Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 06 Ապրիլի 2017 11:30

Ապրիլեան քառօրեայ հերոսամարտը. յաղթանա՞կ, թէ՞ պարտութիւն

Քառօրեայ մարտերը կարճաժամկէտ կտրւածքով կանխեցին վերահաս լայնամասշտաբ պատերազմը, տապալեցին բանակցային գործընթացում բեկում մտցնելու եւ լուծում պարտադրելու լծակ ստանալու` Բաքւի պլանները: Այս տեսանկիւնից, չնայած ցաւալի զոհերին, տարածքային կորուստներին, «քառօրեայ պատերազմը» հայկական կողմի համար մեծ չափով յաղթական էր:

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

    

Մէկ տարի առաջ` ապրիլի 5-ին, Մոսկւայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ Գլխաւոր շտաբների պետերը պայմանաւորւեցին դադարեցնել ապրիլի 2-ից արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծաւալւող ռազմական գործողութիւնները: Դրանք պատմութեան մէջ մտան որպէս ապրիլեան քառօրեայ պատերազմ:

Ցածր ինտենսիւութեամբ ռազմական գործողութիւնները շարունակւեցին մինչեւ ապրիլի 28-ը: Այդ մարտերում հայկական կողմը 100-ից աւելի զոհ ունեցաւ` ինչպէս խաղաղ բնակչութեան, այնպէս էլ ԶՈՒ-ի շարքերում: Հակառակորդի վերահսկողութեանն անցան Արցախի պաշտպանական գծի հիւսիսարեւելեան եւ հարաւային ուղղութեամբ երկու ազդեցիկ յենակէտեր, այդ հատւածներում ադրբեջանական կողմը մի քանի հարիւր մետրով առաջխաղացում ունեցաւ:

Այդ դրամատիկ, բայց նաեւ հերոսական դրւագներով իրադարձութիւններին մէկամեայ հեռաւորութիւնից սթափ հայեացք նետելով` կարելի է վստահ ասել, որ թէեւ 1994 թ. հրադադարի հաստատումից ի վեր սա ամենավտանգաւոր սրացումն էր, բայց դասական իմաստով այն պատերազմ չէր: Իրականում քառօրեայ այդ մարտերով հայկական բանակի զինւորներն ու սպաները, յետոյ` նաեւ կամաւորականները, սխրանքի, անանձնական նւիրման եւ ինքնազոհողութեան աներեւակայելի օրինակներ ցոյց տալով, կանխեցին հայկական պաշտպանական առաջնագիծը ճեղքելու եւ հիմնական հարւածային ուժերի ներխուժումն ապահովելու օպերացիան: Քառօրեայ մարտերը կարճաժամկէտ կտրւածքով կանխեցին վերահաս լայնամասշտաբ պատերազմը, տապալեցին բանակցային գործընթացում բեկում մտցնելու եւ լուծում պարտադրելու լծակ ստանալու` Բաքւի պլանները: Այս տեսանկիւնից, չնայած ցաւալի զոհերին, տարածքային կորուստներին, «քառօրեայ պատերազմը» հայկական կողմի համար մեծ չափով յաղթական էր:

Ադրբեջանի ունեցած միակ շոշափելի առաւելութիւնը հոգեբանական էր. մի քանի հարիւր մետր առաջխաղացումը բարձրացրեց հասարակութեան՝ դեռեւս Արցախեան պատերազմից ընկճւած մարտական ոգին եւ ինչ-որ առումով դարձաւ անտրամաբանական մեծ կորուստներն արդարացնելու միջոց: Մինչդեռ քառօրեայ պատերազմը հայկական կողմի համար լուծեց մի քանի մարտավարական խնդիրներ:

1. Հակառակորդի մօտ ջարդեց հայկական բանակի անմարտունակութեան, բարոյալքւածութեան մասին կարծրատիպը, ինչպէս նաեւ ձեւաւորւած խոր համոզմունքը, թէ սպառազինութեան հաշւին ունակ է մէկ հարւածով ծնկի բերել հայկական կողմին: Ադրբեջանի իշխանութիւնները եւ հասարակութիւնը հասկացան, թէ ինչ է արժենալու նոր պատերազմի սանձազերծումը:

2. Ձախողւած այդ յարձակումը թոյլ տւեց բացայայտել եւ չէզոքացնել առաջնագծում ու պաշպանութեան ամբողջ համակարգում եղած թոյլ օղակները, հասկանալ հակառակորդի տակտիկական առանձնայատկութիւնները:

3. Ադրբեջանը կորցրեց, այսպես կոչւած, «անակնկալի էֆեկտը»: Այդ մեթոդն այլեւս չի աշխատելու: Դրանում Ադրբեջանը թերեւս լիովին համոզւեց այս տարւայ փետրւարի 25-ին արցախեան ճակատում երկու ուղղութիւններով իրականացրած դիւերսիոն ներթափանցման անյաջող եւ իր համար մարդկային մեծ կորուստների հանգեցրած փորձերից յետոյ:

4. Դրդեց հայկական կողմին վերջապէս քայլեր ձեռնարկել ռազմական տեխնոլոգիական արդիւնաբերութեան ստեղծման, ներքին ռեսուրսների մոբիլիզացման փիլիսոփայութեան վրայ խարսխւած «ազգ-բանակ» կոնցեպցիան գործարկելու ուղղութեամբ: Մուլտիպլիկատիւ էֆեկտով այն կարող է ազդել բոլոր կենսական ոլորտների զարգացման վրայ:

5. Հասարակութեանը, յատկապէս` լրատւադաշտին սովորեցրեց` ինչ է հիբրիդային պատերազմը, բարձրացրեց զգօնութիւնը` հակառակորդի տեղեկատւական մանիպուլեացիոն թակարդներում չյայտնւելու առումով, սովորեցրեց ռազմաճակատային լրատւութեան հետ աշխատելու նրբութիւնները: Բանակի բաց տեղեկատւական քաղաքականութեան պայմաններում սա կարեւոր ձեռքբերում է՝ ոչ միայն տեղեկատւական անվտանգութեան, այլեւ տեղեկատւական «յարձակման» առումով: Այդ պատերազմից յետոյ բանակը հասարակութիւնից էլ աւելի կտրելու` Ադրբեջանի քաղաքականութեան պատճառով հայկական ԶԼՄ-ներն ու պաշտօնական աղբիւրներն ադրբեջանցիների համար ենթագիտակցօրէն դառնում են աւելի արժանահաւատ, քան սեփական պետութեան, պաշտպանական գերատեսչութեան տեղեկատւական պրոդուկտը: Իսկ դա Ադրբեջանի հասարակական տրամադրութիւններն աւելի կառավարելի դարձնելու միջոց է:

6. Ադրբեջանը մեծ հաշւով կորցրեց ԼՂ կարգաւորման գործընթացում պատերազմի շանտաժային խաղաքարտն օգտագործելու հեռանկարը: Չնայած ներկայիս փորձերին` այն այլեւս ո՛չ հայկական կողմի եւ ո՛չ էլ միջնորդ երկրների վրայ չի ազդում: Ադրբեջանն ապացուցեց, որ արցախեան հարցը ռազմական ճանապարհով լուծելն իր համար նոյնքան բարդ է, եթէ` ոչ աւելի, քան բանակցութիւններով: Ապրիլեան ձախողման պատճառով Բաքուն պատերազմական շանտաժի կիրառման առումով կորցրեց այնպիսի կարեւոր դաշնակցի, ինչպիսին Ռուսաստանն է: Նոր յարձակում, որն այս անգամ իսկապէս կարող է մեծամասշտաբ պատերազմի հանգել, Մոսկւան թոյլ տալ չի ցանկանում:

7. Այդ «պատերազմով», յատկապէս` դրա ընթացքում խաղաղ բնակիչների, գերեվարևած հայ զինծառայողների նկատմամբ իրականացրած գազանային յանցագործութիւններով Ադրբեջանը հասաւ նրան, որ ամրապնդեց միջազգային հանրութեան համոզմունքն Արցախն Ադրբեջանի ենթակայութեանը վերադարձնելու անթոյլատրելութեան հարցում:

8. Ամրապնդեց հայկական կողմի բանակցային դիրքերը: Արդէն 2016 թ. մայիսից ակնյայտ դարձաւ, որ հայկական կողմը փաստացի հրաժարւում է դրանց շուրջ բանակցութիւններից՝ դնելով հրադադարի լիակատար վերականգնման նախապայմանը: Ադրբեջանն ի վիճակի չէ դա կատարել, որովհետեւ դրանով էլ աւելի կամրապնդի առկա ստատուս քւօն: Արդիւնքում` գործընթացը մտել է կատարեալ փակուղի, որի պատասխանատուն է համարւում Բաքուն՝ հէնց ապրիլեան յարձակման արկածախնդրութեան պատճառով: Ստեղծւել է մի վիճակ, երբ Ադրբեջանը ոչ պատերազմ սկսելու «թոյլտւութիւն» է կարողանում ստանալ, ոչ էլ` արդիւնքի հասնել բանակցութիւններով:

Չնայած այս ամէնին` «ապրիլեան պատերազմը», որն աւելի ճիշտ կը լինի անւանել ապրիլեան քառօրեայ հերոսամարտ, երկարաժամկէտ հեռանկարում չի կանխել հնարաւոր մասշտաբային նոր պատերազմը: Դրա հաւանականութիւնը հիմա նոյնքան մեծ է, որքան անցած տարւայ ապրիլի 6-ին: Բայց այդ հերոսամարտը լուծեց ամենակարեւորը` ցոյց տւեց, որ Հայաստանում ապրող մարդը կարող է չլինել լաւ քաղաքացի, թերանալ լաւ պետութիւն կառուցելու գործում, բայց ամբողջ էութեամբ հայրենապաշտ է եւ հայրենապաշտպան: Ապրիլեան հերոսամարտն իրականում հայ հասարակութեանը հանեց ապրիլեան պատերազմի յաղթանակների դափնիների վրայ լեթարգիական քնի վիճակից:

«yerkir.am»

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ