Հա

Այլ

11/01/2018 - 10:10

Ի՞նչ անել, եթէ ձեռքերն ու ոտքերն ամբողջ ժամանակ սառն են

Շատերն են բողոքում, որ ձեռքերն ու ոտքերը սառն են, ըստ որում՝ ոչ միայն ձմռանը, տարւայ այլ եղանակներին նոյնպէս: Բժիշկ Ջոն Բրիլը մի քանի խորհուրդ է տալիս, որոնք կարող են նման մարդկանց օգնել:

«alikonline.ir» - Շատերն են բողոքում, որ ձեռքերն ու ոտքերը սառն են, ըստ որում՝ ոչ միայն ձմռանը, տարւայ այլ եղանակներին նոյնպէս: Բժիշկ Ջոն Բրիլը մի քանի խորհուրդ է տալիս, որոնք կարող են նման մարդկանց օգնել: Տեղեկացնում է «news.am»-ը:

 

Հագուստ

Սառը ձեռքերի եւ ոտքերի պատճառն առաւել յաճախ արեան վատ շրջանառութիւնն է: Ցածր ջերմաստիճանների ֆոնին այս խնդիրն առանձնապէս հրատապ է դառնում, քանի որ անօթներն արագ են նեղանում: Վերջոյթների ջերմաստիճանը բարձրացնելու համար փորձագէտը խորհուրդ է տալիս լայն հագուստ հագնել: Մասնաւորապէս ձեռնոցի փոխարէն աւելի լաւ է թաթման հագնել, իսկ կօշիկը չպէտք է կիպ լինի: Սա թոյլ կը տայ տաք օդային շերտի առաջացմանը, որը լրացուցիչ կը տաքացնի:

 

Կծու ուտելիք

Մասնագէտը խորհուրդ է տալիս սննդակարգի մէջ ընդգրկել կծու ուտելիք, եթէ, իհարկէ, դրա համար հակացուցումներ չկան: Կծու ուտելիքն անօթները լայնացնում է, լաւացնում շրջանառութիւնը (սիրտը սկսում է արիւնն աւելի լաւ մատակարարել), բարձրացնում է մարմնի ընդհանուր ջերմաստիճանը: Դրանից բացի, պղպեղը հարուստ է А եւ С վիտամիններով, որոնք ամրացնում են անօթների պատերը եւ կանխում ընդարմացումը:

Իսկ ահա ծխախոտից, կոֆէինից եւ սպիրտայինից ձմռանն աւելի լաւ է հրաժարւել, խորհուրդ է տալիս մասնագէտը: Նիկոտինն ու կոֆէինը անօթները նեղացնում են: Իսկ ալկոհոլը ջրազրկում է եւ ամենւին չի տաքացնում, չնայած տարածւած կարծիքին: Սպիրտայինի ազդեցութեամբ մարդը պարզապէս ցուրտն աւելի քիչ է զգում:

 

Ձուկ եւ տերեւաւոր բանջարեղէն

Ձուկը եւ կանաչ տերեւաւոր բանջարեղէնը միանշանակ ցուցւած են այն մարդկանց համար, որոնց ձեռքերն ու ոտքերը մշտապէս սառն են: Ընդհանրապէս ձկան իւղով, նիացինով, երկաթով հարուստ մթերքները եւ բիոլոգիական ակտիւ յաւելումները օգնում են անօթների լայնացմանը՝ նպաստելով արեան նորմալ շրջանառութեանը: Ձուկը մեծ քանակութեամբ «օմեգա-3» եւ «օմեգա-6» ճարպաթթուներ է պարունակում, որոնք անօթների համար օգտակար են: Կանաչ տերեւաւոր բանջարեղէնը եւ կարմիր միսը մեծ քանակութեամբ երկաթ են պարունակում, որը նոյնպէս օգտակար է արեան շրջանառութեան համար: Նիացինն, իր հերթին, դանդաղեցնում է անօթների նեղացման պրոցեսը:

 

Ջրի հաշւեկշիռ

Մարմնում պահպանէք ջրի հաշւեկշիռը: Ջուրն օգնում է կարգաւորել մարմնի ջերմաստիճանը եւ արեան շրջանառութեան մէջ կարեւոր դերակատարում ունի: Բժիշկների խօսքով՝ ձմռանը մարդիկ հազւադէպ են նկատում, որ ջրազրկւել են: Այդ պատճառով անհրաժեշտ է ջուր խմել նոյնիսկ այն դէպքերում, երբ սաստիկ ծարաւ չէք: Եւ նախապատւութիւն պէտք է տալ տաք ըմպելիքներին:

 

Շարժում

Եթէ փողոցից տուն էք մտել, մի շտապէք նստել բազմոցին. մասնագէտները խորհուրդ են տալիս աւելի շատ շարժւել: Սա յատկապէս վերաբերում է գեր մարդկանց, որոնց ձեռքերի եւ ոտքերի արեան շրջանառութիւնը վատ է կատարւում, իսկ ցուրտը նրանք յաճախ չեն զգում ճարպաշերտի շնորհիւ:

Ընդհանուր առմամբ, եթէ մարմինը տաքացել է, իսկ ձեռքերն ու ոտքերը սառն են մնում, սա անօթային շեղումների առաջին նշանն է: Հնարաւոր են արտերիաների տեղային արգելափակում, անեմիա կամ մի շարք այլ խանգարումներ: Այս պատճառով, եթէ արել էք այն ամէնը, ինչ վերեւում թւարկւած է, սակայն, միեւնոյն է, տառապում էք սառը վերջոյթների պատճառով, բժշկի հետ խորհրդակցէք:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։