Հա

Ազգային

11/09/2019 - 09:30

Դաշնակցութեան համար կարեւորը քաղաքական կայունութիւնն է

Վերջին 2-3 տարիներին ձեւաւորւած կուսակցութիւնները չեն կարող միանգամից որպէս գաղափարական միաւոր ներկայանալ եւ որոշակի տրամադրութիւններ ձեւաւորել: Այս մասին Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը:

«alikonline.ir» - Վերջին 2-3 տարիներին ձեւաւորւած կուսակցութիւնները չեն կարող միանգամից որպէս գաղափարական միաւոր ներկայանալ եւ որոշակի տրամադրութիւններ ձեւաւորել: Այս մասին Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը:

Բանն այն է, որ «Սասնայ ծռեր» կուսակցութեան Արցախի կառոյցի նախաձեռնող խմբի անդամ Գեղամ Գրիգորեանն իր հայրենի Բերքաձոր գիւղում, լինելով միակ թեկնածուն, պարտւել էր՝ 20 կողմ, 60 դէմ քւէով:

«Պատկերաւոր ասած, մեզ մօտ դա չի աշխատում… Նայէք, տեսէք այս մէկ ու կէս տարիներին ժողովուրդը հիմնականում կողքից նայում, գնահատում է: Եւ միգուցէ նաեւ հայ ժողովրդի մեծութիւնը դա է, որ յուզական բաների մէջ չի մտնում՝ հասարակութիւնը տարբեր շերտերի բաժանելու, պայքարներ ծաւալելու… Ես դրա համար նաեւ ողջունում եմ մեր ժողովրդին՝ այդ խոհեմութեան համար, որ հանգիստ գնահատում եւ արժէւորում է այն ամէնը, ինչը շահեկան է իր պետութեան համար: Դրա համար աշխատանք է պէտք, այդ կողմից հանրութիւնն էլ պէտք է տեսնի այդ կուսակցութիւնների գործունէութիւնը, արած-թողածը, որ գնահատական տա»,- ասաց Վահրամ Բալայեանը:

Նրա գնահատմամբ՝ Արցախի ՏԻՄ ընտրութիւններն ընթացել են ժողովրդավարութեան սկզբունքներին համապատասխան. «Իհարկէ, կային որոշ մանր-մունր խախտումներ, բայց կարելի է դրական համարել՝ կազմակերպւած, ժողովրդի կամընտրութեամբ ընթացել են»:

Նախորդ ՏԻՄ ընտրութիւնների համեմատ, նրա խօսքով, Դաշնակցութիւնը, զուտ կուսակցական առումով, բաւական առաջընթաց ունի՝ այս անգամ ՀՅԴ պաշտպանած աւելի շատ համայնքապետեր են ընտրւել, քան նախորդ ժամանակահատւածում: Այսուհանդերձ, Դաշնակցութեան համար կարեւոր է քաղաքական կայունութիւնը եւ պատրաստ են ակտիւ աշխատել նաեւ անկուսակցական կամ այլ ուժեր ներկայացնող նորընտիր համայնքապետերի հետ:

«Մեզ համար որպես կուսակցութիւն անչափ կարեւոր է համագործակցաբար նպաստել, որպէսզի մեր կայունութիւնը պահպանւի եւ ամրապնդւի, այնպէս որ՝ սոսկ դաշնակցական լինելը գերխնդիր չէ: Իհարկէ, որպէս կուսակցութիւն, մենք ուզում ենք իշխանութեան լծակներ ունենալ, որովհետեւ նպատակները, ծրագրերը լծակներ ունենալու պարագայում կարող ես լաւ իրականացնել, սա նորմալ եմ համարում, բայց, անկախ նրանից, թէ որ կուսակցության գործիչներն են ընտրւել, մենք ե՛ւ շնորհաորում ենք, ե՛ւ պատրաստ ենք համագործակցել»,- ընդգծեց ՀՅԴ Արցախի ԿԿ անդամը:

Վահրամ Բալայեանի խօսքով՝ Արցախում կուսակցական տարանջատումն ընդգծւած չէ, քանի որ ժողովուրդին առաջին հերթին միաւորում է հողն ու ջուրը: Ժողովրդի տարբեր շերտերի միասնականութիւնը նպաստում է արտաքին ճակատում պայքարելուն ու սահմանները անխաթար պահելուն. «Կարծում եմ, այսուհետ եւս այդպէս կը լինի եւ քաղաքական այն ուժերը, որոնք այդ ամէնը հաշւի չեն առնի, կը փորձեն նեղ շահախնդիր հարցեր լուծել՝ անձնական բնոյթի, կը յայտւեն պատմութեան լուսանցքում»:

Սեպտեմբերի 10-ից, Դաշնակցութիւնը խորհրդակցութիւններ է սկսում Արցախի քաղաքական ուժերի հետ՝ 2020 թ. նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու համար: Վահրամ Բալայեանն ասաց՝ կը սկսեն խորհրդարանում ներկայացւած ուժերից եւ կը շարունակեն միւսների հետ եւս. քաղաքական բոլոր դերակատարներին հրաւիրել են խորհրդակցութիւնների:

«Մեր կուսակցութեան մէջ էլ ունենք ընկերներ, որոնք կարող են այդ պաշտօնը վարել, ինչ-որ մի տեղ աւելի լաւ, քան շատ կուսակցութիւնների ներկայացուցիչներ, բայց մենք մեր տեսանկիւնից բաց ենք, ուզում ենք, որ համաձայնեցւած թեկնածու լինի, որովհետեւ 2020 թւականից յետոյ անչափ կարեւոր է, որ այդ ընտրւած թեկնածուն լայն շրջանակներ ներկայացնի, որ հեշտ լինի աշխատել, որովհետեւ ծանր շրջան է լինելու Արցախեան հիմնահարցի, տնտեսութեան եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հետ կապւած: Մի խօսքով՝ ցանկալի կը լինի, որ հանրութեան լայն շրջանակների աջակցութիւնը ստանայ 2020 թ.-ին ընտրւող նախագահը»,- ասաց նա:

ՀՅԴ-ն իր յայտարարութեան մէջ նշած կէտերի շուրջ գրասենեակային հանդիպումներ կանցկացնի քաղաքական ուժերի հետ եւ արդիւնքները ամենօրեայ յաճախականութեամբ կը ներկայացնի մամուլով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։