Հա

Ազգային

12/09/2019 - 10:20

Հայաստանի անկայունութեան արտաքին «հմայքը»

Գործող իշխանութիւններն ու նրանց առաջնորդը շատ են խօսում «Թաւշեայ յեղափոխութեանն» որեւէ արտաքին ուժի աջակցութեան բացառման մասին: Այս թեզը չի կարող ճշմարիտ լինել մի շարք պատճառներով. 

ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Գործող իշխանութիւններն ու նրանց առաջնորդը շատ են խօսում «Թաւշեայ յեղափոխութեանն» որեւէ արտաքին ուժի աջակցութեան բացառման մասին: Այս թեզը չի կարող ճշմարիտ լինել մի շարք պատճառներով.

1. Նախ՝ ոչ ազգային կապիտալից սնւող կազմակերպութիւնների, շարժումների ու աղանդաւորական կառոյցների գերակշիռ մասը լծւել էին «յեղափոխութեան» յաղթանակին: Այսօր էլ նրանց հիմնական մասը հանդիսանում են գործող իշխանութունների յենարանը:

2. Փաշինեանի գործունէութեան տեղեկատւական ապահովումը, քայլերթից ի վեր շարունակում են իրականացնել, հիմնականում, ոչ ազգային կապիտալից սնւող մեդիամիջոցները:

3. Ակնյայտօրէն Հայաստանում ազդեցութեան համար բախւող աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների կայսերական շահերը չէին կարող «քնած» լինել այսպիսի հուժկու ժողովրդային ալիքից առաջ, ընթացքում եւ յետոյ. աւելին, որեւէ լուջ երկիր ու շարժում ուղղակի չէր կարող չհաշւարկել այս հնարաւորութիւնն ու չօգտւէր դրանից:

4. Վերջին 20 տարիների ընթացքում հայաստանեան քաղաքացիական շարժումները հասունացնում էին երկրում փոփոխութիւնների իրականացման մթնոլորտը, իսկ այս շարժումներն ու նրանց թիկունքում կանգնած ֆինանսաւորողները, հիմնականում, տարաբնոյթ արտաքին ուժերն են. նրանք իրենց նպատակների իրագործման բուն պահին ուղղակի չէին կարող չէզոքանալ՝ ի չիք դարձնելով ներդրումներն ու ջանքերը:

Հայաստանը, աշխարհաքաղաքական առումով, սահմանային երկիր է եւ անպատկերացնելի է, որ կայսերական շահերը, չգիտես ինչու, մի կողմ պէտք է քաշւէին ու թողնէին, որ իրադարձութիւնները զարգանան ինքնին՝ բացառապէս հայկական օրակարգով: Անկայութիւնը փոփոխութիւնների հիմնական միջոցն ու միջավայրն է եւ ժամանակակից գլոբալ աշխարհում որեւէ տրանսֆորմացիա չի մնում աննկատ ու անտէր. եթէ նոյնիսկ արտաքին ուժերն այն չեն հրահրում, փորձում են օգտագործել իրենց շահերի համար:

Հայաստանի անկայունութեան «հմայքը», ակնյայտօրէն, ունի աշխարհաքաղաքական բնոյթ՝ ուղղւած Ռուսաստանի եւ Իրանի դէմ: Այն, սակայն, մատուցւեց, ներքաղաքական հասունացած դժգոհութեան տեսքով: Միաժամանակ երկրում փաստացի տեղի ունեցաւ քաղաքական սերնդափոխութիւն՝ Արցախեան շարժման սերնդին փոխարինելու եկան քաղաքացիական ակտիւիստներն ու լրագրողները: Քառորդ դարը մէկ նման սերնդափոխութիւնն օրինաչափ է եւ, եթէ այն չի կատարւում վերեւից՝ կամովին, ակնյայտօրէն տեղի է ունենում ներքեւից՝ պարտադրւած:

Բարեբախտաբար, շարժման նախագծողներն ու առաջնորդները մի բան շուտ հասկացան. եթէ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումների նաւը փորձեն կտրուկ շրջել, ապա դա կը լինի քաղաքական կոլապս. Հայաստանն ուղղակի կարող է չդիմանալ այդ փորձութեանը: Եթէ Վրաստանն ու Ուկրայինան ունէին տարածքներ եւ շուկաներ կորցնելու ու ոտքի վրայ մնալու ներուժ, ապա Հայաստանը կամ պէտք է կորցնէր Արցախը, կամ իր ինքնիշխանութիւնը: Իսկ Հայաստանն առանց Արցախի կը կորցնի իր անվտանգութեան հիմնական կռւանն ու տարածաշրջանում եւ աշխարհում էական գործօն լինելու հանգամանքը: Ինքնիշխանութեան կորստի պարագայում, Հայաստանը կը դառնայ ռուսական մարզ կամ կը յօշոտւի թուրք-ադրբեջանական ներխուժման արդիւնքում: Այս սցենարները, սակայն, ձեռնատու չեն որեւէ մէկին. առաջին սցենարի պարագայում Արեւմուտքը, Թուքիան ու Իրանը երկար ժամանակով կը զրկւեն Կովկասում դերակատար լինելու հանգամանքից, իսկ երկրորդի պարագայում՝ տարածաշրջանում կը ձեւաւորւի թուրքական միաձոյլ միջավայր, որը կը վերաճի համաշխարհային նոր աղէտի՝ սպառնալով տարածաշրջանում խաղացող բոլոր երկրներին, նոյնիսկ Չինաստանին:

Հայաստանի պարագայում որդեգրւեց, այսպէս կոչւած, «թաւշեայ» անցման տարբերակը՝ որպէս միջանկեալ փուլ: Առերեւոյթ, Հայաստանը որեւէ արտաքին քաղաքական շրջադարձ չկատարեց եւ աշխարհին փորձում է համոզել այս թեզի ճշմարտացիութիւնը, սակայն ձեւաւորեց ԱԺ եւ կառավարութիւն, հիմնականում, արեւմտեան կողմնորոշում ունեցող քաղաքացիական ակտիւիստներից ու գործիչներից: Շարժման թիկունքում, ակնյայտօրէն, ռուսական հետք չկայ եւ դա է պատճառը, որ Փաշինեանն ու նրա թիմը մեծ ջանքեր են թափում ռուսներին համոզելու, որ իրենք շարունակում են զարգացնել հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւնները: Այս իրավիճակն ունի ե՛ւ դրական ե՛ւ բացասական կողմ: Դրականն այն է, որ Հայաստանը փորձում է հակակշռել ռուսական ազդեցութիւնը, մեծացնել սուբիեկտայնութիւնը եւ Արեւմուտքի հետ փոխյարաբերութիւններին յաւելեալ գործիքակազմ ու հնարաւորութիւններ առաջարկել: Իսկ բացասականն այն է, որ Ռուսաստանը, յաճախ չէ, որ գործում է Արեւմուտքի «թաւշեայ» տրամաբանութեամբ. Արեւմտեան գործիքակազմի մէջ գերակշռող է հասարակութիւնների մէջ ներթափանցումն ու համակիրների լայն եւ ակտիւ ցանցի ստեղծումը, որոնք անհրաժեշտութեան պահին հասարակութիւնը կարող են «պայթեցնել» ներսից: Ռուսական զինանոցում սւինն է եւ այն գործի է դրւում, երբ իրավիճակը սպառնում է դառնալ անվերահսկելի: Ռուսական կայսրութիւնը զէնքի նկատմամբ միշտ ունեցել է առանձնայատուկ պաշտամունք եւ նրա, այսպէս կոչւած, «գաղափարական իմպերիալիզմը» կարճ յաջողութիւն ունեցաւ միայն խորհրդային դրօշով: Այն, սակայն, պարտւեց Արեւմտեան լիբերալիզմին:

Ռուսական ռազմաբազայի առկայութեան, Արցախեան հարցի գոյութեան եւ կիսաշրջափակւած լինելու պարագայում, Հայաստանի արտաքին կողմնորոշումների փոփոխութիւնն ուղղակի արկածախնդրութիւն կը լինէր՝ սպառնալով երկրի ազգային անվտանգութեանը: Սակայն ռիսկային գօտում յայտնւեցին հայ-ռուսական յարաբերութիւնները: Սա Հայաստանի համար ունի ապակայունացման մեծ ներուժ, քանզի երկար ժամանակ չի կարող երկիրը գտնւել անվտանգութեան մէկ համակարգում, իսկ իշխանութիւններն ունենան հակառակ կողմնորոշումն ու ազդւեն այլ կենտրոններից:

Հայաստանեան փոփոխութիւններն ուղղւած են նաեւ Իրանի դէմ: Եթէ Արեւմուտքն ու ԱՄՆ-ն որոշեն Իրանի դէմ պատժամիջոցներից անցնել ռազմական գործողութիւնների, ապա նրանց համար Հարաւային Կովկասը պէտք է լինի հաւատարիմ յենակէտ: Վրաստանում, այս առումով կարծես խնդիրները նւազ են, Ադրբեջանում այս գիծն առաջ են մղում Իսրայէլի ձեռամբ՝ ռազմարդիւնաբերական արդիական համալիրների ներդրման, ռազմական հրահանգիչների եւ Իրանի տարածքը անօդաչու սարքերով հետախուզելու միջոցով: Հաշւի առնելով Հայաստանի զգայուն իրավիճակը, այստեղ այն կը փորձեն գործադրել «թաւշեայ» իշխանութիւնների ձեռքով: Պարտադիր չէ, որ յաջողեն, բայց որ փորձում են եւ կը շարունակեն փորձել, ակնառու է ու տրամաբանական:

Այսպիսով, ակնյայտ է, որ Հայաստանյան «Թաւշեայ յեղափոխութիւնն» ունի արտաքին ազդեցութիւնների մեծ զինանոց եւ այն շարունակւում է յղկւել, փորձարկւել ու գործադրւել՝ Հայաստանին մխրճելով նոր մարտահրաւէրների դաշտ: Սա Արեւմուտքի պատասխանն էր Հայաստանի նախորդ իշխանութիւններին եւ Ռուսաստանին՝ մէկ օրում ԵՄ անդամակցութիւնից ԵԱՏՄ անդամակցութիւն շրջադարձ կատարելու համար:

Այսպիսի անկայունութեան պարագայում անհնար է ապահովել արտաքին որեւէ լուրջ ներդրում, աւելին՝ խիստ ռիսկայն են նաեւ ներքին ներդրումները. մարդիկ սպասումների եւ անորոշութեան մէջ են յայտնւել, որն արտագաղթի եւ կապիտալի արտահոսքի համար մեծ ռիսկեր է պարունակում: Փաստացի Հայաստանի նոր իշխանութիւնը յայտնւել է ներքին եւ արտաքին խնդիրների տեղատարափի տակ, որոնց լուծումը փորձում է կոծկել կամ յետաձգել՝ դրանք հանրութեանը «վաճառելով» ապագայի գունաւոր պատկերներով եւ անցեալի «սարսափելի» ժառանգութեամբ: Կադրային թոյլ ներուժն ու անփորձութիւնը կրկնապատկում են ռիսկերը՝ գործընթացների կառավարումը դարձնելով անարդիւնաւէտ:

Իսկ իրական յեղափոխութիւնն առջեւում է, որն, իրօք կարող է ունենալ խիստ գունաւոր տեսք, եթէ ազգային ներուժը չվերագտնի իրեն ու այն չտանի հայկական պետականութիւնների արդիականացման հունով եւ անկայունացնող ուժերին չթելադրի իր կամքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։