Հա

Քաղաքական

04/02/2019 - 11:25

Գոհար Իսկանդարեան. «Փաշինեանի՝ Իրան այցի ժամանակ պէտք է դեկլարատիւ բնոյթի յայտարարութիւններից բացի ներկայացւեն քայլեր կոնկրետ խնդիրների լուծման համար»

 Իրանագէտ Գոհար Իսկանդարեանի խօսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Իրան կատարւելիք պաշտօնական այցի ժամանակ քննարկւելու են երկու երկրների յարաբերութիւններում եղած համագործակցութեան հեռանկարները:

«alikonline.ir» - Իրանագէտ Գոհար Իսկանդարեանի խօսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Իրան կատարւելիք պաշտօնական այցի ժամանակ քննարկւելու են երկու երկրների յարաբերութիւններում եղած համագործակցութեան հեռանկարները: Նա «Tert.am»-ի հետ զրոյցում նշեց՝ այդ հարցերից առաջնահերթային են Հայաստան-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աւարտը, Մեղրի ՀԷԿ-ի շինարարութիւնը եւ Հայաստանը Իրանի համար ցամաքային այլընտրանքային ճանապարհ դարձնելու հարցերը:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւն այցի հրաւէր եղել է, երբ Նիկոլ Փաշինեանը յեղափոխութիւնից յետոյ ընտրւել էր վարչապետի պաշտօնակատար: Հանգամանքների բերումով յետաձգւեց այցը, սակայն երկու երկրների ղեկավարների միջեւ առաջին հանդիպումը եղաւ սեպտեմբերին ՄԱԿ-ում: Այն ժամանակ էլ քննարկումներ եղան տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցութեան վերաբերեալ,- ասաց նա՝ յիշատակելով, որ այդ ժամանակ էլ Իրանի նախագահ Ռոհանին Փաշինեանին հրաւիրեց իր երկիր,- արդէն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ վարչապետ ընտրւած Փաշինեանը Գերմանիայում յայտարարեց, որ փետրւարի 27-ին պաշտօնական այցով լինելու է Իրանում` երկու երկրների օրակարգում եղած խնդիրների շուրջ բանակցութիւններ վարելու»:

Գոհար Իսկանդարեանը մատնանշեց՝ Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւններում իր ծանրակշիռ տեղն ունի էներգետիկ ոլորտը: «Կարծում եմ՝ քննարկումներ կը ծաւալւեն յատկապէս Մեղրիի ՀԷԿ-ի հետ կապւած. փաստաթղթային դաշտն ամբողջութեամբ պատրաստ է, բայց գործընթացն առաջ չի գնում: Երկու երկրների յարաբերութիւններում կարեւոր է նաեւ ճանապարհների հետ կապւած խնդիրները լուծելը՝ Հայաստանի միջոցով՝ ցամաքային ճանապարհով Պարսից ծոցը Սեւ ծովին միացնելու, բեռնափոխադրումներ անելու համար»,- ասաց նա:

Իրանագէտը նաեւ նշեց, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նաեւ կը ցանկանայ լսել ԼՂ հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ Նիկոլ Փաշինեանի մօտեցումների մասին: «Բնականաբար, Ռոհանին Փաշինեանին կը ներկայացնի Իրանի տնտեսական վիճակը: Կանդրադառնան ԱՄՆ-ի կողմից կիրառւող պատժամիջոցներին, Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու խնդրին եւ այլն, ինչպէս նաեւ կը խօսեն Սիրիայում Իրանի գործողութիւնների եւ Հայաստանի՝ ռուսական զօրախմբի հետ միասին Սիրիայում խաղաղապահ առաքելութեան մասին»,- ասաց նա:

Գոհար Իսկանդարեանը, անդրադառնալով հայ-իրանական քաղաքական յարաբերութիւններին, նկատեց, որ երկու երկրների միջեւ միշտ եղել են քննարկումներ տարածաշրջանային խնդիրների վերաբերեալ եւ տարւայ ընթացքում փորձել են նոյն խնդիրներին միանման արձագանքել:

«Իրանի նկատմամբ կոշտ միջոցներ են ձեռնարկւում, եւ հարեւան Հայաստանը միջազգային հարթակներում քւէարկութիւնների ժամանակ միշտ փորձել է կա՛մ Իրանին կողմ քւէարկել, կա՛մ եթէ անելանելի վիճակում է, չէզոքութիւն է պահպանել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ մեր դիւանագէտների աշխատանքը պէտք է ուղղւած լինի նրան, որ Իրանն ի վերջոյ գնահատի Հայաստանի նման քաղաքականութիւնը: «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինեանը եւս պէտք է ներկայացնի, որ նաեւ Հայաստանում կազմակերպութիւններ կան, որ յայտնւել են պատժամիջոցների տակ, պէտք է դա ներկայացւի, որ Իրանում համապատասխան հետեւութիւն անեն»,- ասաց նա՝ նկատելով, որ ի վերջոյ, պէտք է հասկանալի լինի, որ այս պարագայում երկու երկրները պէտք է համագործակցեն միմեանց հետ՝ ի շահ երկուսի, այլ ոչ թէ մէկի:

Իրանը, ըստ նրա, իրականում ունի մեծ ներուժ Հայաստանի տնտեսական ոլորտը զարգացնելու համար: «Եթէ Նիկոլ Փաշինեանին յաջողւի քննարկումների եւ բանակցութիւնների արդիւնքում մի քանի անուն ապրանքների մաքսատուրքերն իջեցնել, բաւական խթան կը լինի հայ-իրանական առեւտրաշրջանառութեանը»,- ասաց նա՝ նկատելով, որ իրանական մաքսատուրքերի բարձր լինելու պատճառով մինչեւ հայկական ապրանքը հասնում է իրանական շուկայ, շահաւէտ չի լինում այն վաճառելը, քանի որ գինը շատ թանկ է:

Իսկ հարցին, արդեօք իրականում Իրանը ցանկանում է դիտարկել Հայաստանը՝ որպէս տարանցիկ երկիր Սեւ ծով դուրս գալու համար, Գոհար Իսկանդարեանը պատասխանեց՝ անշուշտ, Իրանը ցանկանում է արտաքին աշխարհ դուրս գալու համար այլընտրանքներ ունենալ:

«Իրանն իր ապրանքները դէպի Եւրոպա հիմնականում տեղափոխում է Թուրքիայի միջոցով: Իրան-Ադրբեջան երկաթուղու հարցն էլ կայ, սակայն Հայաստանն էլ Իրանի կողմից դիտարկւում է որպէս այլընտրանքային ճանապարհ: Այսօրւայ ճանապարհներով փորձ եղել է Գերմանիայից ապրանքներ Իրան տեղափոխելու, ինչը, կարծես թէ, ձեռնտու էր բոլոր կողմերի համար էլ»,- ասաց նա՝ նշելով, որ նման համագործակցութիւնը, այնուամենայնիւ, ենթադրում է, որ հայաստանեան ճանապարհները աւելի բարեկարգւած պէտք է լինեն:

Ըստ Գոհար Իսկանդարեանի՝ Իրանին Հայաստանն անհրաժեշտ է նաեւ այնքանով, որ տարիների ընթացքում համոզւել է, որ որպէս հիւսիսային հարեւան վստահելի է: «Գիտակցում է, որ եթէ անգամ Իրանը խնդիրներ ունենայ, Հայաստանը չի «անդամակցի» իր դէմ քաղաքականութեանը: Հայաստանի շնորհիւ իր հիւսիսային սահմանների ապահովութիւնը շատ բարձր է գնահատում Իրանը»,- ասաց նա:

Ամփոփելով զրոյցը՝ Գոհար Իսկանդարեանը յոյս հայտնեց, որ Նիկոլ Փաշինեանի՝ Իրան այցի ժամանակ իսկապէս կը քննարկւեն երկու երկրների օրակարգում առկայ եւ տարիներ շարունակ չիրագործւած ծրագրերը, եւ դրանց կեանքի կոչելու համար քայլեր կը ձեռնարկւեն:

«Պէտք է պաշտօնական այցի ժամանակ ոչ միայն դեկլարատիւ բնոյթի յայտարարութիւններ լինեն, որ ինչ-որ հարցերի շուրջ համաձայնութեան են եկել, այլ նաեւ ներկայացւեն կոնկրետ քայլեր կոնկրետ խնդիրների լուծման համար: Վերջին տասը տարիների ընթացքում չենք կարող յստակ նշել, որ հայ-իրանական յարաբերութիւնները վերընթաց են ապրել: Դիցուք՝ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարութիւնն է աւարտին մօտենում, բայց այստեղ էլ խնդիրներ կան, որոնք պէտք է լուծւեն վերին էշելոններում: Պէտք է խնդիրները լուծւեն, եւ առաջ գնանք»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։