Հա

Քաղաքական

13/01/2018

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանգել է ամերիկեան հեռուստատեսութեամբ հնչած «կեղտոտ հայ» արտայայտութեանը

ԱՄՆ-ի հայ համայնքը բացատրութիւն է պահանջում հումորային ալիքներից մէկով «կեղտոտ հայեր» սկանդալային արտայայտութեան համար։ 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի հայ համայնքը բացատրութիւն է պահանջում հումորային ալիքներից մէկով «կեղտոտ հայեր» սկանդալային արտայայտութեան համար։ Գրում է «Sputnik» Արմենիան:

ԱՄՆ-ի հայ համայնքը միջոցներ է ձեռնարկում, որպէսզի ապագայում բացառի ամերիկեան հեռուստատեսութեամբ հայ ժողովրդի հասցէին անյարգալից արտայայտութիւնները, «Sputnik» Արմենիային հաղորդեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը` անդրադառնալով ամերիկեան հումորիստ, հաղորդավար Թրեւոր Նոայի արտայայտութեանը։

Բալայեանն ընդգծեց, որ Թրեւորի «The Daily Show» ծրագիրը հումորային է, իսկ աղմկայարոյց արտայայտութիւնը հնչել է ոչ թէ որպէս վիրաւորանք, այլ հակառակը` անյաջող խօսքի օրինակ։

Այնուամենայնիւ, Բալայեանը նշեց` քանի որ «կեղտոտ հայ» արտայայտութիւնը մեծ հասարակական արձագանգ է առաջացրել Հայաստանում եւ աշխարհի այլ երկրների հայկական սփիւռքում, ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկում ալիքից պարզաբանում ստանալու համար։

Նշենք, որ ամերիկեան երգիծական «The Daily Show»-ի հաղորդավար Թրեւոր Նոան հերթական անգամ իր հաղորդման մէջ քննադատելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին` օգտագործել է «կեղտոտ հայ» բառակապակցութիւնը, որը դժգոհութիւն է առաջացրել հայկական ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում։

Հայկական մեդիան եւ սոցիալական ցանցերի օգտատէրերը` յատկապէս «Facebook»-ի, մեծամասամբ համարել են, որ Թրեւոր Նոան վիրաւորել է հայ ժողովրդին։ Սակայն հաղորդավարը չի վիրաւորել հայերին, այլ միայն կատակով յիշատակել է նրանց հումորային օրինակում, որում կոչ է արել բացայայտել ԱՄՆ-ի նախագահի հիմարութիւնը։

Նոան բացայայտ ծաղրել է ամերիկեան առաջնորդին` կասկած յայտնելով նրա մտաւոր ընդունակութիւնների մէջ։ Մասնաւորապէս, քննարկման առարկայ են դարձել Թարմփի վերջին թւիթները, որոնցում նա առանց ամաչելու ինքն իրեն անւանել է խելքով եւ հանճարեղութեամբ օժտւած մարդ։

​«Կեանքում իմ երկու կարեւորագոյն ակտիւներն են մտաւոր կայունութիւնը եւ իսկական ինտելեկտը։ Ես ճանապարհ եմ անցել յաջողակ գործարարից, TV-ի աստղից մինչեւ ԱՄՆ նախագահ (առաջին փորձից)։ Ենթադրում եմ, որ դա ոչ միայն խելք է, այլ նաեւ հանճարեղութիւն, ընդ որում` կայուն»,- գրել է Թրամփը երկու թւիթներում։

Մեկնաբանելով այդ արտայայտութիւնը` Թրեւոր Նոան նշել է, որ Թրամփի խօսքերը շատ ծիծաղելի են։

«Միայն Դոնալդ Թրամփը, փաստարկներ ներկայացնելով ի պաշտպանութիւն իրեն, կարող է նոյն նախադասութեան մէջ լիովին արժեզրկել իր եզրահանգումները։ Ասենք` դա նոյնն է, եթե ինչ-որ մէկն ասի. «Ես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրէք այդ կեղտոտ հային»»,- ասել է Թրեւոր Նոան։

Դոնալդ Թրամփին քննադատելու համատեքստում հայերին մէջբերելն ակնարկ է, որ ԱՄՆ նախագահն անհանդուրժողական վերաբերմունք ունի ներգաղթեալների հանդէպ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։