուն խոր անհանգստութիւն է ապրում` ի տես այս վարքագծի, եւ փորձում է հակակշիռ գործողութիւններ իրականացնել։ Ֆրանսիական քոյր քաղաքների հետ պայմանագրերի չեղարկումները կարելի է ընկալել այս տրամաբանութեամբ, բայց դա չի նշանակում, որ հարցն այնտեղ աւարտւել է. այդ վճիռներն արդեն բողոքարկւում են, եւ մարդու իրաւունքների ու եւրոպական հասկացութիւնների հետ համահունչ այլ իրաւական հիմնաւորումներով աշխատանք է տարւում դրանք անվաւեր ճանաչելու ուղղութեամբ»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Գանտահարեանի` Արցախի ԱԳՆ-Հայ Դատի յանձնախմբեր համատեղ մեխանիզմները լիարժէք գործում են աշխարհի տարբեր երկրներում Արցախի ճանաչման գործընթացի անխափան երթը շարունակելու համար։

«Ես կասէի, որ շատ մեծ հիմնական նշանակութիւն ունի Աւստրալիայում տեղի ունեցածը: Սա ոչ միայն Արցախի Հանրապետութիւնը ճանաչած Հարաւային Վելզի մակարդակով է արւում, այլ դաշնային. արցախեան պատւիրակութեանն ընդունել են Դաշնային խորհրդարանի սենատորներ, պատգամաւորներ, այդ թւում` խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի 8 մշտական յանձնաժողովների նախագահներ ու նախարարներ։ Սա աննախադէպ տարողութիւն է դէպի իրաւական ճանաչում տանող ուղու հարթման տեսակէտից»,- նշեց նա:

Անդրադառնալով ԱՄՆ կառավարութեան կողմից Արցախին ականապատւած տարածքների ականազերծման համար տրամադրվող ֆինանսական աջակցութեան կրճատմանը` մեր զրուցակիցը նշեց, որ, անկախ գումարային խնդրից, հարկ է նշել որ ԱՄՆ-ը միակ պետութիւնն է, որն ուղղակիօրէն պաշտօնական Ստեփանակերտին ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերում։

«Սա Արցախի ժողովրդի կողմից ընտրւած իշխանութիւնների ճանաչմանը համազոր ակտ է, որն իր հերթին ենթադրում է նաեւ ժողովրդի կամարտայայտութեան փաստի իրաւական ընդունում։ Իսկ այդ կամարտայայտութիւննինքնորոշում է կամ հանրապետութեան հռչակում եւս։ ԱՄՆ-ի օժանդակութիւնն արւում է հետեւողականօրէն, կանոնաւոր կերպով եւ ենթարկւում, գումարային առումով, վայրիվերումների։ Շատ պարզամիտ պէտք է լինել` ենթադրելու համար, որ Բաքուն անտարբեր է այս իրողութեան նկատմամբ։ Փաստն այն է, որ հետեւողական բողոքները տեղ չեն հասնում, եւ Վաշինգտոնը շարունակում է ֆինանսական օժանդակութիւն տրամադրել ուղղակիօրէն Արցախին։ Տւեալ քաղաքական պահին, սակայն, Բաքւի նկատմամբ կիրառւող ամերիկեան արտաքին քաղաքականութեան ելեւէջները կարող են ազդել գումարի ծաւալի, բայց ոչ, կարծում եմ, Ստեփանակերտին ֆինանսաւորելու որոշման վրայ, որը Վաշինգտոն-Ստեփանակերտ հորիզոնական կապի աննախադէպ, բայց հետեւողական երեւոյթ է։ Այստեղ, իհարկէ, ամերիկեան արտաքին քաղաքականութեան ուղղութեանն առընթեր պէտք է անպայման նշել Հայ Դատի գործօնի, պրոֆեսիոանալ աշխատանքի արդիւնքը»,- ասաց «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։