Հա

Այլ

28/08/2019 - 11:20

Ամազոնիայի անտառները ինչ դերակատարում ունեն համաշխարհային կլիմայի կարգաւորման մէջ

Ամազոնիայի անտառներում հրդեհները միջազգային բողոք են յարուցել յանուն աշխարհում ամենամեծ արեւադարձային անտառի պահպանման: AP-ն վերլուծել է Ամազոնիայի անտառների կատարած դերը համաշխարհային կլիմայի կարգաւորման մէջ:

«alikonline.ir» - Ամազոնիայի անտառներում հրդեհները միջազգային բողոք են յարուցել յանուն աշխարհում ամենամեծ արեւադարձային անտառի պահպանման: AP-ն վերլուծել է Ամազոնիայի անտառների կատարած դերը համաշխարհային կլիմայի կարգաւորման մէջ: Գրում է News.am-ը:

 

Թթւածնի համաշխարհային մատակարա՞ր

Ո՛չ: Չնայած սովորաբար ասում են, որ Ամազոնիան արտադրում է աշխարհի թթւածնի 20 տոկոսը, կլիմայագէտները պնդում են, որ այս թիւը ճիշտ չէ, եւ ցանկացած դէպքում թթւածնի մատակարարումը անմիջական վտանգի չի ենթարկւում: Սա պայմանաւորւած է այն երեւոյթով, որ անտառները գրեթէ նոյնքան թթւածին են կլանում, որքան արտադրում են: Բոյսերը թթւածին են արտադրում ֆոտոսինթեզի պրոցեսում, բայց նաեւ այն կլանում են աճի համար, ինչպէս կենդանիներն ու մանրէները:

Սա չի նշանակում, որ հրդեհները մոլորակի համար խնդիր չեն: Ամազոնիան ածխածնի՝ ածխաթթու գազի, ջերմոցային գազի չափազանց մեծ կլանողն է, որն առաջանում է հանածոյ վառելիքի այրումից, ինչպիսին են նաւթն ու ածուխը:

 

Ամազոնիայի անտառները մոլորակի թոքե՞րն են

Ամազոնիայի արեւադարձային անտառները յաճախ անւանում են «մոլորակի թոքեր», բայց հնարաւոր է՝ սա ամենաճշգրիտ համեմատութիւնը չէ:

Սան Պաուլուի համալսարանից կլիմայի հարցերով մասնագէտ Կառլոս Նոբրեն ասում է, որ Ամազոնիայի դերակատարման լաւագոյն բնորոշումն է կլանողը, որը մթնոլորտից հեռացնում է ածխածնի երկօքսիդի որսւող ջերմութիւնը: Ներկայումս աշխարհը մթնոլորտ է արտանետում տարեկան մօտ 40 մլրդ. տոննա CO2: Ամազոնիան կլանում է տարեկան 2 մլրդ. տոննա CO2 (կամ տարեկան արտանետումների 5 տոկոսը), ինչով կլիմայի փոփոխութեան կանխման կարեւոր մաս է դառնում:

 

Համաշխարհային կլիմայի համար ի՞նչ են նշանակում Ամազոնիայում հրդեհները

Ամազոնիայում հրդեհները ոչ միայն նշանակում են, որ ածխածինը կլանող անտառը վերանում է, այլ նաեւ բուն կրակն ամէն օր արձակում է միլիոնաւոր տոննա ածխածին: Նոբրեն ասում է, որ մենք մօտ ենք «բեկումնային պահին», որը խիտ ջունգլին կը վերածի արեւադարձային սաւաննայի:

Արեւադարձային անտառը սեփական ջուրը կրկնակի օգտագոծում է տարածաշրջանում տեղումների մի մասի արտադրման համար, ուստի անտառազրկումը անձրեւները պակաս յաճախակի է դարձնում՝ երկարացնելով չորային սեզոնը: Նոբրեի գնահատմամբ՝ անտառի 20-ից մինչեւ 25 տոկոսի ոչնչացման դէպքում չորային սեզոնը բաւականաչափ երկարատեւ կը լինի:

«Ցաւօք, մենք արդէն տեսնում ենք, որ Ամազոնիան վերածւում է սաւաննայի»,- ասել է նա՝ վկայակոչելով աւելի երկարատեւ դարձող երաշտ սեզոնները։ «Դա արդէն պարզապէս տեսութիւն չէ, այլ արդէն կատարւում է»։

 

Ի՞նչն է հրդեհների պատճառը

Ներկայիս հրդեհներն Ամազոնիայում հրդեհներ չեն։ Դրանք մարդն է անում՝ «հողը զաւթողը», ով անտառը մաքրում է խոշոր եղջերաւոր անասուններ պահելու եւ ցանքսի համար։

Ամազոնիայի անտառազրկումը երկար, դանդաղ գործընթաց է։ Մարդիկ մաքրում են հողը՝ կտրելով բուսականութիւնն անձրեւների սեզոնին, թոյլ տալով, որ ծառերը չորանան եւ այրելով դրանք չոր սեզոնին։ Խիտ անտառը գիւղատնտեսական նպատակով մաքրելու համար մի քանի տարի անհրաժեշտ կը լինի։

«Երբ ես խօսում եմ 21-րդ դարում անտառը կտրելու մասին, նկատի չունեմ բենզասղոցով անտառ մեկնող ընտանիքը»,- ասել է հետազօտող Դագ Մորթոնը։ «Ես նկատի ունեմ մեծ շղթաներով տրակտորները։ Դրանք ծառերն արմատախիլ են անում»։

Նա ասել է, որ հետազօտողները կարող էին մի քանի ամիս առաջ տեսնել ծառակոյտեր արբանեակային լուսանկարներից։ «Նրանք հսկայ խարոյկ են վառում Ամազոնիայի ծառերից, որոնք չորացել են արեւի տակ մի քանի ամսւայ ընթացքում»։

«Փոխւել է քաղաքական դիսկուրսը»,- ասել է Նոբրեն։ Նախագահ Ժաիր Բոլսոնարոն կրճատել է անտառների պաշտպանութեան գործակալութիւնների լիազօրութիւնները, որոնք, նրա խօսքով, խանգարում են հողերի կառուցապատմանը։

«Հրդեհների թիւն աւելանում է, որովհետեւ մարդիկ կարծում են, թէ իրաւապահ մարմիններն իրենց չեն պատժի»,- ասել է Նոբրեն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։