Print this page
05/02/2019 - 13:00

Չոտնձգե՛լ մեր ազգային-պետական սրբութիւններին

Օրերս հեռուստատեսութեամբ դիտեցի ԱԺ փոխխօսնակ Ալէն Սիմոնեանի ելոյթ-առաջարկը ՀՀ պետական օրհներգը փոխելու եւ, փաստօրէն, Խորհրդային Հայաստանի օրհներգը վերականգնելու մասին: Լսեցի եւ խիստ մտահոգւեցի ու զայրացայ: Վերջին երկու-երեք տասնամեակում այս էլ քանի անգամ, երբ իշխանափոխութիւն է կատարւում, նման մի հարց է բարձրացւում: Ժողովրդական մի յայտի խօսք կայ, թէ` ա'յ տղայ, երկրի բոլոր երգերը երգել ես, մնում է միայն «Սարի սմբուլը»:

Արարատ Յակոբեան

 

Օրերս հեռուստատեսութեամբ դիտեցի ԱԺ փոխխօսնակ Ալէն Սիմոնեանի ելոյթ-առաջարկը ՀՀ պետական օրհներգը փոխելու եւ, փաստօրէն, Խորհրդային Հայաստանի օրհներգը վերականգնելու մասին: Լսեցի եւ խիստ մտահոգւեցի ու զայրացայ: Վերջին երկու-երեք տասնամեակում այս էլ քանի անգամ, երբ իշխանափոխութիւն է կատարւում, նման մի հարց է բարձրացւում: Ժողովրդական մի յայտի խօսք կայ, թէ` ա'յ տղայ, երկրի բոլոր երգերը երգել ես, մնում է միայն «Սարի սմբուլը»:

Տնտեսական յեղափոխութեան նպատակ դրած կուսակցութեան ներկայացուցիչն այժմ փորձում է ոտնձգել մեր պետական խորհրդանիշերից` «Մեր Հայրենիք» օրհներգին: Իմ տպաւորութեամբ` այդ երիտասարդն իր բոլշեւիկ պապերից ժառանգած կարոտախտ ունի` վերադառնալու կոմունիստական «երանելի» ժամանակներին, որ այդպէս էլ չկայացաւ եւ, որպէս պատմութեան անախրոնիզմ, փլուզւեց ու վերացաւ:

Յիշեցնեմ, որ ՌԴ-ում Պուտին-Զուգեանով տանդեմը կարողացաւ ելցինեան շրջանում ռուսական օրհներգը հեշտութեամբ փոխարինել ԽՍՀՄ տէրութեան օրհներգով: Այդ նոյն հոգեբանութեամբ, ամէն ինչում կրկնելով ռուսներին, փորձ է արւում նոյնն անել Հայաստանում: Սա եւս ցոյց է տալիս, որ հայն անկախ Հայաստանում հոգեբանօրէն դեռեւս անկախ չէ:

Երբ խօսւում է մեզանում պետականօրէն ընդունւած ազգային-պետական օրհներգի կամ միւս խորհրդանիշերի մասին, այստեղ արդէն չեն կարեւորւում լաւ ու վատ տեքստն ու երաժշտութիւնը: Դա արդէն դառնում է երկրորդական հարց: Այս դէպքում արդեն խօսում է պատմութիւնը, ազգի ազատութեան, պայքարի ու հարատեւելու ոգի մարմնաւորող թեման: Բոլորիս է յայտնի, որ «Մեր Հայրենիք»-ը փոխառնութեամբ գրել է ազատութեան մեր մեծագոյն երգիչը: Շատ հնարաւոր էր, որ նոյնիսկ մի հասարակ գեղջուկ գրեր հայենաշունչ, ազգային ոգի արտայայտող մի բանաստեղծութիւն, եւ դա այնքան սիրւէր ժողովրդի կողմից, որ հետագայում դառնար պետական օրհներգ:

Պէտք է նկատի առնել, որ «Մեր Հայրենիք»-ը մարմնաւորում է հայ ժողովրդի դարաւոր ազգային-ազատագրական պայքարն իր ազատութեան եւ անկախութեան համար: 19-րդ դարի երկրորդ կէսին այդ գաղափարի հետագայ վիպական ու բանաստեղծական մարմնաւորողները եղան Րաֆֆին, Պատկանեանը, Ծերենցը եւ միւսները: «Մեր Հայրենիք»-ը որդեգրեցին դարաւերջին ձեւաւորւած հայ ազգային երեք կուսակցութիւնները, առաջին հերթին` ՀՅԴ-ն: «Մեր Հայրենիք»-ը շուրթերին` կռւում ու զոհւում էին հայ ֆիդայիները: Ինքնապաշտպանական կռիւների ժամանակ այն ոգի եւ շունչ էր տալիս հայ մարտիկներին: «Մեր Հայրենիք»-ը եղել է ժողովրդական ամենասիրւած երգը: Աշխարհամարտի տարիներին ռուսական բանակում ծառայող Անդրանիկի, Դրոյի եւ միւսների կամաւորական խմբերն այդ երգով էին գնում Հայրենիքն ազատագրելու: Արդէն օրհներգ դարձած այդ երգով էին կռւում Սարդարապատում ու Բաշ Ապարանում: Եւ, բնականաբար, Հայոց եռագոյնի հետ «Մեր Հայրենիք»-ը դարձաւ Առաջին Հանրապետութեան խորհրդանիշը: Առաջին անգամ 1918թ. օգոստոսի 1-ին` ՀՀ խորհրդարանի բացմանը օրը, բազմահազարանոց մարդկանց ներկայութեամբ զօրահանդէս անցկացւեց, եւ զինւորական երգչախումբը հնչեցրեց «Մեր Հայրենիք»-ը: Ականատես` բժիշկ Մելիքեանն իր յուշերում նկարագրում է, որ այդ պահին հուզմունքից ոչ միայն իր, այլեւ հաւաքւած բազում մարդկանց աչքերից արտասուքի կաթիլներ էին հոսում: «Մեր Հայրենիք»-ով ու Եռագոյնով մեծ տօնահանդէս կատարւեց նաեւ 1919թ. մայիսի 28-ին` Հայաստանի անկախութեան առաջին տարեդարձի կապակցութեամբ, որտեղ էլ վարչապետ Ալեքսանդր Խատիսեանը ընթերցեց «Միացեալ եւ Անկախ Հայաստանի» հռչակագիրը:

Հանրապետութեան անկումից յետոյ խորհրդային-կոմունիստական իշխանութիւնները 70 տարի ուժով ու սպառնալիքով մոռացութեան մատնեցին «Մեր Հայրենիք»-ը: Սակայն այն Եռագոյնի հետ շարունակեց պահպանւել ու երգւել գաղթաշխարհում` ազգային տօնակատարութիւնների ժամանակ, հայկական կրթօջախներում, հասարակական ու մարզական կազմակերպութիւններում:

Արդէն նորանկախ Հայաստանում կրկին որդեգրւեցին Առաջին Հանրապետութեան խորհրդանիշերը, քանզի մերօրեայ անկախ Հայաստանը Առաջին Հանրապետութեան ուղղակի հոգեւոր ժառանգորդն ու իրաւայաջորդն է` իր ողջ արժէհամակարգով: Մեր կարծիքով` երկրորդ հանրապետութիւն կոչւած Խորհրդային Հայաստանն օտարի կողմից հայ ժողովրդին պարտադրւած արհեստական պատւաստ էր, քաղաքական ու տնտեսական համակարգ, թերեւս` պատմական մի անախրոնիզմ: Քաղաքական առումով ՀՍԽՀ կոչւածն ընդամէնը ԽՍՀՄ կայսրութեան մի նահանգ էր` ոչ ինքնիշխան, ինքնուրոյն, ոչինչ չորոշող, որտեղ, սակայն, հայաստանաբնակներն իրենց ինքնութեանը յատուկ աշխատում ու արարում էին: Երբ ոմանք ասում են` Երկրորդ Հանրապետութիւն, դա պէտք է հասկանալ յարաբերական իմաստով: Այն ժամանակ Հայաստանն անկախ ու ազատ էր այնքանով, որքանով մեր օրերում ազատ ու անկախ են Թաթարստանն ու Բաշկորտոստանը ՌԴ-ում:

Այնպէս որ` մեծագոյն սխալ է հրաժարւել Հայաստանի ներկայիս օրհներգից եւ դարձ կատարել թէկուզեւ երգահան Արամ Խաչատրեանի երաժշտութեամբ Խորհրդային Հայաստանը փառաբանող օրհներգին: Շեշտում եմ` դա քաղաքական, հոգեւոր, նոյնիսկ տնտեսական առումներով դարձ է դէպի խորհրդային ժամանակները, որի համար տակաւին երազում ու պայքարում են քաղաքականապէս տգետ մարդկանց որոշ հատւածներ:

Յիշեցնեմ` «Մեր Հայրենիք»-ի չի կարելի վերագրել ՀՅԴ-ին: Դա մեր ժողովրդի դարերի ու յատկապէս մէկուկէս դարի ազատութեան, անկախութեան, անկոտրում կամքի ու ոգու, պետականութեան վերականգնման խօսք ու երգի գեղարւեստական արտացոլումն է: Իսկ քանի որ այդ պայքարի գաղափարական ու կազմակերպական ղեկավար գլխաւոր ուժը եղել է ՀՅԴ-ն, ուստի այն, կամա թէ ակամա, կապւում է Դաշնակցութեան հետ, քանզի հայոց աւելի քան մէկ դարի պատմութիւնն անհնարին է պատկերացնել առանց Դաշնակցութեան: Յիշեցնեմ, որ օրհներգի դէմ պայքարողները չեն լինի, սակայն «Մեր Հայրենիք»-ն ու ՀՅԴ-ն ժողովրդի հետ կը լինեն ու կը հարատեւեն:

«Yerkir.am»

Յարակից լուրեր