Հա

Քաղաքական

25/04/2018 - 11:00

Ինչը եւ ովքեր ստիպեցին հեռանալ

Մեր աղբիւրները ներկայացնում են վերջին օրերի խրոնիկան։ Տեւական ժամանակ յատուկ ծառայութիւնների եւ ոստիկանութեան ղեկավարները «փափուկ բարձ» են դրել Սերժ Սարգսեանի գլխի տակ, թէ՝ խնդիր չկայ, բողոքողների քանակը մեծ չի, «էսա ինքնիրան կը մարի», հանգստացրել են, թէ՝ տիրապետում ենք իրավիճակը եւ այլն։ Յետոյ երբ բանը բանից անցել է, համոզել են Սերժ Սարգսեանին, որ «խնդիրը Նիկոլն է»՝ Նիկոլին մեկուսացնենք, մի օրում կը ճնշենք, կաւարտւի։

«alikonline.ir» - Մեր աղբիւրները ներկայացնում են վերջին օրերի խրոնիկան։ Տեւական ժամանակ յատուկ ծառայութիւնների եւ ոստիկանութեան ղեկավարները «փափուկ բարձ» են դրել Սերժ Սարգսեանի գլխի տակ, թէ՝ խնդիր չկայ, բողոքողների քանակը մեծ չի, «էսա ինքնիրան կը մարի», հանգստացրել են, թէ՝ տիրապետում ենք իրավիճակը եւ այլն։ Յետոյ երբ բանը բանից անցել է, համոզել են Սերժ Սարգսեանին, որ «խնդիրը Նիկոլն է»՝ Նիկոլին մեկուսացնենք, մի օրում կը ճնշենք, կաւարտւի։ Անգամ մերձաւոր շրջապատից ոչ ոք ռիսկ չի արել «բացել» Սերժ Սարգսեանի աչքերը։ Միայն երկու մարդ են իրականութիւնը ներկայացրել այնպէս, ինչպէս կայ եւ առաջարկել են դիմում գրել ու գնալ։ Մէկը Արցախի նախագահ Բակօ Սահակեանը եւ միւսը՝ ՀՅԴ ղեկավար Հրանտ Մարգարեանը։

Մեզ պատմեցին, որ Սերժ Սարգսեանի վերջին յոյսը եղել է Ղարաբաղը եւ Ղարաբաղի բանակը, որը կարող է ամենավճռական պահին աջակցել իրեն ու իր ներկայութեամբ վախի մթնոլորտ ստեղծել եւ ցրել ցուցարարներին, ինչպէս արեցին 2008-ին, սակայն Բակօ Սահակեանը բոլորովին այլ դիրքորոշում է ունեցել։ Նա այցելել է Սերժ Սարգսեանին եւ ուղղակի առաջարկել՝ մօտեցիր պատուհանին եւ տես, թէ ինչ է կատարւում, յանուն երկրի՝ պէտք է հրաժարական տաս։ Աւելի ուշագրաւ է եղել ՀՅԴ-ի պահւածքը։ Երբ նախօրէին գլխաւոր դատախազը միջնորդութիւն է ուղարկել ԱԺ՝ պատգամաւորներ Նիկոլ Փաշինեանին, Արարատ Միրզոյեանին եւ Սասուն Միքայէլեանին անձեռնմխելիութիւնից զրկելու պահանջով եւ ՀՀԿ-ում յայտարարւել է համընդհանուր մոբիլիզացիա՝ անգամ գործուղումներից են յետ կանչել պատգամաւորներին, որ քւորում ապահովեն եւ կալանքի սանկցիաները տան, ԱԺ ՀՅԴ խմբակցութիւնն անսպասելիօրէն յայտարարել է, որ՝ իրենք կողմ չեն քւէարկելու։ Ապա Հրանտ Մարգարեանը մտել է Սերժ Սարգսեանի մօտ, համոզել, որ նման ծայրայեղ քայլի չգնան ու խնդրել է իրեն թոյլատրեն այցելել Նիկոլին՝ կալանավայրում։ Նիկոլ Փաշինեանի ու Հրանտ Մարգարեանի հանդիպումը բաւականին ջերմ է եղել եւ Մարգարեանը նրան հաւատացրել է, որ իրենց համար կարեւորը երկրի շահն է՝ իրենք պատրաստ են ամեն ինչով աջակցել համաժողովրդական շարժմանը։

Եւ վերջապէս, այս բոլոր յորդորներն ու իրադարձութիւնները կարող էին անպտուղ անցնել, եթէ չլինէր վերջին կաթիլը՝ բանակը չսկսէր անցնել ցուցարարների կողմը։ Երբ Կրկեսի մօտ գտնւող Խաղաղարար գնդից մի խումբ ծառայողներ են յայտնւել ցուցարարների կողքին եւ ազատամարտիկներ՝ զինւորականների համազգեստներով, Սերժ Սարգսեանը հասկացել է, որ համառելն ու հրաժարական չտալը կարող են շատ աւելի վատ հետեւանքներ ունենալ, իսկ ինքը չի կարող կրկնել 2008-ը եւ կրակելու հրաման տալ՝ այս անգամ փողոցում երիտասարդութիւնն է եւ իրեն դա երբեք ու ոչ ոք չի ների։

ԱՆԻ ԱՌԱՔԵԼԵԱՆ
«Հրապարակ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։