Հա

Ազգային

10/10/2019 - 10:30

Փորձում ենք Արցախի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած մէկ թեկնածու ունենալ

Արցախ Հանրապետութեան ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայեանը Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնալով 2020 թ.-ին կայանալիք ԱՀ նախագահական ընտրութիւններին՝ նշեց, որ ՀՅԴ-ն դեռեւս յստակ չի որոշել սեփական թեկնածուով հանդէս կը գայ, թէ կաջակցի այլ քաղաքական ուժի կողմից առաջադրւած թեկնածուի:

«alikonline.ir» - Արցախ Հանրապետութեան ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայեանը Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնալով 2020 թ.-ին կայանալիք ԱՀ նախագահական ընտրութիւններին՝ նշեց, որ ՀՅԴ-ն դեռեւս յստակ չի որոշել սեփական թեկնածուով հանդէս կը գայ, թէ կաջակցի այլ քաղաքական ուժի կողմից առաջադրւած թեկնածուի: «Փորձում ենք ԱՀ նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած մէկ թեկնածու ունենալ, եթէ դա չյաջողւի աշնանը, ամենայն հաւանականութեամբ նոյեմբերին կը հրաւիրենք արտակարգ ժողով, որտեղ մեր թեկնածուն կառաջադրենք»,- ասաց նա:

 

- Պարոն Բալայեան, 2020 թ.-ին կայանալիք ԱՀ նախագահական ընտրութիւններին մասնակցելու մասին արդէն իսկ 4 քաղաքական ուժեր յայտարարել են, որ սեփական թեկնածուով հանդէս կը գան: Նաեւ Սամուէլ Բաբայեանն է ընտրութիւններին մասնակցելու համար սահմանադրական փոփոխութիւններ նախաձեռնելու գործընթաց սկսել: ՀՅԴ-ն եւս սեփական թեկնածու ունենալը չէր բացառել, թէեւ մինչ այդ յայտարարել էր, որ Արցախի քաղաքական ուժերի հետ նախընտրական բանակցութիւնների փուլ է սկսում: ՀՅԴ-ն, ի վերջոյ, նախագահի թեկնածու կունենա՞յ, թէ ոչ:

- Մենք օգոստոսի 29-ին հանդէս ենք եկել յայտարարութեամբ՝ ընդհանուր առմամբ ներսում համերաշխութիւն ապահովելու նկատառումով եւ առաջարկել ենք քաղաքական ուժերին բանակցել որոշակի գաղափարների շուրջ, որը պէտք է նիւթականանայ 2020 թւականի ընտրութիւններից յետոյ, այսինքն՝ ով կարող է նախագահ դառնալ եւ այդ գաղափարներն իրականութիւն դարձնել: Ասեմ, որ արդէն մէկ շաբաթ առաջ մենք այդ կոնսուլտացիանները Արցախում գրանցւած 22 կուսակցութիւնների հետ վարել ենք, եւ հիմա 2-րդ փուլ պէտք է ընթանայ, որից յետոյ որոշւի, թէ ով կարող է լինել այդ թեկնածուն: Այո, ի սկզբանե մենք ասել ենք, որ մենք ունենք նախագահի մեր կուսակցական թեկնածուն, բայց որպէսզի լինի ներքին համաձայնութիւն, այդպէս փորձում ենք համաձայնեցւած մէկ թեկնածուի վրայ կանգնել, այսինքն՝ մենք պատրաստ ենք բանակցել, խօսել եւ հնարաւոր է՝ կանգ առնենք այլ կուսակցութիւնից թեկնածուի վրայ, կամ գուցէ անկուսակցական լինի, առայժմ յստակեցւած չէ: Եթէ դա չյաջողւի աշնանը, ամենայն հաւանականութեամբ նոյեմբերին կը հրաւիրենք արտակարգ ժողով, որտեղ մեր թեկնածուն կառաջադրենք, այսինքն մենք այս ճանապարհն ենք ուզում անցնել: Կարեւոր է մեր այս նախաձեռնութիւնը, որպէսզի 2020 թ.-ից յետոյ էլ հեշտ լինի նախագահի համար աշխատել եւ ունենալ հանրային մեծ օժանդակութիւն եւ համակրանք:

 

- Ասացիք, որ ունէք նախագահի Ձեր կուսակցական թեկնածուն, կասէ՞ք, ամէն դէպքում, թէ ում մասին է խօսքը:

- Իհարկէ չեմ կարող ասել, ինչպէս ասում են, դեռեւս ժամանակ կայ, եւ կարիք չկայ բանակցութիւններից առաջ անուն նշել:

 

- Իսկ առաջադրւած թեկնածուների հետ կոնկրետ հանդիպումներ եղե՞լ են եւ կա՞ն այնպիսիք, որոնք Ձեզ հետ ունեն առաւել գաղափարական ընդհանրութիւններ, եւ ընդհանրապէս միասնական թեկնածուով հանդէս գալու գաղափարին ինչպէ՞ս են արձագանքում:

- Պատկերացրէք՝ բոլոր քաղաքական ուժերն էլ մեր գաղափարները կիսում են, այն գաղափարները, որոնց միջոցով պէտք է երկիրը առաջ շարժւի: Մի մասն էլ ընդհանրապէս դէմ չէ, որ միասնական ճակատով փորձ արւի դուրս գալ: Իսկ գաղափարները վերաբերում են Արցախի տարածքային ամբողջականութեան հարցերին, կոռուպցիայի դէմ պայքարին, սոցիալական արդարութեանը եւ այսպէս շատ ու շատ հարցերին, որոնց պէտք է փորձենք արմատական լուծումներ ապահովել: Այս գաղափարների շուրջ է առայժմ, իսկ թեկնածուների շուրջ երկրորդ փուլում քննարկում կը կատարենք, ամենայն հաւանականութեամբ Արցախի բարեկամների ֆորումի աւարտից յետոյ: Հաւանաբար, տեղեակ էք, որ կուսակցութեան աջակցութեամբ եւ Արցախյան կառավարութեան մասնակցութեամբ ֆորում է կազմակերպւել, որը տեղի կունենայ հոկտեմբերի 11-ին, 30 երկրներից շուրջ 150 պատւիրակներ կը լինեն, այս ամէնը վերջացնելուց յետոյ կանցնենք միւս փուլին:

 

- Իսկ որքանո՞վ է արդարացւած ընտրութիւններին միասնական թեկնածուով հանդէս գալու ձեր նպատակը, մէկ թեկնածուով ընտրութիւնները ժողովրդավարական կարելի՞ է համարել:

- Ես համոզւած եմ՝ մեկ թեկնածու չի լինի, մի քանիսը կը լինեն, պարզապէս, խնդիրն այն է, որ ԱԺ-ի եւ նախագահական ընտրութիւնները նոյն օրը պէտք է կայանան, հետեւաբար, ինչպէս ասում են, գայթակղիչ է այն առումով, որ ամէն մի կուսակցութիւն կնախընտրի իր թեկնածուն ունենալ։ Այս տեսանկիւնից գտնում ենք, որ մի տեսակ անյարմար է փոքր տարածքով եւ փոքր ժողովրդով 10-ից 12 թեկնածուներ ունենալը, մի տեսակ գեղեցիկ չէ: Միւս կողմից էլ այդքան շատ թեկնածու ունենալը նշանակում է հասարակութեանը բաժանել տարբեր շերտերի: Իհարկէ, ընտրութիւնները երկրի զարգացման ինստիտուցիոնալ համակարգերից մէկն են, բայց ընտրութիւններն ունեն նաեւ բացասական հետեւանքներ․ ամէն մի ընտրութիւնից յետոյ մենք ստիպւած ենք լինում հանրութեան մէջ փորձել խաղաղութիւն հաստատել, մարդկանց միջեւ տարաձայնութիւնները հարթել, որովհետեւ վերջիվերջոյ մի ժողովուրդ ենք, որն ունի մէկ նպատակ, եւ մեզ համար շռայլութիւն կը լինի եղած ուժերը բաժան-բաժան անել: Կարծում ենք՝ այդ ճանապարհը դեռեւս սպառւած չէ, մենք կը փորձենք գնալ եւ հասնել մեր նպատակին:

 

- Պարոն Բալայեան, տարբեր կարծիքներ են հնչում, որ սա Արցախի անկախ պատմութեան համար առանձնայատուկ ընտրութիւններ են, իր տեսակով՝ բաւական անկանխատեսելի եւ այս անգամ իսկապէս մարդիկ պիտի կողմնորոշւեն ու գնան իրենց ձայները տան, համակարծի՞ք էք:

- Իհարկէ այո, իսկապէս իւրօրինակ է լինելու այն տեսանկիւնից, որ մենք կատարում ենք այս ընտրութիւնները նոր սահմանադրութեան պայմաններում, երբ միասնաբար պէտք է ընտրենք ե՛ւ Ազգային ժողով, ե՛ւ նախագահ, այս տեսանկիւնից, այո, քաղաքական ուժերի մօտեցումները տարբեր կը լինեն: Նաեւ մէկ այլ հանգամանք էլ կայ, վերջիվերջոյ, նախագահ Բակօ Սահակեանի պաշտօնավարման ժամկէտը վերջանում է, եւ այս տեսանկիւնից, ինչպէս ասում են, նախագահական ինստիտուտին «տեր դառնալը» գայթակղիչ է դառնում:

 

- Իսկ Ձեզ համար անհանգստացուցիչ չէ՞, երբ նախագահ Բակօ Սահակեանը դեռեւս որեւէ թեկնածուի կամ քաղաքական ուժի աջակցութեան մասին յայտարարութեամբ հանդէս չի եկել, եւ նաեւ Հայաստանի իշխանութիւնները, կարծես, խուսափում են այս կամ այն թեկնածուին աջակցութիւն յայտնել:

- Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կորոշակիանայ, Արցախի նախագահն էլ որոշակի մօտեցում կունենայ: Ամէն դէպքում ինքը քաղաքականապէս ակտիւ անձնաւորութիւն է եւ չեմ կարծում, որ կողքից նայողի դերակատարութիւն ունենայ: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, իհարկէ, մի կողմից որ նայում ենք, ճիշտ է, որ ՀՀ-ն Արցախի ներքին գործերին չխառնւի եւ հակառակը, ԱՀ-ն՝ ՀՀ-ի ներքին գործերին չխառնւի, բայց այստեղ այլ հարց էլ կայ․ մեր երկու երկրների յարաբերութիւններն այն աստիճանի են, մենք այնպէս չի, որ բարեկամ երկրներ ենք, մենք իրար մէջ ապրող երկրներ ենք, իրարից անբաժան, այլ կարգավիճակ ունենք: Յամենայն դէպս այդ խորհուրդները, մասնակցութիւնը, եթէ բարի է, ես դրա մէջ վատ բան չեմ տեսնում, եթէ կոշտ միջամտութիւն չի կամ հակասահմանադրական չի, ես այդ մօտեցումները միայն ու միայն ողջունում եմ: Ամէն դէպքում, հնարաւոր է, որեւէ մի թեկնածուի աջակցութիւն յայտնեն, վերջիվերջոյ, ինչպէս ասում են, միասին պէտք է ճանապարհ անցնեն եւ վատ չի լինի, եթէ կարեւոր նշանակութեան հարցերը համաձայնեցւեն՝ իհարկէ՝ Սահմանադրութեան, օրէնքի տառին համապատասխան:

 

- Պարոն Բալայեան, երկու երկրների միջեւ արդէն իսկ որոշակի լարւածութիւն է ձեւաւորւել, մասնաւորապէս, թեկնածուներից Վիտալի Բալասանեանի շուրջ ստեղծւած աղմուկն ինչպէ՞ս կը գնահատէք: Բալասանյանի՝ ՀՀ իշխանութիւնների դէմ արւած յայտարարութեանը նոյնիսկ արձագանքել է ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղարը՝ նշելով, որ Վիտալի Բալասանեանն իրեն պահում է «որպէս խուլիգան, այլ ոչ թէ՝ Արցախի նախագահի թեկնածու»:

- Ինձ դուր չի գալիս այն տեսանկիւնից, որ ես կը ցանկանայի, որ ամէն մի հարց լուծվի փոխհամաձայնութեան, խաղաղութեան մթնոլորտում, վերջիվերջոյ, Վիտալի Բալասանեանն Արցախում յայտնի անձնաւորութիւն է, ճանապարհ ունի անցած, ծառայութիւններ ունի մատուցած եւ ցանկալի կը լինի, որ իր ներդրումն այս երկրում նոյնպէս լինի: Յամենայն դէպս իմ մօտեցումն այն է, որ մտքերը կարելի է արտայայտել՝ բառերը խնայելով:

 

- Իսկ նրա հաւանական յաղթանակը ի՞նչ սցենար կարող է ունենալ:

- Եթէ նոյնիսկ Բալասանեանը նախագահ ընտրւի, յամենայն դէպս ինքը լուրջ, պատասխանատու անձնաւորութիւն է, չեմ կարծում, որ կը հասնի այնպիսի վիճակի, որ ՀՀ-ի ու Արցախի միջեւ խնդիրներ կառաջանան: Բոլորսն էլ քաջ գիտակցում ենք, որ դա կործանարար է երկու կողմերի համար էլ եւ չեմ կարծում, որ այդ ճանապարհով կը գնան: Ուղղակի նախընտրական շրջան է, եւ միշտ էլ կրքերի որոշակի բորբոքում է լինում, լարւածութեան մթնոլորտ է լինում: Կը ցանկանայի՝ թէ՛ ԱՀ-ից, թէ՛ ՀՀ-ից, մանաւանդ պաշտօնական շրջանակներից, այդպէս կոշտ ու տհաճ մօտեցումներ չլինէին, որովհետեւ ոչ մի կողմին էլ դա օգուտ չի բերում:

 

- Իսկ Արցախի հանրութեան մօտ ինչպիսի՞ տրամադրութիւններ կան,տեսնո՞ւմ ենք, որ քաղաքական ուժերի մօտ աստիճանաբար մրցակցութիւնը սրւում է, հանրութիւնն ինչպէ՞ս է արձագանքում նախընտրական այս իրավիճակներին:

- Արցախի հայութիւնը մի տեսակ իւրօրինակ բնաւորութիւն ունի, իմ մօտ տպաւորութիւն է, որ ժողովուրդը կողքից մի տեսակ հանգիստ նայողի, դատաւորի դերակատարութիւն ունի: Ինչպէս ասում են՝ ժամանակը կը գայ, բարին էլ հետը, եւ համապատասխան մօտեցում կը լինի, մէկն ունի որոշակի մօտեցում, վերլուծութիւն, բայց չեմ կարծում, որ ժողովուրդը արտառոց կամ ոչ պետականամէտ որոշում կը կայացնի, համոզւած եմ, որ Արցախի հայութիւնը, ինչպէս դարեր շարունակ խոհեմ քայլեր է կատարել, այս անգամ էլ նման խոհեմ քայլեր կը կատարի:

 

Հեղինակ՝ Նելլի Լազարեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։