Հա

Քաղաքական

15/11/2017 - 14:30

Սերժ Սարգսեանը ժամանել է Մոսկւա

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը ժամանել է Մոսկւա: 

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը ժամանել է Մոսկւա:

«Արմէնպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պատւիրակութեան կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմէն Գէորգեանը, ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը, ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը եւ այլ պաշտօնեաներ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն աշխատանքային այցով Մոսկվայում է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հրաւէրով: 

Նախատեսւած է, որ նախագահ Սարգսեանը հանդիպում կունենայ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետեակովեան պատկերասրահում կը մասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտօնական բացման հանդիսաւոր արարողութեանը, որը նւիրւած է ՀՀ եւ ՌԴ միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակին եւ Հայաստանի Հանրապետութեան ու Ռուսաստանի Դաշնութեան միջեւ Բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխադարձ օգնութեան մասին պայմանագրի ստորագրման 20-ամեակին: 

Նախագահ Սարգսեանը կայցելի նաեւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդարան եւ Սուրբ Պայծառակերպութիւն Մայր տաճար, որտեղ կը դիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացւած՝ թեմի հիմնադրման 300-ամեակին նւիրւած «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդէսը, կայցելի նաեւ եկեղեցական համալիրի տարածքում ներկայացւած ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդէս:

Հայաստանի մշակոյթի օրերի շրջանակում կը ներկայացւեն Հայաստանի մշակոյթն ու աւանդոյթները: Մշակութային միջոցառումներից բացի կանցկացւեն կրթական, լուսաւորչական միջոցառումներ` ընդգրկելով Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Նախատեսւած է Տիգրան Պետրոսեանի անւան շախմատային մրցաշար՝ դպրոցականների շրջանում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։