Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 14:10

Քաղաքագէտը՝ Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմաարդիւնաբերական համալիր ստեղծելու մասին. «Ադրբեջանի ցանկացած քայլ կապւած է ՀՀ-ի հետ»

Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Մանուէլ Սարգսեանին չի զարմացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից եռաչափ համագործակցութիւն է մեկնարկել, այս անգամ՝ Պակիստանի հետ: 

«alikonline.ir» - Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Մանուէլ Սարգսեանին չի զարմացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից եռաչափ համագործակցութիւն է մեկնարկել, այս անգամ՝ Պակիստանի հետ: Նա «tert.am»-ի հետ զրոյցում նկատեց, որ վերջին մի քանի շաբաթւայ ընթացքում տարածաշրջանում լուրջ փոփոխութիւններ են եղել, ինչն էլ պատճառ է դարձել, որ տարածաշրջանի երկրների կողմից տարբեր ձեւաչափեր ստեղծելու փնտրտուք սկսւի:

«Այդ ամէն ինչը սկսւեց Վիետնամում Ասիա-խաղաղովկիանոսեան տնտեսական գագաթնաժողովի շրջանակում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից ու ընդունւած համաձայնագրից, որը շատ էական էր. կարելի է ասել, որ շատ յստակ ճանաչւեց ՌԴ-ի դերն ու քաղաքականութիւնն այս տարածաշրջանում: Սրանից յետոյ բխեցին այլ գործողութիւններ տարբեր պետութիւնների կողմից՝ մենք տեսանք, որ Թուրքիան մեծ դժգոհութիւն յայտնեց, անգամ յայտարարեց, որ եթէ այդպէս է, ուրեմն թող ՌԴ-ն ու ԱՄՆ-ն իրենց զօրքերը հանեն Սիրիայից: Յետոյ հանդիպում եղաւ եռակողմ՝ ՌԴ-Իրան-Թուրքիա, մինչ այս Սոչի եկաւ Սիրիայի նախագահը եւ այլն: Այսինքն՝ կարեւորագոյն բաներ եղան, ու տարբեր հարցերի շուրջ համաձայնութիւնների եկան»,- ասաց նա:

Սարգսեանի խօսքով՝ շատ զսպող յայտարարութիւններ եղան ՌԴ-ի կողմից ԼՂՀ հիմնախնդրի հետ կապւած: Ըստ նրա՝ այս ամէնը բնական է, որ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային դուր չեկաւ, ու 2 պետութիւնները նաեւ յայտարարութիւն տարածեցին:

«Բնական է, որ այստեղ փորձեր են արւում ալտերնատիւ ֆորմատներ ստեղծել: Թուրքիան հիմա բաւականին բարդ վիճակում է՝ կապւած տարածաշրջանային գործընթացների, քրդական հարցի հետ, եւ իզուր չէ, որ նրանք ամէն կերպ փորձում են ՌԴ-ի հետ յարաբերութիւններ ստեղծել: Տարածաշրջանի 2 պետութիւնները՝ Իրանն ու Թուրքիան, ՌԴ-ի հետ փորձում են համագործակցել, որ ՌԴ-ն առնւազն չաջակցի քրդական շարժմանը»,- ընդգծեց Մանուէլ Սարգսեանը:

Քաղաքագէտը գտնում է, որ տարածաշրջանային գործընթացները պատահական չեն լինում, եւ համագործակցութեան նոր ձեւաչափերը ստեղծւում են այսօրւայ իրավիճակի պատճառով: Նա նշեց, որ սիրիական հակամարտութեան մէջ վերջին 1-2 տարւայ ընթացքում եղան գործընթացներ, որոնք լուրջ ազդեցութիւն թողեցին տարածաշրջանի, այդ թւում՝ նաեւ ՀՀ-ի համար:

«ՌԴ ու ԱՄՆ համաձայնութեան եկան, ինչից յետոյ ակտուալ դարձաւ քրդական խնդիրը: Մենք տեսանք, որ ԱՄՆ-ՌԴ որոշումները շատ աւելի լայն էին, քան սիրիական հարցի շուրջ համաձայնութեան գալը: Սա ազդեց եւ՛ ղարաբաղեան հակամարտութեան վրայ, եւ՛ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման վրա, եւ՛ եւրոպական ժողովրդավարական կուսակցութեան թեզերի վրայ, որտեղ ընդունեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, իսկ սա ամրապնդեց ՀՀ միջազգային դիրքերը՝ խնդիրներ ստեղծելով Ադրբեջանի համար: Իրանի հետ ՀՀ-ն համագործակցութիւնը խորացնում է, ազատ առեւտրի գօտի է ստեղծում եւ այլն: Բնականաբար, սրանից յետոյ Ադրբեջանը նոր ձեւաչափեր ու համագործակցութիւններ է որոնելու»,- շարունակեց Սարգսեանը:

Դիտարկմանը, որ Պակիստանն առաջարկել է Թուրքիային եւ Ադրբեջանին համատեղ ռազմաարդիւնաբերական համալիր ստեղծել, հնարաւո՞ր է՝ սա Հայաստանի դէմ գործի, Մանուէմ Սարգսեանն արձագանքեց. «Բա ո՞ւմ դէմ է գործելու, բացի Հայաստանից Ադրբեջանն այլ աշխարհ տեսնո՞ւմ է, Ադրբեջանի համար աշխարհը սկսում ու վերջանում է Հայաստանով: Ամէն քայլ, որ Ադրբեջանն անում է, ի վերջոյ, կապւած է լինում Հայաստանի հետ: Հիմա իրենց ոչ ոք հրթիռ չի տալիս ու յոյս ունեն միասնական ռազմարդիւնաբերական համալիր ստեղծել»:

Հարցին՝ անվտանգութեան հետ կապւած համագործակցութիւնները ՀՀ-ին կարո՞ղ են վտանգներից զերծ մնալու երաշխիք տալ, Մանուէլ Սարգսեանը պատասխանեց. «Շատ էական է, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն կոնկրետ դիրքորոշում ունեն, եւ այդ դիրքորոշումը համընկնում է ՌԴ-ի հետ, խօսքը ԼՂՀ խնդրի մասին է: ԼՂՀ խնդրիրն ուղիղ կապւում է ՀՀ անվտանգութեան հետ, եւ այս համատեքստում շատ էական է գերտերութիւնների համաձայնութիւնը: ՀՀ անվտանգութեան խնդրի հետ կապւած որեւէ տարբեր տեսակէտներ չեն եղել»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։