Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 16:30

Հայաստանը սադրանքների օղակում է. Կը յաջողւի՞ մարել ադրբեջանական կրքերը

Մերձկասպեան երկրների արտաքին քաղաքականութեան գերատեսչութիւնների ղեկավարների մոսկովեան խորհրդակցութիւնը, մեծ հաշւով, Հայաստանի հետ որեւէ կապ չունի։ Թէեւ տարածաշրջանը մօտ է, բայց ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական առումով կապ չունի Հայաստանի հետ։

«alikonline.ir» - «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Արման Վանեսքեհեանը մտորում է այն մասին, թէ Հայաստանն ինչ կապ ունի մերձկասպեան երկրների գագաթնաժողովի հետ, եւ հնարաւոր է արդեօ՞ք, որ Հայաստանին սադրանքներ ուղղւեն։

Յուսանք` Կասպից ծովի իրաւական կարգավիճակի կոնւենցիայի վերաբերեալ գագաթնաժողովը, որը նախատեսւած է յունւար-փետրւար ամիսներին, չի անդրադառնայ Հայաստանի վրայ։

Մերձկասպեան երկրների պետութիւնների ղեկավարների մասնակցութեամբ գագաթնաժողովի նախաշեմին, որը նախատեսւում է անցկացնել գալիք տարւայ սկզբին Ղազախստանում, այսօր Մոսկւայում հաւաքւել են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները։

Մերձկասպեան երկրների արտաքին քաղաքականութեան գերատեսչութիւնների ղեկավարների մոսկովեան խորհրդակցութիւնը, մեծ հաշւով, Հայաստանի հետ որեւէ կապ չունի։ Թէեւ տարածաշրջանը մօտ է, բայց ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական առումով կապ չունի Հայաստանի հետ։

Չհաշւած լոգիստիկ երկաթգծի երթուղին, որ Բաքուն կապում է Կարսի (այժմ` Թուրքիայի տարածք) հետ, կարող է Մոսկւայում քննարկումների թեմա դառնալ։ Այն էլ միայն այն համատեքստում, որ Թուրքմենստանն ու Ղազախստանը կարող էին օգտւել կասպեան լաստանաւից սեփական արտադրանքը Թուրքիա, այնուհետեւ Եւրոպա արտահանելու համար։

Թէեւ իրականում ծովային լոգիստիկ հատւածը կարող է թանկացնել Ղազախստանից եւ Թուրքմենստանից դէպի Արեւմուտք ճանապարհն այնքանով, որ գնային առումով այդ տրանսպորտային փոխադրումները չեն կարողանայ մրցակցել ռուսական տարածքներով Եւրոպա դուրս գալու հետ։

Ինչեւէ, Մոսկւայում դեկտեմբերի 4-ին եւ 5-ին անցկացւող խորհրդակցութեան վերաբերեալ հաղորդագրութիւնում այդ մասին ոչինչ գրւած չէ։ Սակայն այդ թեման, կարծես թէ, շոշափւելու է ամէն դէպքում։

Իսկ Մոսկւայի խորհրդակցութեան հիմնական նպատակը, փաստօրէն, Կասպից ծովի իրաւական կարգավիճակի կոնւենցիայի վերաբերեալ փաստաթղթերի նախապատրաստումն է, որը, ինչպէս նախատեսում են կողմերը, Ղազախստանում կը քննարկեն գալիք տարւայ սկզբին։

Կուլիսների յետեւում խօսում են, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն իսկապէս ծաւալուն գործ է անում, որպէսզի Կոնւենցիան վերջապէս ստորագրւի։

Բացի այդ, արտգործնախարարների ուշադրութիւնը կենտրոնացած կը լինի Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիայի վրայ, նաեւ Կասպից ծովում տարբեր ոլորտներում հնգակողմ համագործակցութիւնը կարգաւորող փաստաթղթերի վրայ, որոնք կը կարգաւորեն նաեւ տնտեսութիւնը, տրանսպորտը, ռազմական նաւագնացութիւնը, որսագողութեան դէմ պայքարը, նաւագնացութեան անվտանգութեան ապահովումը եւ այլն:

Արտգործնախարարները կը քննարկեն նաեւ տարածաշրջանային եւ միջազգային տարրերի հետ կապւած հարցեր։ Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ Հայաստանը կը յիշատակւի նաեւ արցախեան հիմնախնդրի համատեքստում։

Ադրբեջանը հնարաւոր ամէն տեղ «կեղծ» որոշումներ է առաջ տանում` յոյս ունենալով, որ ինչ-որ կերպ դրանք կանդրադառնան Արցախի վրայ։

Այդ առումով, հաւանաբար, Հայաստանը պէտք է խաղադրոյք կատարի այն հանգամանքի վրայ, որ ԵԱՏՄ դաշնակիցները` Ռուսաստանն (առաջին հերթին) ու Ղազախստանը, ճիշտ նոյնքան, որքան եւ տարածաշրջանային դաշնակից ու հարեւան Իրանը, թոյլ չեն տայ, որ արցախեան հարցի շուրջ բորբոքւեն ադրբեջանական կրքերը, որոնք իրականում կասպեան պայմանաւորւածութիւնների հետ որեւէ կապ չունեն։

Առաւել եւս, որ Թուրքմենստանն իր շահերն ունի, որոնք մեր տարածաշրջանում կոնկրետ Հայաստանի հետ են կապւած։

Եւ ուզում եմ յուսալ, որ դէպքերի նման զարգացման պարագայում Ղազախստանում յունւար-փետրւար ամիսներին սպասւող Կասպեան գագաթնաժողովին ՍԾՏՀ ԽՎ 50-րդ յոբելեանական նիստի ժամանակ կիեւեան գագաթնաժողովում տեղի ունեցածի պէս մէկ այլ սադրանք չի լինի։

Հասկանալի է, որ այդ ամօթալի սադրանքը հայկական պատւիրակութեան դէմ միացեալ ուժերով կազմակերպել էին Թուրքիան, Ուկրայինան եւ Ադրբեջանը։ Միջազգային ԶԼՄ-ները բազմիցս գրել են այդ սադրանքի մասին եւ թէ ինչ որոշում էր այնտեղ կայացւում կազմակերպութեան 25-ամեակին նւիրւած հռչակագրի վերաբերեալ։

Գրել էին նաեւ, թէ ինչպէս են լուրջ տիկնայք եւ պարոնայք (պետական պատւիրակութիւնների ներկայացուցիչները) իրենց հայ գործընկերներից գաղտնի խորհրդակցութիւնների սենեակ սողոսկում։ Եւ այնտեղ արդէն որոշում կայացնում տարածաշրջանային հակամարտութիւնների վերաբերեալ, որն «ամբողջովին հակասում է միջազգային իրաւունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրաւունքի սկզբունքներին» (մէջբերում հայկական պատւիրակութեան յայտարարութիւնից)։

Սակայն հարցն ամենեւին էլ կատարւածի մանրամասները չեն. դրանով ստիպւած կը լինեն զբաղւել սադրանքի կազմակերպիչները։

Արցախեան դիմակայութիւնը եւ Ղրիմի շուրջ ստեղծւած իրավիճակն, ըստ էութեան, տարբեր հակամարտութիւններ են

Բանն այն է, որ տեղի ունեցածը յստակ ցոյց է տալիս, թէ ինչ ջանքեր է գործադրում ադրբեջանական կողմը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ իր դիրքորոշումն առաջ տանելու համար ցանկացած հարթակ օգտագործելու հարցում։ Ընդ որում` օգտագործում է քաղաքական դաշտում բոլոր հնարաւոր ու անհնար, թոյլատրւած եւ անթոյլատրելի ձեւերը։ Ջանում են, օրինակ, արցախեան հակամարտութիւնը հաւասարեցնել Ղրիմի շուրջ ստեղծւած իրավիճակին, թէեւ գրեթէ բոլոր վերլուծաբաններ եւ փորձագէտները վստահեցնում են, որ դրանք, ըստ էութեան, բացարձակ տարբեր խնդիրներ են։

Իրականում ՍԾՏՀ ԽՎ-ի նիստի գլխաւոր դերակատարներն Ուկրայինան եւ նրան միացած Ադրբեջանն էին։ Նրանք օգտւեցին, որ կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի պարտականութիւններն իրականացնում է Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամաւոր Ասաֆ Հաջիեւը, իսկ ՍԾՏՀ ԽՎ-ի կանոնակարգի համաձայն` 2017 թւականի յուլիսին կազմակերպութեան նախագահութիւնը 6 ամսով ստանձնել է Ուկրայինայի գերագոյն ռադան։

Հաւանաբար, սա բաւարար պայման էր, որ ոչ միայն ռուսական պատւիրակութեանը չհրաւիրեն յոբելեանական վեհաժողովին, այլեւ յայտարարեն, որ հայկական պատւիրակութիւն կատարում է ռուս գործընկերների գործառոյթները։

Դէ, ընդհանուր առմամբ, ընկերոջ բացակայութեան պարագայում նրա շահերը պաշտպանելը, մեծ հաշւով, ամոթալի չէ նոյնիսկ գլոբալ քաղաքականութեան մէջ։ Այնպէս որ ի սկզբանէ արդէն պարզ էր, որ փոփոխութիւնները, որոնք մտցնում էր ուկրայինական պատւիրակութիւնը «Ժողովրդական ճակատի» պատգամաւոր Լիւդմիլա Դենիսովայի գլխաւորութեամբ, հայկական պատւիրակութիւնը չի ընդունի։

Առաւել եւս, որ ընդունւած սահմանումները ոչ միայն կենսունակ չեն, այլեւ ամոթալի։ Եւ հայերն, իհարկէ, միանշանակ դէմ էին քւէարկելու։ Ինչն էլ, հաւանաբար, պէտք էր ադրբեջանական պատւիրակութեանը։

Ահա այսպիսի բազմաքայլ սադրանք էին կազմակերպել Ուկրայինան, Ադրբեջանն ու նրանց սատարող Թուրքիան։

Միւս կողմից` ամէն դէպքում հասկանալի չէ, թէ ինչ անմիջական կապ ունեն ՍԾՏՀ ԽՎ-ի հետ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք նոյնիսկ Սեւ ծովի ափ դուրս գալուց են զրկւած։ Սակայն այդ մասին կը խօսենք մէկ ուրիշ անգամ, մօտ ապագայում։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։