Հա

Քաղաքական

05/03/2016 - 09:10

Հայաստանում քաղաքաբնակներն աւելի «անտրամադիր» են

Երկրի քաղաքական ներկայ վիճակից առաւել դժգոհ են 31-45 տարեկան, բարձրագոյն եւ բարձր կրթութիւն ունեցող կրկին արական սեռի ներկայացուցիչները, ովքեր ընդգրկւած են ամենացածր եկամտային խմբում: Մինչդեռ, երկրի տնտեսական ներկայ վիճակը ամենաքիչ գոհացնում է միջինից բարձր եկամուտ ունեցող ամենաբարձր տարիքային խմբի ներկայացուցիչներին:

ԼԻԼԻԹ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ
«IPSC» ընկերութեան վերլուծաբան


Արդեօք հասարակութիւնը տրամադրութիւն ունի՞: Հնարաւո՞ր է արդեօք այն չափել: Արդեօք կարելի՞ է ռացիոնալ արդիւնքներ ստանալ մի այնպիսի էմոցիոնալ երեւոյթի մասին, ինչպիսին տրամադրութիւնն է: Պատասխանը դրական է, այո՛: Աւելին, հասարակական տրամադրութեան ցանկացած դրսեւորում միանգամայն կանխատեսելի է, եւ ոչ թէ իրադարձութիւններն են պայմանաւորում հասարակութեան տրամադրութիւնը, այլ հակառակը՝ հասարակութեան տրամադրութիւնն է կանխորոշում հասարակական գործողութիւնների ընթացքը:
Տեսութիւնը, որի հիման վրայ պատրաստւել է այս յօդւածը, կոչւում է սոցիոնոմիկա (socionomics), իսկ Հայաստանի հասարակութեան տրամադրութիւնն ուսումնասիրելու համար 2014 թւականի փետրւարի 28-ից մարտի 6-ը զանգւածային հարցում ենք իրականացրել ՀՀ-ում, որին մասնակցել է 1612 հարցւող (567՝ մայրաքաղաքում, 1045՝ ՀՀ 10 մարզերում):


Հայաստանում «հասարակութեան տրամադրութիւնը» ընդհանուր առմամբ բացասական է
Հետեւելով մամուլի հրապարակումներին եւ շփւելով մարդկանց հետ՝ դժւար չէ ենթադրել, որ Հայաստանում մարդիկ, ընդհանուր առմամբ, աւելի հակւած են դժգոհ լինելու, ինչը, առաջին հայեացքից, ենթադրում է բացասական հասարակական տրամադրութիւն: Մեր կողմից իրականացւած հարցումները հնարաւորութիւն են ընձեռում ստանալ հասարակական տրամադրութեան ընդհանուր պատկերը անցեալի, ներկայի եւ ապագայի հանդէպ, ինչպէս նաեւ բացայայտել առաւել բացասական տրամադրութիւն ունեցող հասարակական խմբերն ըստ հետեւեալ չափորոշիչների՝ տարիք, սեռ, եկամուտ, կրթութիւն եւ բնակութեան վայր:
Եւ այսպէս, հասարակութիւնը Հայաստանում առաւելապէս դժգոհ է երկրի քաղաքական եւ տնտեսական ներկայ վիճակից: Ապագայի վերաբերեալ եւս տրամադրւածութիւնը, ընդհանուր առմամբ, բացասական է: Սակայն հարցւածների մեծամասնութիւնը դրական է արտայայտւել երկրում անվտանգութեան ոլորտում փոփոխութիւնների մասին. վերջինս միակ դատողութիւնն է, որի յարաբերական ցուցանիշը դրական տոկոս է կազմել՝ +40.4%:


Հայաստանում տղամարդիկ աւելի յոռետես են, քան կանայք
Ըստ սեռային բաշխւածութեան, երկրի վիճակի վերաբերեալ առաւել բացասական գնահատական տւած խումբը տղամարդիկ են, բացառութեամբ անվտանգութեան վերաբերեալ դատողութեան, որից, ընդհանուր առմամբ, հասարակութիւնը գոհ է, սակայն, սեռային տարբերութեամբ դիտարկելու դէպքում, պարզւում է, որ առաւել դժգոհ են կանայք: Կարելի է ենթադրել, որ կանայք Հայաստանում իրենց պակաս պաշտպանւած են զգում, քան տղամարդիկ, կամ բազմաթիւ այլ եզրայանգումներ անել այս դատողութեան շուրջ: Մի բան ակնյայտ է. սա կարեւոր գործօն է հասարակական տրամադրութիւնը դիտարկելիս:
Տնտեսութեան ոլորտում եւ քաղաքական դաշտում իրականացւած փոփոխութիւններից առաւել դժգոհ են ամենից բարձր եկամուտ ունեցող, բարձրագոյն եւ բարձր կրթութեամբ դարձեալ արական սեռի ներկայացուցիչները, ովքեր բնակւում են Երեւանում եւ այլ քաղաքային համայնքներում: Յատկանշական է, որ սոցիալ-դեմոգրաֆիական հէնց այս խմբին է վերագրւում «կրիտիկական զանգւած» կոչւածը եւ հասարակութեան այս խմբին է վերագրւում հասարակական անյարմարւողականութեան առաջնորդումը:


Հայաստանում քաղաքաբնակներն աւելի «անտրամադիր» են
Երկրի քաղաքական ներկայ վիճակից առաւել դժգոհ են 31-45 տարեկան, բարձրագոյն եւ բարձր կրթութիւն ունեցող կրկին արական սեռի ներկայացուցիչները, ովքեր ընդգրկւած են ամենացածր եկամտային խմբում: Մինչդեռ, երկրի տնտեսական ներկայ վիճակը ամենաքիչ գոհացնում է միջինից բարձր եկամուտ ունեցող ամենաբարձր տարիքային խմբի ներկայացուցիչներին:
Ապագայի նկատմամբ առաւել յոռետես տրամադրւած են ամենացածր եկամուտ ունեցող Երեւանի եւ այլ քաղաքների բարձրագոյն կրթութեամբ միջին տարիքի արական սեռի ներկայացուցիչները: Ըստ էութեան, քաղաքաբնակները աւելի դժգոհ են ու բացասական տրամադրւած, քան գիւղաբնակները: Այն հարցին, թէ «առաջիկայ տարիներին ինչպէ՞ս կը փոխւի Հայաստանի ընդհանուր վիճակը», հարցւողների 55.3%-ը պատասխանել է, որ կը վատանայ:

160305e04a

Հայաստանում կանայք առաւել շատ մտահոգւած են իրենց ներկայ կեանքով
Հարցումների արդիւնքում պարզւել է, որ հարցւածները յատկապէս դժգոհ են ընտանիքի ֆինանսական վիճակից: Հետաքրքրական է, որ ապագայի վերաբերեալ սպասելիքներն առաւել մեծ են ընտանիքի ընդհանուր վիճակի փոփոխութեան հանդէպ (յարաբերական ցուցանիշը կազմել է -5.5%)՝ երկրի ընդհանուր վիճակի փոփոխութեան ակնկալիքների հետ համեմատած (յարաբերական ցուցանիշը կազմել է -38.1%):
Ընտանիքի ներկայ եւ ապագայ բարեկեցութեան վերաբերեալ դատողութիւնների համաձայն, առաւել բացասական գնահատական տւած հասարակական շերտը ամենցածր եկամուտ ունեցող խումբն է (մինչեւ 40 հազար ՀՀ դրամ ամսական եկամուտ): Ըստ տարիքային խմբերի՝ ամենայոռետես են միջին եւ միջինից բարձր խմբերի ներկայացուցիչները:
Հայաստանում կանայք առաւել շատ մտահոգւած են իրենց ներկայ կեանքով, իսկ տղամարդիկ՝ ընտանիքի ներկայ ֆինանսական վիճակով եւ ապագայում ակնկալւող փոփոխութիւններով: Բոլոր երեք խմբերի կրթական ցենզը միջնակարգ եւ ցածր է:


Մեթոդաբանութիւնը
Այս յօդւածում հանրային տրամադրութիւնների չափումը իրականացւել է՝ հաշւի առնելով մի շարք ինդիկատորների արդիւնքները, որոնք խմբաւորւել են ըստ երկու մակարդակների: Հիմք ընդունելով մեր կողմից մշակւած ինդիկատորներից ստացւած տւեալները, կարելի է դուրս բերել մի շարք ընդհանուր դրոյթներ.
- Երկրի վիճակի վերաբերեալ առաւել բացասական տրամադրութիւն ունեցող խմբերը բարձր եւ բարձրագոյն կրթութեամբ Երեւանի եւ քաղաքային համայնքների արական սեռի բնակիչներ են:
- Ըստ սոցիալական բարեկեցութեան ինդիկատորների, առաւել բացասական գնահատական տւած խմբերը միջնակարգ եւ ցածր կրթութեամբ ամանացածր եկամտային խմբերի ներկայացուցիչներ են: Դա վկայում է, որ եկամուտն առաւել նշանակալից ներգործութիւն ունի մարդկանց ընդհանուր բաւարարւածութեան վրայ. մասնակի նշանակութիւն ունեն նաեւ սեռն ու տարիքը:
- Ըստ տարիքային խմբերի, միջին տարիքի ներկայացուցիչները, ովքեր իրենց կեանքում հասել են որոշակի դիրքի եւ ունեն ձեռքբերումներ, աւելի դժգոհ են իրենց սոցիալական բարեկեցութիւնից:


Սոցիոնոմիկայի տեսութիւնը
Հասարակական տրամադրութիւնը տարբերւում է մարդկանց ամենօրեայ անհատական տրամադրութիւնից, չնայած հասարակական եւ մարդկանց անհատական տրամադրութիւնները փոխկապակցւած երեւոյթներ են: Որոշ մարդիկ քրոնիկօրէն առաւել երջանիկ են, քան միւսները, եւ բնակիչների միջեւ անհատական տարբերութիւնները հաւանաբար եւս պայմանաւորում են հասարակական տրամադրութիւնը:
Հարկ է նաեւ նշել, որ հասարակական տրամադրութիւնների վերծանումը չի կարող միանշանակ լինել: Օրինակ, կարելի է ենթադրել, որ ապագայի նկատմամբ առաւել լաւատեսօրէն տրամադրւած մարդիկ երեխաներ ունենալու առաւել հաւանական ցանկութիւն կունենան, քան այն մարդիկ, ովքեր աւելի յոռետես են: Սակայն, այդ ցանկութիւնը չի կարող միանշանակ պայմանաւորւած լինել լաւատեսութեամբ կամ յոռետեսութեամբ, այլ՝ շատ տարբեր պատճառներով (կարիերայի աճ, ազգային/կրօնական պատկանելիութիւն եւ այլն):

«mediamax.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։