Հա

Քաղաքական

23/04/2019 - 10:30

Բանակցային իրական գործընթացի հումանիտար քողարկումը

Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կայացած առաջին ու դեռեւս վերջին հանդիպմանը ապրիլի 15-ին Մոսկւայում յաջորդեց Մնացականեան-Մամեդեարով հանդիպումը՝ համանախագահների մասնակցութեամբ եւ Սերգէյ Լաւրովի հիւրընկալութեամբ: Ինչպէս միշտ, այս հանդիպումից յետոյ հրապարակւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ արտգործնախարարների համատեղ յայտարարութիւնը, որն իր բովանդակութեամբ տարբերւում էր նախորդներից ակնյայտ հումանիտար բնոյթով:

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ

 

Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կայացած առաջին ու դեռեւս վերջին հանդիպմանը ապրիլի 15-ին Մոսկւայում յաջորդեց Մնացականեան-Մամեդեարով հանդիպումը՝ համանախագահների մասնակցութեամբ եւ Սերգէյ Լաւրովի հիւրընկալութեամբ: Ինչպէս միշտ, այս հանդիպումից յետոյ հրապարակւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ արտգործնախարարների համատեղ յայտարարութիւնը, որն իր բովանդակութեամբ տարբերւում էր նախորդներից ակնյայտ հումանիտար բնոյթով: Վերահաստատելով երկրների ղեկավարների պայմանաւորւածոթիւնները՝ արտգործնախարարները պայմանաւորւել են երկուստէք կոնկրետ քայլեր ձեռնարկել գիւղատնտեսական աշխատանքներին չխոչընդոտելու, կալանքի տակ գտնւող անձանց հարազատների եւ լրագրողների` փոխադարձութեան սկզբունքով այցելութիւններ կազմակերպելու վերաբերեալ:

Առաջին հայեացքից ակնյայտ է դրական առաջընթացը կոնկրետ պայմանաւորւածութիւնների առումով, բայց հարցի խորքային դիտարկումն առաջ է բերում անհանգստութիւնների մի ամբողջ շղթայ: Բանն այն է, որ Մինսկի խմբի շրջանակներում արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացած հանդիպման ընթացքում անխուսափելիօրէն քննարկւած պէտք է լինէր կոնկրետ քաղաքական օրակարգ, որի մասին, ըստ էութեան, արձագանք չկայ տարածւած յայտարարութեան մէջ: Քաղաքական օրակարգի քննարկման վերաբերեալ յայտարարութեան բացակայութիւնը կարող է ունենալ երկու բացատրութիւն`

1) բանակցային գործընթացում առկայ է քաղաքական վակուում կողմերի հակադիր դիրքորոշումների պատճառով,

2) քննարկւող քաղաքական օրակարգի թէկուզ դիւանագիտական հանրայնացումը կողմերից մէկի կամ երկուսի համար յղի է ներքաղաքական խառնաշփոթ ստեղծելու վտանգով:

Յիշեալ իրավիճակներից որեւէ մէկի առկայութեամբ կարելի է միայն բացատրել Մինսկի խմբի համանախագահութեան` այդչափ հումանիտար յայտարարութիւնը, որն, ամենայն հաւանականութեամբ, արւել է բանակցային իրական գործընթացը կամ բանակցային վակուումը քողարկելու նպատակով:

Բանակցային վակուումի մասին կարծիքներն ամրապնդւում են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւնների` տրամագծօրէն հակառակ դիրքորոշմամբ, օրինակ, Արցախի՝ բանակցային գործընթաց վերադառնալու մասով: Ամէն դէպքում, չնայած պաշտօնական Երեւանի հաւաստիացումներին, թէ առանց Արցախի ներգրաււածութեան բանակցային գործընթաց չի իրականանալու, պէտք է նկատել, որ բանակցութիւններ իրականում ընթանում են, ընդ որում` սովորականից աւելի ինտենսիւօրէն: Իսկ բանակցային գործընթացում մեզ համար բացասական զարգացումների մասին է վկայում նաեւ այն, որ հայկական կողմը սովորականից աւելի պասիւ է յայտարարութիւնների ու հարցազրոյցների մակարդակում, մինչդեռ ռուսական ու ադրբեջանական կողմերը շատ ակտիւ են: Լաւրովն արդէն իսկ խօսել է վերջին հանդիպման ընթացքում 2-3 տարի առաջ ձեւաւորւած բանակցային փաթեթի քննարկման մասին, ինչը փորձագիտական հանրոյթում յայտնի է «Լաւրովի պլան» անւանումով, եւ որն, ի թիւս այլնի, ենթադրում է նաեւ ազատագրւած տարածքների վերադարձ: Թէ հայկական կողմն ինչքանո՞վ է համաձայնել տարիներ առաջ մշակւած պլանի այս կամ այն մանրամասին, իհարկէ, յոյժ գաղտնի է, այդ մասին խօսել է նաեւ Լաւրովը:

Երկրների ղեկավարների Վիեննայի եւ արտգործնախարարների Մոսկւայի հանդիպումները, ըստ էութեան, տեղաւորւում են «պաշտօնական բանակցութիւնների» վերաբերեալ ՀՀ վարչապետի պատկերացումների մէջ: Քանի որ, երբ գործող իշխանութիւնները մեղադրւում էին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի 2016թ. գագաթաժողովների համաձայնութիւնները կորստեան մատնելու մէջ, վարչապետը հակադարձում էր, թէ Երեւանը չի հրաժարւել այդ պայմանաւորւածութիւններից, եւ դրանք քննարկման առարկայ են դառնալու, այսպէս կոչւած, «պաշտօնական բանակցութիւնների ժամանակ»՝ ակնարկելով իր եւ Ալլեւի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափում: Այժմ արդէն պարզ է, որ Հայաստանի ղեկավարութիւնը, ցաւօք, անդարձ կորցրել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնները, ինչը դիւանագիտական ու քաղաքական այն գինն էր, որն Ադրբեջանը վճարեց ապրիլեան պատերազմի սանձազերծման համար:

Քննարկման այլ հարց է բանակցային գործընթացում Արցախի ներգրաւումը: Գործող իշխանութիւնները բանակցութիւնների տրամաբանութեան վրայ որեւէ դրական ազդեցութիւն չեն ունեցել, աւելին` առաւել քան երբեւէ դժւարացել է Արցախի՝ բանակցային գործընթաց վերադարձը: Ի դէպ, հասարակութեան եւ քաղաքական շրջանակների աչքից հմտօրէն քողարկւեց նաեւ գործող կառավարութեան ծրագրում Արցախի՝ բանակցային գործընթաց վերադարձի վերաբերեալ այն ձեւակերպումը, թէ` «Արցախը պէտք է որոշիչ ձայն եւ ներգրաււածութիւն ունենայ իրական եւ տեւական խաղաղութեան հաստատմանն ուղղւած հանգուցալուծման գործընթացում»: Հարց է առաջանում` յեղափոխական կառավարութիւնը պատրաստւում է Արցախին բանակցային գործընթաց ուղեկցել կոնֆլիկտի հանգուցալուծմա՞ն ժամանակ, թէ՞ բանակցային ամբողջ գործընթացին մասնակցելու համար… Սա էլ քննարկման այլ նիւթ է:

Ամփոփելով` նշենք, որ բանակցային գործընթացում եւ, ընդհանրապէս, Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրում կատարւում են հասարակութիւնից հմտօրէն քողարկւող խորքային գործընթացներ, որոնց հրապարակայնացումը գործող իշխանութիւնների համար յղի է Հայաստանում, Արցախեան հիմնախնդրով պայմանաւորւած, նոր քաղաքական կոնիւնկտուրա ձեւաւորելու մտավախութեամբ:

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։