Հա

Քաղաքական

05/02/2019 - 13:00

Չոտնձգե՛լ մեր ազգային-պետական սրբութիւններին

Օրերս հեռուստատեսութեամբ դիտեցի ԱԺ փոխխօսնակ Ալէն Սիմոնեանի ելոյթ-առաջարկը ՀՀ պետական օրհներգը փոխելու եւ, փաստօրէն, Խորհրդային Հայաստանի օրհներգը վերականգնելու մասին: Լսեցի եւ խիստ մտահոգւեցի ու զայրացայ: Վերջին երկու-երեք տասնամեակում այս էլ քանի անգամ, երբ իշխանափոխութիւն է կատարւում, նման մի հարց է բարձրացւում: Ժողովրդական մի յայտի խօսք կայ, թէ` ա'յ տղայ, երկրի բոլոր երգերը երգել ես, մնում է միայն «Սարի սմբուլը»:

Արարատ Յակոբեան

 

Օրերս հեռուստատեսութեամբ դիտեցի ԱԺ փոխխօսնակ Ալէն Սիմոնեանի ելոյթ-առաջարկը ՀՀ պետական օրհներգը փոխելու եւ, փաստօրէն, Խորհրդային Հայաստանի օրհներգը վերականգնելու մասին: Լսեցի եւ խիստ մտահոգւեցի ու զայրացայ: Վերջին երկու-երեք տասնամեակում այս էլ քանի անգամ, երբ իշխանափոխութիւն է կատարւում, նման մի հարց է բարձրացւում: Ժողովրդական մի յայտի խօսք կայ, թէ` ա'յ տղայ, երկրի բոլոր երգերը երգել ես, մնում է միայն «Սարի սմբուլը»:

Տնտեսական յեղափոխութեան նպատակ դրած կուսակցութեան ներկայացուցիչն այժմ փորձում է ոտնձգել մեր պետական խորհրդանիշերից` «Մեր Հայրենիք» օրհներգին: Իմ տպաւորութեամբ` այդ երիտասարդն իր բոլշեւիկ պապերից ժառանգած կարոտախտ ունի` վերադառնալու կոմունիստական «երանելի» ժամանակներին, որ այդպէս էլ չկայացաւ եւ, որպէս պատմութեան անախրոնիզմ, փլուզւեց ու վերացաւ:

Յիշեցնեմ, որ ՌԴ-ում Պուտին-Զուգեանով տանդեմը կարողացաւ ելցինեան շրջանում ռուսական օրհներգը հեշտութեամբ փոխարինել ԽՍՀՄ տէրութեան օրհներգով: Այդ նոյն հոգեբանութեամբ, ամէն ինչում կրկնելով ռուսներին, փորձ է արւում նոյնն անել Հայաստանում: Սա եւս ցոյց է տալիս, որ հայն անկախ Հայաստանում հոգեբանօրէն դեռեւս անկախ չէ:

Երբ խօսւում է մեզանում պետականօրէն ընդունւած ազգային-պետական օրհներգի կամ միւս խորհրդանիշերի մասին, այստեղ արդէն չեն կարեւորւում լաւ ու վատ տեքստն ու երաժշտութիւնը: Դա արդէն դառնում է երկրորդական հարց: Այս դէպքում արդեն խօսում է պատմութիւնը, ազգի ազատութեան, պայքարի ու հարատեւելու ոգի մարմնաւորող թեման: Բոլորիս է յայտնի, որ «Մեր Հայրենիք»-ը փոխառնութեամբ գրել է ազատութեան մեր մեծագոյն երգիչը: Շատ հնարաւոր էր, որ նոյնիսկ մի հասարակ գեղջուկ գրեր հայենաշունչ, ազգային ոգի արտայայտող մի բանաստեղծութիւն, եւ դա այնքան սիրւէր ժողովրդի կողմից, որ հետագայում դառնար պետական օրհներգ:

Պէտք է նկատի առնել, որ «Մեր Հայրենիք»-ը մարմնաւորում է հայ ժողովրդի դարաւոր ազգային-ազատագրական պայքարն իր ազատութեան եւ անկախութեան համար: 19-րդ դարի երկրորդ կէսին այդ գաղափարի հետագայ վիպական ու բանաստեղծական մարմնաւորողները եղան Րաֆֆին, Պատկանեանը, Ծերենցը եւ միւսները: «Մեր Հայրենիք»-ը որդեգրեցին դարաւերջին ձեւաւորւած հայ ազգային երեք կուսակցութիւնները, առաջին հերթին` ՀՅԴ-ն: «Մեր Հայրենիք»-ը շուրթերին` կռւում ու զոհւում էին հայ ֆիդայիները: Ինքնապաշտպանական կռիւների ժամանակ այն ոգի եւ շունչ էր տալիս հայ մարտիկներին: «Մեր Հայրենիք»-ը եղել է ժողովրդական ամենասիրւած երգը: Աշխարհամարտի տարիներին ռուսական բանակում ծառայող Անդրանիկի, Դրոյի եւ միւսների կամաւորական խմբերն այդ երգով էին գնում Հայրենիքն ազատագրելու: Արդէն օրհներգ դարձած այդ երգով էին կռւում Սարդարապատում ու Բաշ Ապարանում: Եւ, բնականաբար, Հայոց եռագոյնի հետ «Մեր Հայրենիք»-ը դարձաւ Առաջին Հանրապետութեան խորհրդանիշը: Առաջին անգամ 1918թ. օգոստոսի 1-ին` ՀՀ խորհրդարանի բացմանը օրը, բազմահազարանոց մարդկանց ներկայութեամբ զօրահանդէս անցկացւեց, եւ զինւորական երգչախումբը հնչեցրեց «Մեր Հայրենիք»-ը: Ականատես` բժիշկ Մելիքեանն իր յուշերում նկարագրում է, որ այդ պահին հուզմունքից ոչ միայն իր, այլեւ հաւաքւած բազում մարդկանց աչքերից արտասուքի կաթիլներ էին հոսում: «Մեր Հայրենիք»-ով ու Եռագոյնով մեծ տօնահանդէս կատարւեց նաեւ 1919թ. մայիսի 28-ին` Հայաստանի անկախութեան առաջին տարեդարձի կապակցութեամբ, որտեղ էլ վարչապետ Ալեքսանդր Խատիսեանը ընթերցեց «Միացեալ եւ Անկախ Հայաստանի» հռչակագիրը:

Հանրապետութեան անկումից յետոյ խորհրդային-կոմունիստական իշխանութիւնները 70 տարի ուժով ու սպառնալիքով մոռացութեան մատնեցին «Մեր Հայրենիք»-ը: Սակայն այն Եռագոյնի հետ շարունակեց պահպանւել ու երգւել գաղթաշխարհում` ազգային տօնակատարութիւնների ժամանակ, հայկական կրթօջախներում, հասարակական ու մարզական կազմակերպութիւններում:

Արդէն նորանկախ Հայաստանում կրկին որդեգրւեցին Առաջին Հանրապետութեան խորհրդանիշերը, քանզի մերօրեայ անկախ Հայաստանը Առաջին Հանրապետութեան ուղղակի հոգեւոր ժառանգորդն ու իրաւայաջորդն է` իր ողջ արժէհամակարգով: Մեր կարծիքով` երկրորդ հանրապետութիւն կոչւած Խորհրդային Հայաստանն օտարի կողմից հայ ժողովրդին պարտադրւած արհեստական պատւաստ էր, քաղաքական ու տնտեսական համակարգ, թերեւս` պատմական մի անախրոնիզմ: Քաղաքական առումով ՀՍԽՀ կոչւածն ընդամէնը ԽՍՀՄ կայսրութեան մի նահանգ էր` ոչ ինքնիշխան, ինքնուրոյն, ոչինչ չորոշող, որտեղ, սակայն, հայաստանաբնակներն իրենց ինքնութեանը յատուկ աշխատում ու արարում էին: Երբ ոմանք ասում են` Երկրորդ Հանրապետութիւն, դա պէտք է հասկանալ յարաբերական իմաստով: Այն ժամանակ Հայաստանն անկախ ու ազատ էր այնքանով, որքանով մեր օրերում ազատ ու անկախ են Թաթարստանն ու Բաշկորտոստանը ՌԴ-ում:

Այնպէս որ` մեծագոյն սխալ է հրաժարւել Հայաստանի ներկայիս օրհներգից եւ դարձ կատարել թէկուզեւ երգահան Արամ Խաչատրեանի երաժշտութեամբ Խորհրդային Հայաստանը փառաբանող օրհներգին: Շեշտում եմ` դա քաղաքական, հոգեւոր, նոյնիսկ տնտեսական առումներով դարձ է դէպի խորհրդային ժամանակները, որի համար տակաւին երազում ու պայքարում են քաղաքականապէս տգետ մարդկանց որոշ հատւածներ:

Յիշեցնեմ` «Մեր Հայրենիք»-ի չի կարելի վերագրել ՀՅԴ-ին: Դա մեր ժողովրդի դարերի ու յատկապէս մէկուկէս դարի ազատութեան, անկախութեան, անկոտրում կամքի ու ոգու, պետականութեան վերականգնման խօսք ու երգի գեղարւեստական արտացոլումն է: Իսկ քանի որ այդ պայքարի գաղափարական ու կազմակերպական ղեկավար գլխաւոր ուժը եղել է ՀՅԴ-ն, ուստի այն, կամա թէ ակամա, կապւում է Դաշնակցութեան հետ, քանզի հայոց աւելի քան մէկ դարի պատմութիւնն անհնարին է պատկերացնել առանց Դաշնակցութեան: Յիշեցնեմ, որ օրհներգի դէմ պայքարողները չեն լինի, սակայն «Մեր Հայրենիք»-ն ու ՀՅԴ-ն ժողովրդի հետ կը լինեն ու կը հարատեւեն:

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • Յայտարարութիւն ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի
    Յայտարարութիւն ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի

    Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ԱՄՆ Արեւելեան շրջանի 121-րդ Շրջանային ժողովը իր խիստ վրդովմունքը կ'արտայայտէ այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնութեան որոշ ներկայացուցիչներ, Խորհրդարանի փոխ-նախագահի գլխաւորութեամբ, իրենց լիազօրութիւնները գերազանցելով, արտախորհրդարանական հարթակներու վրայ ՀՀ օրհներգը փոխելու հարցը դարձուցած են քննարկումի առարկայ։

  • Աւետիք Իշխանեան. «Գուցէ հիմնը փոխելու նախաձեռնութիւնն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է»
    Աւետիք Իշխանեան. «Գուցէ հիմնը փոխելու նախաձեռնութիւնն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է»

    Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է հիմնի տեքստի համար Ալէն Սիմոնեանի կողմից յայտարարւած մրցոյթին։

    Իշխանեանը գրել է. «ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանն անդրդւելի է։ Հաւանաբար նա մանկուց երազել է լինել ՀՀ հիմնի հիմնադիր, որ իր անունը յաւէրժ մնայ հայոց պատմութեան մէջ։

  • Իշխանութեան կողմէ ՀՀ ազգային օրհներգը լուծարելու ծրագիրը կրկին օրակարգի վրայ
    Իշխանութեան կողմէ ՀՀ ազգային օրհներգը լուծարելու ծրագիրը կրկին օրակարգի վրայ

    Բոլոր երեւոյթները այսօր ցոյց կու տան, որ ՀՀ Ազգային Օրհներգը լուծարելու ծրագիրը պատահական քմայքի ծնունդ չէ։ Ան Ազգային Ժողովի Փոխ-Նախագահ Ալէն Սիմոնեանի բարդոյթներէն ծնած սոսկ նախաձեռնութիւն մը չէ։ Անոր ետին գոյութիւն ունի մէկ ամբողջ հաստատութիւն (establishment) իր կանխամտածուած ռազմավարութեամբ, որուն նպատակն է լուծարել ոչ միայն Օրհներգը, ոչ միայն աղաւաղել ազգային Եռագոյնը եւ ՀՀ Զինանշանը, այլեւ հարազատ այս խորհրդանիշներով մարմնաւորուած մեր անկախ պետականութեան ազգային գաղափարախօսութի՛ւնը։

  • Կրկին օրհներգի մասին
    Կրկին օրհներգի մասին

    Այս հարցին կրկին անդրադառնալու մտադրութիւն չունեինք, բայց ինչպէս երեւում է, պետական օրհներգի փոփոխութեան ստւերային ջատագովները նահանջելու մտադրութիւն չունեն: Այո՛, «ստւերային», որովհետեւ ակնյայտ է (որքան էլ այդ մասին բարձրաձայն չասւի), որ օրհներգի փոփոխութեան հարցը ԱԺի երիտասարդ փոխնախագահի մտայղացումը չէ, դա նրան համոզել են որոշ «բարձր մտաւորականներ»: Իսկ այդ «բարձր մտաւորականների» հետաքրքութիւնները, ինչպէս մէկ անգամ արդէն նշել ենք, տարբեր են եւ ոչ միշտ են անկեղծ:

  • «Փաստ». «Ֆէյսբուքեան նամականի. պայքա՞ր, թէ՞ «բառդակ» իշխանութեան ներսում»
    «Փաստ». «Ֆէյսբուքեան նամականի. պայքա՞ր, թէ՞ «բառդակ» իշխանութեան ներսում»

    «Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի պետական օրհներգի փոփոխութեան մասին քննարկումները բաւականին հետաքրքիր շերտեր բացայայտեցին ոչ միայն հասարակութեան եւ իշխանութեան գեղագիտական մօտեցումների եւ դրանց միջեւ առկայ համաձայնութիւնների ու հակասութիւնների, այլեւ հէնց իշխանութեան ներսում եղած հակասութիւնների առումով: Օրհներգի փոփոխութիւնն, իհարկէ, առիթ էր, պատճառն աւելի խորքային է: Այդ առիթը, սակայն, ցոյց տւեց, թէ ինչպիսին է իշխանութեան ներքին խոհանոցը: 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։