Հա

Քաղաքական

05/02/2019 - 12:40

Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնների քայլերի հետեւանքով ՀՀ-ն յայտնւել է ծուղակում, որից ելքը կարող է լինել աւելի կոշտ ճնշումները ՀՀ-ի վրայ»

Արցախի շուրջ բանակցութիւնների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հետ հանդիպումների, Արցախի իշխանութիւնների դիրքորոշման, ԱՄՆ-ի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Ջան Բոլթոնի հեռախօսազանգերի եւ այլ հարցերի շուրջ «Tert.am»-ը զրուցել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանի հետ:

«alikonline.ir» - Արցախի շուրջ բանակցութիւնների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հետ հանդիպումների, Արցախի իշխանութիւնների դիրքորոշման, ԱՄՆ-ի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Ջան Բոլթոնի հեռախօսազանգերի եւ այլ հարցերի շուրջ «Tert.am»-ը զրուցել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանի հետ:

 

- Պարոն Ենոքեան, վերջերս Արցախի շուրջ քննարկումները բուռն են, ինչը պայմանաւորւած է իրար յաջորդող իրադարձութիւններով։ Արտգործնախարարութիւնների հանդիպումը չորս ժամանոց, այնուհետեւ Դաւոսում Փաշինեան-Ալիեւ հանդիպումը, Բոլթոնի զանգը եւ այլն։ Այս ամէնին դեռեւս առանձին կանդրադառնանք, բայց ի՞նչ է կատարւում Արցախի շուրջ եւ որքանո՞վ է կատարւածը թափանցիկ։

- Հիմնականը, թերեւս, այն է, որ ՀՀ-ում նոր իշխանութիւն է եկել, այդ իշխանութիւնն ունի չափազանց բարձր լեգիտիմութիւն եւ փորձում են հետաքրքրւած կողմերն օգտագործել այդ փաստը եւ վերսկսել բանակցութիւնները եւ միգուցէ օգտագործել նաեւ այլ հանգամանքներ թէ՛ ՀՀ իշխանութիւնների հետ կապւած, թէ՛ տարածաշրջանային զարգացումների:

 

- Նախքան իշխանութեան գալը Նիկոլ Փաշինեանը խոստանում էր չբանակցել Ալիեւի հետ առանց Արցախի։ Որքանո՞վ են իրար համապատասխանում Փաշինեանի բազմաթիւ յայտարարութիւններն ու հանդիպումները։

- Դրա համար էլ Փաշինեանն ասում է՝ չի բանակցում, ուղղակի զրուցում են:


 
- Արդեօ՞ք պասիւ ու մի փոքր մի կողմ քաշւածի դերում չեն Արցախի իշխանութիւնները։ Այս պահի դրութեամբ ի՞նչ դիրքորոշում ունեն Արցախի իշխանութիւնները երկրի շուրջ իրադարձութիւնների վերաբերեալ, եւ ի՞նչ յարաբերութիւններ ունեն նրանք ՀՀ իշխանութիւնների հետ: 

- Դե մենք տեսնում ենք, որ չնայած խոստմանը՝ Արցախն ակտիւօրէն ներգրաււած չէ այս պրոցեսներում, կարծես թէ Արցախի իշխանութիւնների հետ ՀՀ իշխանութիւնների կոնսուլտացիաները աւելի սակաւ են, քան նախկինում, եւ քանի որ Արցախը չունի արտայայտւելու այլ կերպ, քան ՀՀ իշխանութիւնների միջոցով, այս առումով նրանց արտայայտչաձեւը աւելի պասիւ է թւում:

Բայց Արցախի իշխանութիւնները չեն փոխել իրենց դիրքորոշումը:

 

- Պարոն Ենոքեան, հռետորաբանութիւն չի փոխւել ՀՀ իշխանութիւնների մօտ վերջերս, առաւել կոշտացում չկա՞յ, օրինակ` Փաշինեանն ասում ՝ ո՞վ է ասել, որ փոխզիջումների հարցին պատասխանող առաջին սուբիեկտը ՀՀ-ն է: Կարծես, թէ նախկինում Ալիեւին այլ նկարագիր էր տալիս, դրական մօտեցում էր, այժմ հռետորաբանութեան փոփոխութիւն նկատո՞ւմ էք:

- Այո, վերջին մի քանի օրերին նկատում եմ հռետորաբանութեան կոշտացում, եղան յայտարարութիւններ թէ՛ ներսում, թէ՛ Գերմանիայում: Երկու պատճառ կարելի է բերել: Չմոռանանք, որ այս ամէնը եղաւ ներքին լուրջ քննարկումների, միգուցէ մեդիայի կողմից ճնշումների արդիւնքում: Հռետորաբանութիւնն ուղղւած է նաեւ ներքին լսարանին, տեսէք՝ հռետորաբանութիւնը փոխւեց ներքին կոնսուլտացիաների արդիւնքում, ոչ Փաշինեան-Ալիեւ հանդիպումներից յետոյ: Իսկ միւս տարբերակն այն է, որ ՀՀ իշխանութիւնները հասկանում են, որ այժմ իրենք չեն կարող գնալ այդպիսի զիջումների: Բայց եթէ անգամ Փաշինեանը փորձի կտրուկ փոխել իր դիրքորոշումը միջազգային հարթակներում, հռետորաբանութիւնը, կրկին մենք խնդիր ունենք, որովհետեւ այս ընթացքում ՀՀ իշխանութիւնները կատարել են քայլեր, որով ՀՀ-ն յայտնւել է ծուղակում: Յանկարծ ՀՀ իշխանութիւնները յիշեցին, որ չի կարելի այդ ճանապարհով գնալ, բայց մենք յայտնւել ենք ծուղակում եւ այդ ծուղակից հեշտ չի դուրս գալը: Ծուղակը ե՛ւ դիւանագիտական է, ե՛ւ ռազմաքաղաքական. այս ընթացքում Ադրբեջանը բաւականին լուրջ առաջ է գնացել իր ռազմաքաղաքական շինարարութեան մէջ, մինչդեռ մենք, հաւատարիմ մնալով հրադադարին, լռել ենք եւ թոյլ ենք տւել այնտեղ նրանց ամրացումը: Միգուցէ այս ծուղակից ելքը կարող է լինել աւելի կոշտ ճնշումները ՀՀ-ի վրայ:



- Ճնշումներ ո՞ւմ կողմից:

- Ադրբեջանի կողմից, միջազգային հանրութեան կողմից եւ ոչ միայն դիւանագիտական, չի բացառւում, որ նաեւ կը լինեն ռազմական ճնշումներ, որից յետոյ ՀՀ իշխանութիւնները կը յայտնեն, որ իրենք ստիպւած են գնալու զիջումների: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։