Հա

Այլ

14/09/2019 - 08:40

2100 թւականին Ալպերի ամենախոշոր սառցադաշտից կը մնան մի քանի ոչ մեծ կտորներ

Ջերմաստիճանի Ցելսիուսի 4-8 աստիճանով բարձրանալու սցենարի իրականանալու դէպքում ներկայիս հարիւրամեակի վերջին Ալպերի ամենախոշոր՝ Ալչիական սառցադաշտից կը մնան միայն մի քանի ոչ մեծ կտորներ:

«alikonline.ir» - Ջերմաստիճանի Ցելսիուսի 4-8 աստիճանով բարձրանալու սցենարի իրականանալու դէպքում ներկայիս հարիւրամեակի վերջին Ալպերի ամենախոշոր՝ Ալչիական սառցադաշտից կը մնան միայն մի քանի ոչ մեծ կտորներ: Այսպիսի եզրակացութիւն են կատարել Ցիւրիխի սառցագիտութեան դաշնային տեխնիկական համալսարանի (ETH Zurich) գիտնականները՝ կատարած 3D մոդելաւորման արդիւնքում: Ըստ News.am-ի փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցուցակի մէջ ներառւած աւելի քան 20 կմ. երկարութեամբ Ալչիական սառցադաշտը Ռոն գետի հովտի ջրի կարեւոր աղբիւրն է եւ միաժամանակ գրաւիչ տեսարժան վայր ամբողջ աշխարհից բազմաթիւ զբօսաշրջիկների համար: Վերջին տասնամեակում այն, ինչպէս եւ իր եղբայրակիցները, տաքացման պատճառով աստիճանաբար ծաւալով նւազել է: 2000 թւականից նրա «լեզուն» 1 կմ.-ով կարճացել է:

ETH Zurich-ի մասնագէտներ Գիեոմ Ժիւվէն եւ Մաթիաս Հուսը մոդելաւորել են սառոյցի հալչելու տարբեր արագութիւններ՝ հաշւի առնելով մթնոլորտում СО2-ի խտութիւնը եւ Շւէյցարիայում կլիմայի փոփոխութիւնները: Եթէ մարդկութեանը յաջողւի Երկրի ջերմաստիճանի աճը պահել Ցելսիուսի 2 աստիճանի սահմաններում՝ 2015 թւականի Փարիզի համաձայնագրին համապատասխան, ապա մինչեւ ներկայիս հարիւրամեակի վերջը Ալչիական սառցադաշտը կը կորցնի իր ծաւալի կէսից աւելին, պարզել են գիտնականները: Բայց եթէ միջազգային հանրութիւնը չկարողանայ տաքացումը պահել այս «շրջանակում», եւ դրա հետեւանքով 2100 թւականին Շւէյցարիայում ջերմաստիճանը բարձրանայ 4-8 աստիճանով՝ 1960-1990 թւականների ժամանակահատւածի համեմատութեամբ, Ալպերի խոշորագոյն սառցադաշտից կը մնայ 2 աննշան բիծ, կարծում են փորձագէտները:

Սառցադաշտը չի փրկի նաեւ բաւականին քիչ հաւանական վերջին 30 տարում մոլորակին յատուկ կլիմայական պայմանների անփոփոխ մնալու սցենարը: Այս դէպքում այն 2100 թւականին կը փոքրանայ մէկ երրորդով: Իսկ եթէ պահպանւեն վերջին 10 տարւայ պայմանները, ապա Ալչիական սառցադաշտը կը զրկւի իր ներկայիս ծաւալի կէսից: «Սառցադաշտն այլեւս կլիմայի հետ հաւասարակշռութեան մէջ չէ»,- ամփոփել են գիտնականները:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։