Հա

Ազգային

16/09/2019 - 13:10

Ընտրութիւններում յաղթանակ է տարել կայացման փուլում գտնւող ՏԻՄ համակարգը

Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Արթուր Մոսիեանի հետ:

«alikonline.ir» - Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Արթուր Մոսիեանի հետ:

 

- Դաշնակցութիւնն ինչպէ՞ս է գնահատում Արցախում կայացած ՏԻՄ ընտրութիւնները:

- Կենտրոնական կոմիտէն քննարկել է Արցախում կայացած ՏԻՄ ընտրութիւնների ընթացքն ու արդիւնքները եւ դրանք որակել որպէս ազատ եւ ժողովրդավարական:

 

- Դաշնակցութեան համար գոհացուցի՞չ էին ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքները:

- Այո, արդիւնքները գոհացուցիչ էին: Կայացած ընտրութիւններին Դաշնակցութիւնը հանրապետութեան համայնքներում առաջադրել կամ պաշտպանել է 34 համայնքի ղեկավարի եւ 48 աւագանու անդամի թեկնածուների: Դաշնակցութեան կողմից պաշտպանւած համայնքի ղեկավարների թեկնածուներից 21-ն են ընտրւել, իսկ աւագանու թեկնածուներից՝ 41-ը: Այսինքն, մեր կողմից առաջադրւած եւ պաշտպանւած թեկնածուների 2/3-ն այս մրցապայքարում յաջողութիւն է գրանցել:

Նախքան ընտրութիւնները Դաշնակցութիւնն ունէր 14 համայնքի ղեկավար, ընտրութիւնների արդիւնքում մենք ունեցանք 21-ը: Այդ առումով ընտրութիւնների արդիւնքները գոհացուցիչ են Դաշնակցութեան համար:

 

- Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ յայտարարել են ընտրապայքարում իրենց «ջախջախիչ» յաղթանակի մասին: Ինչպէ՞ս էք վերաբերւում նրանց յայտարարութիւներին:

- Ուրիշների ասածները չեմ ցանկանում մեկնաբանել, պարզապէս ասեմ, որ մեր երկրում ընտրութիւնների մրցապայքարի արդյունքում որեւէ մէկը չի կարող ջախջախիչ յաղթանակ տանել: Դա չկշռադատւած արտայայտութիւն է, որը հարւած է հասցնում բազմաթիւ ներքին եւ արտաքին մարտահրաւէրներ դիմագրաւելու խնդրի առաջ կանգնած մեր հասարակութեան միասնականութեանը։

Մեր երկրում մէկը միւսի նկատմամբ ջախջախիչ յաղթանակ տանելու անհրաժեշտութիւն չկայ: Ջախջախում են թշնամուն՝ սահմանից այն կողմ: Մեր հայրենիքում չեն կարող լինել «ջախջախւած» հայրենակիցներ: Ես կասէի, որ ընտրութիւններում յաղթանակ է տարել կայացման փուլում գտնւող ՏԻՄ համակարգը: Եթէ կայացման եւ զարգացման դիտակէտից նայենք ՏԻՄ համակարգին, մեզ մօտ յաղթողներ եւ պարտւողներ չեն եղել: Եղել են մրցապայքարի արդիւնքում ընտրւած եւ չընտրւած թեկնածուներ: Յուսամ, որ այդ յայտարարութիւնները միտումնաւոր չեն արւել:

 

- Սոցիալական ցանցերում եւ լրատւամիջոցներում խօսւում է մօտ 128-130 համայնքներում տարած յաղթանակի մասին:

- Նմանատիպ յայտարարութիւնները քարոզչական մանիպուլեացիաներ են: Այդ «յաղթանակները» սխալ վերլուծութեան եւ ոչ ճիշտ տրամաբանութեան արդիւնք են: Այդ նոյն տրամաբանութեամբ Ստեփանակերտ քաղաքում մասնակցած ընտրողների թիւը կազմել է հանրապետութեան ընտրողների մօտ 32 %-ը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է անկուսակցական թեկնածուն, երկրորդ հորիզոնականում է Դաշնակցութեան պաշտպանած թեկնածուն, 3-4-5-րդում՝ այլ կուսակցութիւնների ներկայացուցիչներ։ Հիմա ի՞նչ է ստացւում՝ ընտրութիւններում յաջողութիւն գրանցած կուսակցականների դէպքում կուսակցութիւնը յաղթել է, իսկ ոչ առաջին հորիզոնականը զբաղեցրած կուսակցութեան անդամների պարագայում՝ կուսակցութիւնը տւեալ համայնքում չի՞ մասնակցել ընտրապայքարին։

Միւս հարցը՝ խօսւում է 130 թեկնածուների յաղթանակի մասին: Իսկ ինչքա՞ն են եղել մինչեւ ընտրութիւնները՝ 160, թէ՞ 170. այս մասին ոչինչ չի ասւում։

Կրկնում եմ, սրանք ոչ ճիշտ վերլուծութեան արդիւնքներ են։

Եթէ նայենք պաշտօնական վիճակագրութեանը, ապա ՏԻՄ ընտրութիւններում մասնակցել է համայնքի ղեկավարի 413 թեկնածու, որից կուսակցական են եղել ընդամենը 128-ը, իսկ կուսակցութիւնների կողմից առաջադրւել է ընդամենը 3 թեկնածու: Աւագանու թեկնածուների թիւը կազմել է 1396, որից կուսակցական են եղել ընդամենը 248-ը, իսկ կուսակցութիւնների կողմից առաջադրւել է ընդամենը 18 թեկնածու:

Կարծում եմ այս առումով Արցախում յաջողութիւն է գրանցել «անկուսակցականների կուսակցութիւնը»։

 

- Լուրեր են տարածւում, ըստ որոնց՝ ՏԻՄ ընտրութիւնները չքաղաքականացնելու պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել:

- Պէտք է տարբերակել խօսակցութիւններն ու քննարկումները պայմանաւորւածութիւններից: Համայնքի ղեկավարի պաշտօնը մեր օրէնսդրութեամբ քաղաքական պաշտօն է։ Դաշնակցութիւնը չի կարող ունենալ մեր օրէնսդրութեանը հակասող պայմանաւորւածութիւններ։ Այդ է պատճառը, որ Դաշնակցութիւնն այն եզակի քաղաքական ուժերից է, որը նախօրօք յայտարարել է իր սատարած թեկնածուների մասին՝ մասնաւորապէս քաղաքային համայնքներում։

 

- Ինչպէս ասացիք՝ 228 համայնքում տեղի ունեցած ընտրութիւններին Դաշնակցութիւնը սատարել է 34 համայնքի ղեկավարի թեկնածուի, ինչը կազմում է ընդհանուր համայնքների միայն 15%-ը: Այս ցուցանիշն արդեօ՞ք քիչ չէ Դաշնակցութեան համար:

- Նայած թէ որ կողմից ենք նայում: Եթէ համայնքների թւի քանակով նայենք, ապա Դաշնակցութիւնը համայնքների թւի 15%-ում է սատարել որեւէ թեկնածուի, բայց չպէտք է մոռանալ, որ այդ 34 համայնքները կազմում են մեր ազգաբնակչութեան առնւազն 70%-ը։

Ասեմ նաեւ, որ Դաշնակցութիւնն այս ընտրութիւններին սատարել է ինչպէս կուսակցական, այնպէս էլ համակիր թեկնածուների:

 

- Ինչո՞վ էր պայմանաւորւած Դաշնակցութեան այդ որոշումը:

- Ամենեւին էլ պարտադիր չէ, որ Դաշնակցութեան սատարած թեկնածուները պարտադիր կուսակցականներ լինեն: Դաշնակցութունն աւելի շատ ուշադրութիւն է դարձրել թեկնածուների հմտութիւններին եւ կարողութիւններին:

Եթէ մեր համակիր թեկնածուները լաւ ծրագրերով են հանդէս եկել, մենք պաշտպանել ենք այդ թեկնածուներին, որովհետեւ մեզ համար սեփական թեկնածուի բարդոյթ գոյութիւն չունի: Խնդիրը ՏԻՄ համակարգի կայացումն է, համայնքներում ունակ ղեկավարի առկայութիւնը:

Մենք առաջնորդւել ենք այս սկզբուքներով, եւ ընտրութիւնների արդիւնքները ցոյց են տւել, որ բոլոր այն համայնքներում, որտեղ մենք առաւելութեան չենք հասել, գրաւել ենք 2-րդ հորիզոնականը, այն էլ՝ շատ տեղերում թեկնածուների միջեւ ձայների տարբերութիւնը մինչեւ 20 ձայն էր։ Սա խօսում է ճիշտ ընտրւած թեկնածուների մասին։

 

- Դաշնակցութիւնը սեպտեմբերի 12-ից սկսել է 2020 թ. ընտրութիւններին միասնական օրակարգով եւ համաձայնեցւած թեկնածուով առաջադրւելու շուրջ բանակցութիւններ: Ինչպէ՞ս են ընթանում բանակցութիւնները:

- Կենտրոնական կոմիտէն գործադրում է Դաշնակցութեան Արցախի արտահերթ Շրջանային ժողովի որոշումը: Արդէն իսկ մեկնարկել է մեր հանդիպումների շարքը: Հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի հետ՝ ստանալու նրա օրհնութիւնը: Արցախի հոգեւոր առաջնորդը կիսել է միասնական օրակարգ ձեւաւորելու՝ Դաշնակցութեան կողմից արծարծւած մտահոգութիւնները եւ ողջունել միասնական օրակարգ ձեւաւորելու ուղղութեամբ տարւող ջանքերը: Պարգեւ Սրբազանն օրախնդիր է համարել նաեւ հասարակութեան մէջ ամէն տեսակի պառակտման ու բեւեռացման առաջն առնելու իւրաքանչիւր քայլ:

Այս փուլում հանդիպելու ենք խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցութիւնների հետ։ Գործընթացի ամփոփումը լինելու է հրապարակային, եւ հանրութիւնը տեղեկացւած է լինելու այս ամէնի մասին։

 

Լուսինէ Թեւոսեան

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։